կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-27 17:42
Հասարակություն

Պատմության ամենասոսկալի եղելությունները. Հենրի Մորգենթաու (մաս 1)

Պատմության ամենասոսկալի եղելությունները. Հենրի Մորգենթաու (մաս 1)

Yerkir.am-ը ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի` 1965 թվականի Բ-Դ համարում տպագրված` 1913-1916 թթ. Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հոդվածը Հայոց ցեղասպանության մասին: Որպես ականատես` հետագայում իր գրած աշխատություններում նա բազմիցս անդրադարձել է Ցեղասպանության հիմնական դրդապատճառներին ու հետևանքներին: Սույն հոդվածն աոաջին անգամ հրապարակվել է ամերիկյան «The Red Crօss» հասարակական հանդեսի 1918 թվա­կանի համարում, այնուհետև Փարիզում` ֆրանսերեն լեզվով` առանձին գրքույկով: Ֆրանսերենից այն թարգմանել է Վ. Տ. Գևորգյանը:

Քիչ երկրներ են այնքան խոշտանգման են­թարկվել, որքան Հայաստանը: Այն հարատև դաժանությունները, որոնց նա զոհ գնաց, եղել են այն աստիճան զարհուրելի, որ մեզանից շատերի համար հենց Հայաստան անունը ստացել է նահատակ բառի համազոր նշանակություն: Ներկա աղետալի իրադար­ձության պայմաններում նրա կրած տառա­պանքները գերազանցեցին աշխարհի պատ­մության մեջ արձանագրված բոլոր տեսակի արհավիրքները: Արդի պատերազմում երկ­րագնդի տարբեր մասերում իրագործված ամենասոսկալի չարիքներից և ոչ մեկը չի կա­րող համեմատվել այն ահավոր ու ողբերգա­կան եղեռնի հետ, որը բաժին ընկավ հայ ժողովրդին: Սույն հոդվածով իմ նպատակն է ցույց տալ հայկական հարցը և համառոտ կերպով բացահայտել այն շարժառիթները, որոնք մղեցին թուրքական ներկա կառավարությանը` ոչնչացնելու այս խաղաղասեր,  ճարտարագետ, անմեղ ու իմաստուն ազգը, ինչպես նաև ճանաչելի դարձնել այն եղանակը, որը որդեգրել էին թուրքական իշխանությունները ազգեր բնաջնջելու իրենց անողոք գործում:

Թեև զրկված քաղաքական անկախությունից, հայերը սակայն երբեք չմերվեցին իրենց վրա իշխող թուրքերի հետ: Նրանք համառորեն կապված մնացին իրենց ցեղային ավանդություններին, կրոնին, լեզվին ու գաղափարին: Հայոց հին պատմությունը` սկսած մեր դարաշրջանից մինչև ասորեստանցիների, միդացիների, բաբելացիների ու պարթևների ժամանակները, նրանց համար հանդիսանամ է տակավին ազգային հպարտության աղբյուր, իսկ իրենց կրոնը` քրիստոնեությունը, կա ու եղել է միշտ բարոյական ամենամեծ զորավիգը, որը պահել ու պահպանել է նրանց, ուժեղացրել` դիմադրելու համար Կենտրո­նական Ասիայից եկող բազմաթիվ հորդաների ներխուժումներին, որոնք բազմիցս աս­պատակել են հայկական երկիրը դեպի Եվրոպա կատարած իրենց արշավանքների ըն­թացքում։

1908 թվականին երիտասարդ թուրքերի կողմից կատարված հեղափոխության հաջողությունը, որը հանգեց Սուլթան Աբդուլ Համիդի գահընկեցության, ողջունվեց ամբողջ աշխարհով մեկ որպես արշալույս Թուրքիայի համար սկսվող մի նոր դարաշրջանի։ Ողջ մարդկությունը հրճվեց, տեսնելով մի ժամա­նակակից ու առաջադեմ կառավարություն, որը գալիս էր փոխարինելու Աբդուլ Համիդի արգահատելի վարչաձևին։ Եվ դա, ամենից ավելի ուրախություն պատճառեց հայերին։ Նրանք անմիջապես սկսեցին գործակցու­թյուն ցույց տալ նոր կուսակցության, որը բոլոր քաղաքացիների համար խոստանում էր հավասար իրավունքներ սահմանադրա­կան մի պետության ներքո։ Տեղի սղության պատճառով հարկադրված եմ կանգ չառնել այն ահավոր հուսախաբության վրա, որ առաջ բերին նոր կառավարության արարք­ները, այնքան հուսադրող խոստումներից ու հավաստիացումներից հետո։

1909 թվականին Ադանայում տեղի ունեցած սպանդը, որպես շուտափույթ ցույց,

եկավ վկայելու երիտասարդ թուրքերի տիրապետողական գաղափարախոսության ու նրանց նեղ ազգայնական դիրքորոշման մասին։ Հայերի բոլոր հույսերը իսպառ չքացան, ու կարճ ժամանակամիջոցում նրանք համոզ­վեցին, որ նախկինում գործադրված միևնույն քաղաքականությունը՝ նվաճողների և հպա­տակ ցեղերի միջև, նորից ուժի մեջ էր դրվե­լու։ Ազատության և հավասարության մասին, այնքան երկար ժամանակներից ի վեր նրանց փայփայած երազը, հեռու մնաց իրագործվե­լուց։ Այն վերաբերմունքը, որ ի գործ դրվեց հայերի հանդեպ 1913 թվականին, դարձավ այն աստիճան անտանելի, որ նրանք ստիպ­վեցին կոչ անել եվրոպական պետություններին` իրենց օգնության հասնելու համար։ Երկարատև ամիսների բանակցություններից հետո, կողմերը եկան այն համաձայնության, որով Դուռը ընդունում էր հայկական վեց նա­հանգներում եվրոպացի երկու հսկիչների նշանակումը` գործելու լիակատար իշխանու­թյան իրավունքով։ Այս նպատակի համար ընտրվեցին նորվեգիացի պր. Մ. Հոֆը և հո­լանդացի պր. Վեստենենկը։ Նրանք անմիջա­պես ժամանեցին Կոստանդնուպոլիս` համա­պատասխան հրահանգներ ստանալու համար, բայց հազիվ էին նրանք տեղ հասել, երբ պայթեց պատերազմը։ Թուրքական կառա­վարությունը, օգտվելով իրադրությունից, հրաժարվեց իր տված խոստումից և հրամա­յեց եվրոպացի ներկայացուցիչներին` առանց հապաղման երկրից հեռանալ։

1914 թվականի օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները- դեռևս Թուրքիան չեզոք դիրքում էր գտնվում-հանդիսացան մի ժամանակաշրջան, որը դարձավ կարևոր անկյունադարձ Թուրքիայի պատմության հա­մար։ Թուրքերը շտապեցին սկսել զորահա­վաքը, խափանեցին օտարերկրյա դաշնա­դրությունները, վերջ տվին արտասահման­յան թղթատարական ծառայություններին, ավելացրին մաքսային տուրքերը և ընդհա­նուր առմամբ, բոլոր բնագավառներում օգ­տագործեցին առիթը` առավելագույն չափով շահելու այն իրադրությունից, որ մեծ տերու­թյունները պատերազմի մեջ էին մտել միմ­յանց դեմ։ Այն հաջողությունը, որ նրանք ու­նեցան, արգելելով դաշնակից ուժերին մտնե­լու Դարդանել, նրանց տվեց հաղթողների հավակնություն և հուսադրեց նրանց` աշխար­հում մի հզոր պետություն դառնալու ցնորա­միտ պատրանքով։

Պատերազմը` որպես երկար ժամանակներից ի վեր  սպասված առիթ

Այս իրադրությունը, որը առաջ էր եկել պատերազմի հետևանքով, վաղուց ի վեր սպասված առիթն էր ընծայում թուրքական կառավարության` ճնշելու հայերին։ Թշնա­մական առաջին իսկ օրերից, թուրքական կառավարությունը կանչեց մի քանի երևելի հայ անձնավորությունների և հայտնեց նրանց. «Եթե որևէ հայ նվազագույն օգնու­թյուն կցուցաբերի ռուսներին, վերջիններիս Թուրքիա մտնելու դեպքում, ապա առանց այլևայլության թուրքերը հաշիվ կմաքրեն ամբողջ հայ ազգի հետ»։

1914 թվականի գարնան թուրքերը սկսեցին իրագործել հայկական ցեղի բնաջնջման ծրա­գիրը։ Նրանք մեղադրում էին իրենց նախնի­ներին, որոնք ժամանակին զանց էին արել քրիստոնյա ցեղերի ոչնչացումը կամ չէին պարտադրել նրանց, նվաճումից հենց անմի­ջապես հետո, դավանելու իսլամական կրո­նը։ Արդ, երբ մեծ տերություններից չորսը պատերազմի մեջ էին գտնվում իրենց դեմ, իսկ մնացյալ երկուսը հանդիսանում էին իրենց դաշնակիցները, թուրքերը պատեհ առիթ նկատեցին ուղղելու ԺԵ դարում կատար­ված սխալը։ Նրանք մտածում էին, որ իրենց ծրագիրը իրագործելուց հետո, մեծ տերու­թյունները կկանգնեին կատարված իրողու­թյան առջև և գործադրված ոճիրը կմնար անպատիժ, ինչպես այդ պատահել էր 1895-1896 թվականների կոտորածների առթիվ, երբ մեծ տերությունները որևէ հանդիմանու­թյուն անգամ չուղղեցին սուլթանին։

Նրանք զինակոչել էին բոլոր պիտանի հա­յերին, առանց սակայն զենք տալու նրանց ձեռքը։ Հայերն իրավունք ունեին աշխատե­լու միայն ճանապարհների շինարարության և այլ նույնանման գործերի վրա։ Եվ այսպես, բնակչության մոտ զենք փնտրելու պատրվա­կով, նրանք ավերեցին գյուղերը։ Զանազան անունների տակ, առանց փոխհատուցման, նրանք վերցրին հայերից այն ամենը, ինչ կարող էր պիտանի լինել թուրքական բանակ­ներին և ստիպեցին հայերին արտակարգ հարկեր վճարել Ազգային պաշտպանության կոմիտեի օգտին։

Շարունակելի