Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց բազմահազարամյա պատմությունը հարուստ է հերոսական, ոգեշնչող իրադարձություններով, նշանակալի ձեռքբերումներով, ցավոք, նաև դավաճանություններով, թևաթափ անող անցքերով ու ցավալի կորուստներով: Դրական թե բացասական՝ դրանք մեր պատմության էջերն են և պարունակում են մեզ համար չափազանց կարևոր դասեր: Այս առումով առանցքային ժամանակաշրջաններ են հատկապես 20-րդ և 21-րդ դարասկզբների զույգ տասնամյակները: Խոսքը վերաբերում է ամենից առաջ Վանի 1915 թ. ապրիլյան և 1918 թ. Մայիսյան հերոսամարտերին ու 2020 թ. աշնան պատերազմին: Առաջին հայացքից կարծեք թե 20-րդ դարասկզբի հաղթական իրադարձությունները այնքան էլ համեմատելի չեն 2020 թ. աշնան ողբերգական և աղետալի պատերազմի հետ, սակայն միայն առաջին հայացքից: Դրանց համեմատությունը հնարավորություն է տալիս ողջ խորությամբ ընկալելու 2020 թ. աշնան աղետի պատճառները, գնահատելու դրա պատասխանատուների մեղավորության աստիճանը, մյուս կողմից՝ հերթական անգամ համոզվելու, որ պատմության այդ դասերի հետ հաշվի նստելն ու դրանք գործնականում կիրառելը կօգնի մեզ ամենածանր իրավիճակներից իսկ հաղթանակած դուրս գալու:
Որքան էլ մեր երկրում ոմանք միամտորեն կամ գիտակցաբար թուրքին համարեն ընդունելի, անվտանգ, նրա հետ խաղաղ համակեցության կոչ անեն, թուրքը մեզ մշտապես վերաբերվել է որպես թշնամու և ձգտել տեր դառնալու մեր հայրենիքին ու մեր ժողովրդի ունեցվածքին: Դա թուրքի, նաև ադրբեջանցի կոչվող թուրքի էությունն է:
Անցնենք մեր խնդրի ներկայացմանը: Վանի 1915 թ. ապրիլյան ինքնապաշտպանությունը և հատկապես Սարդարապատի հերոսամարտը վճռորոշ ազդեցություն են ունեցել հայ ժողովրդի պատմական ճակատագրի վրա: Ինչո՞ւ ենք այդպես ասում և արդյոք չե՞նք չափազանցնում: Երբեմն փորձ է արվել անհեթեթ հիմնավորումներով մերժելու պատմության դասերը` ամենայն հավանականությամբ հայ ժողովրդի դիմադրական ոգին թուլացնելու և Հայաստանը ճիշտ ուղուց շեղելու հետին մտքով։
Ինչպես գիտենք, թուրքական պետությունը, օգտվելով 1914 թ. բռնկված Առաջին համաշխարհային պատերազմի թոհուբոհից, ձեռնամուխ եղավ իր տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում հայության ցեղասպանությանը:
Մի շարք վայրերում, որտեղ ունեին կազմակերպական ուժեղ կառույցներ, արևմտահայերը համախմբվեցին, դիմեցին ինքնապաշտպանության և փրկվեցին: Այդ շարքում առանձնահատուկ տեղ ունի Վան քաղաքի 1915 թ. ապրիլյան ինքնապաշտպանությունը:
Ինքնապաշտպանության նախօրյակին թուրքերը Վանի դեմ կենտրոնացրել էին, տարբեր տվյալներով, 6-12 հազարանոց կանոնավոր բանակ, քրդական հրոսակախմբեր և 12 թնդանոթ: Նրանք ունեին զինուժի համալրման հնարավորություններ, զենք-զինամթերքի ու պարենամթերքի անսպառ պաշարներ: Դրա դիմաց ինքնապաշտպանության դիմող Վանի հայությունն ուներ մոտ 1.000 մարտիկ՝ պայմանավորված զենքի քանակությամբ, և սահմանափակ թվով փամփուշտներ: Հայությունը զրկված էր օգնություն ստանալու հնարավորությունից, ուներ պարենամթերքի սուղ պաշարներ, շրջապատված էր թուրք-քրդական օվկիանոսով: Այնուամենայնիվ, 1915 թ. ապրիլի 7-ին Վան քաղաքի երկու թաղամասերի՝ Այգեստանի և Քաղաքամեջի հայությունը դիմեց ինքնապաշտպանության և մինչև մայիսի 4-ը տևած արյունահեղ, երբեմն օրհասական, բայց միշտ անզիջում կռիվների շնորհիվ հաղթեց թշնամուն:
Միանգամից նշենք, որ դժվարությունները հաղթահարվեցին, և հաղթանակը կերտվեց ինքնապաշտպանության ճիշտ կազմակերպման, վճռականության ու հայրենապաշտության շնորհիվ: Դեռևս ամիսներ առաջ զգալով վտանգը՝ հայության առաջնորդները Վանում ոչ թե շփոթության էին մատնվել ու փորձել հանձնվել ամեն ինչ ոչնչացնող թրքությանը, այլ հաստատակամորեն որոշել էին դիմադրել նրան: Ահա թե ինչ է գրել 1914 թ. աշնանը Վանի նահանգում տիրող իրավիճակի մասին տեղի հայության առաջնորդներից Արամ Մանուկյանը. «Մեր կացութիւնը յուսահատական էր այն ատեն: Ընտրելու մէկ բան միայն կը մնար մեզի համար. կա՛մ անձնատուր ըլլալ եւ թողուլ, որ խողխողեն մեզ իբր ոչխար, կա՛մ մեռնիլ զէն ի ձեռին կռուելով: Այս վերջինը նախընտրեցինք» [1]:
Վանի նահանգապետ Ջևդեթը 1915 թ. մարտին՝ թուրքերի մի փակ ժողովում, հայտարարել էր, որ պետք է ոչնչացնել Վանի հայությանը [2]:
Ահագնացող վտանգի պայմաններում Վանի նահանգի հայության առաջնորդները ձեռնամուխ էին եղել հայության ուժերի կազմակերպմանն ու միասնական դիրքորոշման մշակմանը: 1915 թ. հունվարին հայ գործիչները ստեղծել էին «Համերաշխական ազգային մարմին»՝ բաղկացած Վանի քաղաքական կուսակցությունների, Հայ առաքելական եկեղեցու և չեզոքների ներկայացուցիչներից: Այդ մարմնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր 1.000 ոսկու հանգանակություն, որով ձեռք էր բերվել 60.000 փամփուշտ [3]: Բացի այդ` անընդհատ բանակցությունների միջոցով հայ առաջնորդները հասել էին թուրքական բանակ Վանի նահանգի հայ երիտասարդության զորակոչի ձգձգմանը։ Դրա շնորհիվ վերջիններս ոչ միայն փրկվեցին կոտորածից, որին 1915 թ. փետրվարից ենթարկվեցին Արևմտյան Հայաստանի մյուս շրջաններից թուրքական բանակ զորակոչված 100.000-ավոր հայ երիտասարդներ, այլև կերտեցին Վանի ինքնապաշտպանությունը։
1915 թ. ապրիլի 5-ին, երբ թուրքական հարձակումն ամեն րոպե սպասելի էր, և հապաղումը կարող էր կործանարար լինել, Արամի նախաձեռնությամբ (առաջնորդներից Վանա Իշխանը` դավադրաբար սպանվել, իսկ Արշակ Վռամյանը ձերբակալվել էր և օրեր անց նույնպես սպանվելու էր) ստեղծվեց Վանի Հայ ինքնապաշտպանության զինվորական մարմինը: Դրանում ընդգրկվեցին փորձառու զինվորականներ ու կուսակցական և անկուսակցական հեղինակավոր գործիչներ` ռամկավար Արմենակ Եկարյանը, դաշնակցականներ Բուլղարացի Գրիգորը և Կայծակ Առաքելը, հնչակյան Հրանտ Գալիկյանը, անկուսակցական Փանոս Թերլեմեզյանը և ուրիշներ: Շուտով Արամը նույնպես մտավ այդ մարմնի մեջ և ղեկավարեց Վան-Այգեստանի ինքնապաշտպանությունը [4]: Ընդգծենք՝ քաղաքական ուժերն ու անհատներն ամբողջությամբ մի կողմ էին թողել նախկինում եղած հակասություններն ու տարակարծությունները։ Ստեղծվեցին Զինվորական մարմնին ենթակա մի շարք մարմիններ՝ Ամրաշենների խումբ, որը պետք է զբաղվեր ինքնապաշտպանական բնագծերի ու կետերի ամրացմամբ, Զինաբաշխ մարմին, որը պետք է իրականացներ զենք-զինամթերքի պահեստավորումն ու բաշխումը, Հայթայթիչ մարմին, որը պետք է հոգար ինքնապաշտպանների և նրանց օժանդակող բանվորների պարենամթերքի կարիքները, Տեղեկատու մարմին, որը պետք է թռուցիկներ հրապարակեր և այլն։ Արձանագրենք` այս բոլոր մարմիններն ինքնապաշտպանության ողջ ընթացքում աշխատեցին ժամացույցի նման։
Միաժամանակ Արամը` որպես ինքնապաշտպանության գլխավոր ղեկավար, Վանի Քաղաքամեջ թաղամասի, որտեղ ևս ստեղծվել էր ինքնապաշտպանության զինվորական մարմին, և գավառների գործիչներին հրահանգեց պատրաստ լինել Վանի վրա հարձակման դեպքում թուրքերին զինված դիմադրություն ցույց տալու համար:
Վանի ինքնապաշտպանությունը սկսվեց 1915 թ. ապրիլի 7-ին [5]:
Հզոր բռունցք դարձած հայությունը մեկ ամիս շարունակ հետ մղեց ռազմական գերակշռություն ունեցող թուրքական զորքերի բոլոր հարձակումները և նույնիսկ նրանցից գրավեց մի շարք ռազմական հենակետեր: Ամենամեծ հաղթանակը 650 զինվոր ունեցող Համուդ աղայի զորանոցի գրավումն էր: Թե՛ այս և թե՛ մյուս գործողություններին անմիջական մասնակցություն էին ունենում ինքնապաշտպանության բոլոր ղեկավարները:
Քաղաքամեջում հայ ինքնապաշտպանները հրդեհեցին կամ պայթեցրին թուրքական ոստիկանատունը, փոստ-հեռագրատունը, օսմանյան բանկի Վանի մասնաճյուղը, զինվորական պահեստը, կուսակալի նստավայրը և այլն:
Վանի հայությունը տվեց կազմակերպվածության, անձնազոհության ու հնարամտության հրաշալի օրինակներ: Վանի զինագործ-արհեստավորները նույնիսկ երեք թնդանոթ ձուլեցին, որոնք թեև ռազմական նշանակություն չունեցան, բայց դրանցից արձակված կրակի ձայնը խուճապի մատնեց թուրքերին։
Թուրքերը փորձում էին ինքնապաշտպաններին ընկճել նաև նրանց սովի մատնելու միջոցով, որի համար անընդհատ գավառներից Վան էին ուղղում իրենց գյուղերից քշվող հայերի հոսքը։ Այս առումով ևս Արամն ու Զինվորական մարմինը ցուցաբերել էին հեռատեսություն: Մի կողմից` Վանի լիակատար շրջափակումը թույլ չտալու և ռազմական դրությունն ավելի չբարդացնելու, մյուս կողմից՝ պարենային կացության հետագա բարդացումը բացառելու նպատակով դիմադրություն էր կազմակերպվել նաև Շուշանց գյուղ-Վարագա լեռ հատվածում: Դրա շնորհիվ մինչև ապրիլի 22-ը հաջողվել էր խուսափել լիակատար շրջափակումից և սննդամթերք ներկրել քաղաք: Բացի այդ, որպեսզի չորս կողմից շրջափակված Վանի հայությունը սովի չմատնվեր, Զինվորական մարմինը համայնացրեց բնակչության մոտ մնացած մթերքի մի մասը, արգելեց առանց համապատասխան մարմինների գիտության մսացու կենդանիների մորթը, ճշգրտվեց զինվորների ու բանվորների թիվը, և սահմանվեց նրանց տրվող սննդի նոր` որոշակիորեն կրճատված չափաբաժին: Հայերի խիզախությունն ու կազմակերպվածությունը փաստել է նույնիսկ Վանի վրա թուրքական գրոհները ղեկավարող գերմանական բանակի սպա Ռաֆայել դը Նոգալեսը: Նա գրել է, որ հարձակվող թուրքերն ամենուր հանդիպում էին հուժկու և դիպուկ կրակի, և հայկական յուրաքանչյուր տուն արագորեն վերածվում էր ամրոցի: Նույն Նոգալեսը, հայերի հաջող դիմադրությունից հուսահատված, գլխիկոր հեռացավ Վանից: Արտաքին աշխարհից կտրված վանեցիները պարբերաբար սուրհանդակներ էին ուղարկում հայկական կամավորական ջոկատների և ռուսական բանակի ուղղությամբ՝ քաղաքի օրհասական վիճակի մասին տեղեկացնելու և օգնություն խնդրելու նպատակով: 1915 թ. մայիսի 3-ին հայ ինքնապաշտպանները հետ մղեցին թուրքերի վերջին գրոհը, որից հետո թշնամին հեռացավ Բիթլիս: Մայիսի 4-ին Վանի երկու թաղամասերի ինքնապաշտպանները հանդիպեցին իրար և Վանա բերդի գագաթին ամրացրին ազատության դրոշակը։ Մայիսի 5-6-ը Վան հասան հայկական կամավորական գնդերը և ռուսական զորքերը: Ինքնապաշտպանության ղեկավար Արամ Մանուկյանը նշանակվեց նահանգապետ: Այսպիսով` Վանի ինքնապաշտպանության հաղթանակի շնորհիվ ավելի քան հարյուր հիսուն հազար հայեր փրկվեցին ցեղասպանությունից և ձեռնամուխ եղան Վանի հայկական նահանգապետության շենացմանը, որը դարձավ հայոց նորագույն պետականության նախատիպը։ Վանի ինքնապաշտպանության և նահանգապետության փորձն անփոխարինելի նպաստ բերեց հայության 1918 թ. մայիսյան հաղթանակների և անկախ պետականության կերտման գործին։
1918 թ. մայիս: Օգտվելով Ռուսական կայսրության անկումից և ռուս-թուրքական Կովկասյան ռազմաճակատից ռուսական բանակի հեռացումից՝ 1918 թ. հունվարի 30-ին թուրքական 50 հազարանոց բանակը, խախտելով նախորդ տարվա դեկտեմբերին կնքված զինադադարը, հարձակման էր անցել Կովկասյան ճակատում։ Հաղթահարելով կազմավորման փուլում գտնվող հայկական զորամասերի դիմադրությունը և գրավելով Արևմտյան Հայաստանն ու Արևելյան Հայաստանի մի մասը՝ թուրքական զորքերը 1918 թ. մայիսի 19-ին ներխուժել էին Արարատյան դաշտ, իսկ մայիսի 21-ին գտնվում էին Երևանից 30, Էջմիածնից՝ 20 կմ հեռավորության վրա` Սարդարապատում:
Երևանը և թուրքերի կողմից դեռևս չնվաճված Արևելյան Հայաստանի մյուս շրջանները շրջապատված ու լցված էին Թուրքիայի կողմից ուղղորդվող թուրք-թաթարական տասնյակ հազարների հասնող թշնամական զանգվածով ու զինված հրոսակախմբերով: Հեռավոր տափաստաններից հայոց հայրենիքում ոչ վաղ անցյալում բնակություն հաստատած այդ վաչկատուն զանգվածները տոգորված էին հայությանը սպանելու և թալանելու անզուսպ ցանկությամբ:
Հայոց զինուժը թշնամուն մի քանի անգամ զիջում էր թե՛ քանակապես, թե՛ զինվածությամբ: Այսպես՝ Սարդարապատում թուրքերն ունեին, տարբեր տվյալներով, 6.000-9.000 կանոնավոր զորք և 1.500-3.000 քրդական հեծելազոր, իսկ հայկական կողմը՝ 5.500-7.000 կանոնավոր զորք և աշխարհազորային [6]: Թշնամին ուներ օգնական դիվիզիաներով համալրվելու հնարավորություն, որից հայկական զորքը զրկված էր: Վիճակն ավելի անմխիթար էր մյուս ուղղություններում՝ Ապարանում ու Ղարաքիլիսայում: Արևելյան Հայաստանի զգալի մասն ընդգրկող Երևանի նահանգում սոցիալ-տնտեսական, պարենային դրությունը ծանր էր, կար դեղորայքի սուր պակաս:
Հայ ժողովուրդը բացարձակապես միայնակ էր թուրքական մահասփյուռ հարձակման դեմ: Աշխարհի մեծ ու փոքր երկրները, ինչպես միշտ, զբաղված էին իրենց խնդիրներով և ամենևին մտահոգված չէին (բնականաբար պարտավոր էլ չէին մտահոգվել, պարզապես չպետք է սուտ խոստումներ տային) հայոց ճակատագրով, իսկ թշնամի չհամարվող վրացիները տոգորված էին հայկական տարածքները զավթելու ցանկությամբ:
Այսպիսով` բոլոր հանգամանքները դասավորվել էին հօգուտ թուրքերի և ի վնաս հայության: Հայ ժողովուրդը 1918 թ. մայիսին գտնվում էր կործանման, իսկ Հայաստանը՝ աշխարհագրական հասկացության վերածվելու վտանգի եզրին: Սակայն կատարվեց հրաշքը: Հայ ժողովուրդը 1918 թ. մայիսի երրորդ տասնօրյակում Սարդարապատում, Ապարանում ջախջախիչ պարտության մատնեց, իսկ Ղարաքիլիսայում ծանր, հարգանք պարտադրող հարվածներ հասցրեց թուրքական զորքերին ու վերականգնեց դարեր առաջ կորցրած իր անկախ պետականությունը։ Ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Այնուհետև հայ ժողովուրդը բռնեց պետականաշինության, վերածննդի ու զարգացման ուղին: Առաջին հանրապետության հիմքի վրա բարձրացավ Խորհրդային, ապա՝ Երրորդ հանրապետությունը: 1990-ական թթ. ազատագրվեց 1920-ական թթ. բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Ադրբեջանին բռնակցված հայկական պատմական տարածքների մի զգալի մասը (մինչ այդ նույնն էր փորձել անել Անգլիան): Այսպիսով՝ Մայիսյան հերոսամարտերը շրջադարձային նշանակություն ունեցան հայոց պատմության հետագա ողջ ընթացքի համար։
Ինչպե՞ս հնարավոր դարձավ դեռևս չգերազանցված այդ հրաշքը:
Նախ ընդգծենք՝ 1918 թ. մայիսին նույնպես դժվարությունները հաղթահարվեցին, և հայ ժողովրդի գլխին կախված մահասփյուռ վտանգը չեզոքացվեց հետևողական աշխատանքի, ժամանակի գործիչների պատասխանատվության, խելամիտ ղեկավարման, անձնվիրության, հայրենապաշտության, վճռականության, արդարամտության ու համախմբվածության շնորհիվ:
Մայիսյան բախտորոշ օրերից դեռևս ամիսներ առաջ Արևելյան Հայաստանի զգալի մասն ընդգրկող Երևանի նահանգում իրականացվել էին հետևողական, հաշվենկատ աշխատանքներ` թուրքական հավանական հարձակումից հայրենիքն ու ժողովրդին պաշտպանելու համար: 1917 թ. դեկտեմբերին Թիֆլիսի Հայոց կենտրոնական ազգային խորհրդի, Հայ զինվորական միության, Արևմտահայ ապահովության խորհրդի կողմից Երևան էր գործուղվել Վանի հերոսամարտի կազմակերպիչ ու ղեկավար Արամ Մանուկյանը, որն օժտված էր ծայրահեղ ծանր պայմաններում արդյունավետորեն գործելու կարողությամբ: Այս որոշումը, հիրավի, պատմական էր, միակ ճիշտը: Պետական ինստիտուտների բացակայության պայմաններում միայն Արամի մակարդակի գործիչը կարող էր իրավիճակ շտկել։
1917 թ. դեկտեմբերին, երբ թուրքական հարձակման վտանգը նոր-նոր էր ուրվագծվում, Երևանի փաստացի ղեկավար նշանակված Արամն առաջադրել էր ժողովրդի պաշտպանությանն ու ազատությանը միտված քաղաքական հստակ և իրատեսական ուղեգիծ, ըստ որի` հայ ժողովուրդը սեփական ուժերով պետք է լուծեր իր առջև ծառացած խնդիրները: Նա հայտարարել էր. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի… Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար» [7]: Այս քաղաքական ուղեգծի ոգով կազմվել էր գործողությունների հստակ ծրագիր, որի քայլ առ քայլ կենսագործմամբ էլ 1918 թ. մայիսին հայ ժողովուրդը փրկվելու էր նոր աղետից [8]:
Թերևս առաջնայինը Երևանի նահանգում իշխանության ուժեղ, պատասխանատու և կենսունակ մարմինների ստեղծումն էր: Մյուս խնդիրների հաջող լուծումը կախված էր դրանից:
Արամը` որպես հասուն քաղաքական-պետական գործիչ, գիտակցելով, որ միայն բարի կամքը, հոգեցունց կոչերը, գեղեցիկ հայտարարությունները, ինչպես նաև մեկ մարդու կամ մի խումբ մարդկանց ուժերը բավարար չեն հայության առջև ծառացած հսկայածավալ խնդիրները լուծելու համար, անմիջապես ձեռնամուխ էր եղել երկրամասի իշխանության իրապես գործող մարմինների ստեղծմանը: Կարճ ժամանակում ստեղծվել էր Երևանի Հայոց ազգային խորհրդի լիազորություններով օժտված Հատուկ կոմիտե, որը փոքր կազմով և արագ գործող մարմին էր: Կենսունակություն էր հաղորդվել նախկին իշխանության` անգործության մատնված նահանգային, գավառային և գյուղական մարմիններին: Կարելի է վստահորեն ասել՝ պետականության բացակայության պայմաններում ծավալվել էր պետական շինարարություն: Արդեն այդ ժամանակ դրվում էին անկախ պետության հիմքերը։ Երևանի իշխանությունը ոչ թե հետևում էր իրադարձությունների ընթացքին, այլ փորձում էր դրանցից առաջ ընկնել և ուղղորդել դրանք: Նրան խորթ էր սպասողականությունը:
Երկրամասում հաստատվել էր պատասխանատվության ու վստահության, համախմբվածության ու համերաշխության մթնոլորտ, որը մեծապես նպաստում էր նույնիսկ ամենաբարդ խնդիրների հաջող լուծմանը:
Դա արդյունք էր ամենից առաջ այն բանի, որ, լինելով կուսակցական, այն էլ` ժամանակի հայ իրականության ամենահզոր ու հեղինակավոր ուժի՝ ՀՅ Դաշնակցության ղեկավար գործիչներից, բացառիկ դիրք ու լիազորություններ ունեցող Արամը երկրամասը ղեկավարելու առաջին իսկ օրից դրսևորել էր վերկուսակցական ու հավասարակշիռ դիրքորոշում, անկեղծ և անվերապահ հարգանք քաղաքական բոլոր ուժերի, հասարակության յուրաքանչյուր անդամի նկատմամբ: Այդ առումով թերևս ամենից կարևորը և ուսանելին այն է, որ իշխանության կազմում ընդգրկվում էին ներկայացուցիչներ բոլոր կուսակցություններից, ինչպես նաև անկուսակցականներից՝ հիմք ընդունելով բացառապես նրանց բանիմացությունը, ընդհանուր գործին նրանց օգտակար լինելու կարողությունը։ Արամի ու նրա ստեղծած թիմի ապակուսակցական ոգու, արդարամիտ ու հավասարակշիռ գործունեության շնորհիվ Երևանի իշխանություններն արժանացել էին ժողովրդական լայն զանգվածների վստահությանը և ստացել իրական ու հզոր աջակցություն: Երկրամասում հաստատվել էր խոսքի ու գործի ներդաշնակություն, ինչը, բնականաբար, չէր կարող անարձագանք մնալ ժողովրդի կողմից: Դա, ինչպես կտեսնենք, լավագույնս դրսևորվելու էր հայկական զորքի կազմավորման ժամանակ:
Հայրենիքի փրկության գաղափարով համակվել և անդուլ աշխատանքի էին լծվել շատ շատերը՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, սոցիալական դիրքից ու ֆինանսա-տնտեսական կարողությունից։
Ստեղծվել էր հայկական կանոնավոր բանակ: 1918 թ. մարտին հիմնականում ավարտվել էր կանոնավոր բանակի՝ Հայկական կորպուսի Երևանյան դիվիզիայի կազմավորումը, որը վճռորոշ դեր էր ունենալու Սարդարապատի և Ապարանի հերոսամարտերում: Որոշ չափով հոգացել էին նաև զորքի զենք-զինամթերքի մասին։ Ռազմաճակատից՝ Կարսից և այլ վայրերից, Երևան էր փոխադրվել զգալի քանակությամբ զենք-զինամթերք, որը մայիսին օդի պես անհրաժեշտ եղավ հայոց բանակին:
Ինչպե՞ս էր հաջողվել այդքան կարճ ժամանակում ստեղծել կանոնավոր զորք, որի թիվը հասնում էր 12.000-ի։ Սա ևս ուսանելի է:
1917 թ. դեկտեմբերի 23-ին Հատուկ կոմիտեն հրապարակել էր «Կոչ հայ զինվորներին» շրջաբերականը, որում ներկայացրել էր իրավիճակի ողջ լրջությունը և բոլորից պահանջել կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում: Որպեսզի զորակոչը հաջող անցներ, բնականաբար, այն պետք է կազմակերպվեր արդարամտորեն. պետք է զորակոչվեին բոլորը։ Այդպես էլ արվել էր։ Զորակոչվել էին նաև նախկինում զորակոչից ինչ-ինչ պատճառներով ազատվածները, իսկ զորակոչից խուսափողների և դասալքության դեմ ծավալվել էր անզիջում պայքար:
Երևանի իշխանությունների ցուցաբերած պատասխանատվությունն ու արդարամտությունը այդ և այլ հարցերում անպատասխան չէին մնացել ժողովրդի կողմից: Երբ Երևանի իշխանությունները, պարտադիր զորակոչին զուգահեռ, ժողովրդին կոչ էին արել կամավորագրվելու հայրենիքի պաշտպանության գործին, արձագանքը սպասվածից մեծ էր եղել։ Խմբեր կազմած՝ շրջաններից Երևան էին շտապել մեծ թվով զինված քաղաքացիներ՝ «ազգային երգեր երգելով ու դրօշակներով՝ վրան մակագրուած «Մահ կամ Ազատութիւն»» [9] ։ Ժողովրդի ակտիվությունն ուրախացնում և միաժամանակ մտահոգում էր Արամին։
Այդ առիթով Արամը նշել է. «…Վախենում եմ` մենք սեւերես դուրս գանք մեր ժողովրդի առջեւ, չկարողանանք կազմակերպել գործը եւ կորցնենք նրա հաւատն ու վստահութիւնը» [10]։ Նկատենք՝ այս խոսքերն ասում էր մի մարդ, որն իր ամենօրյա աշխատանքով ոչ միայն արդարացրել էր ժողովրդի վստահությունը, այլև հիացրել ժողովրդին իր նվիրվածությամբ, արդարամտությամբ, խոսքի ու գործի կատարյալ ներդաշնակությամբ, աշխատանք կազմակերպելու կարողությամբ այնքան, որ երբ որևէ դժվարին խնդիր էր լինում, ժողովուրդն իր հայացքն ուղղում էր դեպի Արամը։ Օրինակները բազմաթիվ են և ժամանակի իշխանություններին խորհրդանշող Արամի նկատմամբ խոր հարգանք պարտադրող։ Թերևս ամենախոսունն այն է, որ իր համար օրհասական պահին, երբ թեկուզ աննշան սխալը կարող էր մահացու լինել, ժողովուրդը միակամ Արամին ընտրեց «դիկտատոր»՝ օժտելով նրան բացառիկ ու անսահմանափակ լիազորություններով։ Պատկերացնո՞ւմ եք` եթե չլինեին իշխանության կազմակերպված մարմիններ, կամ Արամը լիներ անպատասխանատու, թուլամորթ, մորթապաշտ ու ստախոս… Անկասկած, այդ պարագայում 1918 թ. մայիսին նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում անհնար կլիներ կազմակերպվել ու դիմադրել հայության ոչնչացմանը ձգտող ցեղասպան թուրքերին։
Ճնշվել էին Թուրքիայի կողմից ուղղորդվող կովկասյան թաթարների (այժմ` ադրբեջանցիներ) հակահայկական-հակապետական խռովությունների տասնյակ օջախներ, ինչի շնորհիվ Մայիսյան հերոսամարտերի ժամանակ հայկական զորքի թիկունքն ապահով էր անակնկալներից։
Որոշակի քայլեր էին կատարվել երկրամասում առկա ֆինանսական և պարենային խնդիրները մեղմելու համար: Այդ ուղղությամբ կատարված կարևոր քայլերից մեկը ազգային տուրքի սահմանումն էր, ըստ որի` յուրաքանչյուր բնակիչ, ըստ իր կարողության, պետք է որոշակի տուրք մուծեր երկրամասի գանձարան:
Վճռական պայքար էր ծավալվել նաև հայ ավազակային տարրերի դեմ, որոնք թալանում և սպանում էին հայ բնակչությանը: Երկրամասում հաստատվել էր օրինականություն ու կարգուկանոն։Բնականաբար, դա բարձրացնում էր իշխանության հեղինակությունը ժողովրդի շրջանում: Ծրագրված պայքար էր տարվում կեղծ լուրերի տարածումը կանխելու, խառնաշփոթի հրահրումը բացառելու համար։
Իրականացված համալիր քայլերի շնորհիվ 1918 թ. առաջին կեսին, հատկապես մայիսյան ծանր օրերին, հաջողվեց երկրամասում պահպանել հարաբերական կայունություն: Այնուամենայնիվ, թուրքերի հայտնվելը Արարատյան դաշտում մի պահ մեծ իրարանցում առաջացրեց հայ ազգաբնակչության, նույնիսկ քաղաքական շրջանակների, զորքի ու զորահրամանատարության շրջանում: Նույնիսկ Երևանից նահանջելու հարց բարձրացվեց: Հայկական զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Թ. Նազարբեկյանը Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին հորդորում էր դադարեցնել կռիվները թուրքերի դեմ և հաշտություն կնքել՝ միամտորեն կարծելով, թե այդպես հնարավոր կլիներ փրկել զորքի մի մասը և բնակչությանը, մոռանալով, որ թուրքերն իրենց ճանապարհին հայտնված հայերին անխնա կոտորում էին:
Ճակատագրական այդ ժամանակաշրջանում Արամ Մանուկյանը թշնամուն հակահարված հասցնելու անսասան վճռականություն, երկաթյա կամք ու մեծագույն եռանդ ցուցաբերեց: Նա դեռևս Ալեքսանդրապոլի անկումից (մայիսի 15) առաջ հայտարարել էր. «Եթե երբևէ մեր ճակատի վրա թուրքերը սկսեն առաջխաղացումը, մենք անպայման պետք է դիմադրենք զենքով, թնդանոթով և ոչ թե ստրկորեն անձնատուր լինենք և կոտորվենք» [11]:
Մայիսի 19-ին Երևանի Ազգային խորհրդում Արամը վճռականորեն բացառեց Երևանից նահանջը՝ հայտարարելով. «….ոչ մի նահանջ ոչ մի գծի վրա: Նահանջել Երևանից կնշանակի խաչ քաշել մեր ամբողջ գործունեության և մեր ապագա քաղաքական երազանքների վրա, բոլորդ պետք է մնաք և մեռնեք» [12]: Նույն օրը Արամը Երևանյան դիվիզիայի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին հանձնարարեց Սարդարապատում թշնամուն վճռական ճակատամարտ տալ՝ խոստանալով համակողմանի աջակցություն ցուցաբերել բանակին:
Ժամանակակիցների վկայությամբ՝ Արամն անդադար շարժման մեջ էր և իր կեցվածքով ոգևորում ու գործողության էր մղում բոլորին. ոչ ոք կամա թե ակամա ոչինչ չէր խնայում հայրենիքի փրկության համար: Ռազմաճակատի հետ մշտական կապ պահպանող և բանակին օժանդակող Արամը երբևէ չմիջամտեց զինվորականության գործին:
Երկրամասի ղեկավարների սառնասիրտ, հաշվենկատ ու հետևողական քայլերի, քաջության ու նվիրվածության շնորհիվ ժողովրդի շրջանում տիրող խուճապը փոխարինվեց ոգևորությամբ:
1918 թ. մայիսյան ճակատագրական օրերին հայկական զորքը կարճ ժամանակում համալրվեց մեծ թվով կամավորներով, որոնք, ի դեպ, ռազմաճակատ էին ուղարկվում կազմակերպված ձևով, այլ ոչ թե քաոսայնորեն, ինչպես դա տեղի ունեցավ 2020 թ. աշնան պատերազմի ժամանակ: Զորքն ապահովվեց նաև զենք-զինամթերքով ու պարենով: Խստագույնս արգելվեց քաղաքից հեռանալը: Ի դեպ, այդ օրերին Արամի հրամանով վճռականորեն ճնշվեց ամենայն հավանականությամբ Թուրքիայի կողմից ուղղորդվող մի խումբ դասալիքների կողմից Երևանում նախապատրաստվող հակապետական խռովությունը, որի նպատակն էր անձնատուր լինել թուրքերին:
1918 թ. մայիսի 22-ին հայկական զորքերը, խնամքով մշակված պլանի համաձայն, Սարդարապատի ճակատում վճռական հակահարձակման անցան և մինչև մայիսի 29-ը տևած ծանր ու արյունահեղ կռիվներում ջախջախիչ պարտության մատնեցին թուրքական գերակշիռ բանակին:
Տալով 3.500 զոհ՝ թուրքերը նահանջեցին դեպի Ալեքսանդրապոլ: Չափազանց կարևոր մի հանգամանք. նախքան հակահարձակման անցնելը ձեռնարկվել էին անհրաժեշտ քայլեր` հայկական զորքի վրա Նախիջևանի կողմից և Արաքսի աջ ափից թշնամու անակնկալ հարվածները բացառելու նպատակով, ինչը մենք դարձյալ չտեսանք 2020 թ. աշնանը: Անխափան էր գործում նաև թիկունքը, որտեղ աշխատանքի մեջ հիմնականում ներգրավվել էին կանայք ու երեխաները։ Նրանք անտրտունջ բանակի համար հավաքում էին ջուր, հաց, ծխախոտ, փամփուշտներ։
Ոգևորվելով Սարդարապատի ճակատում հայկական զորքերի առաջին հաղթանակից և ստանալով այնտեղից ուղարկված ռազմական համալրումը՝ Ապարանում լեգենդար Դրոյի գլխավորությամբ հայկական զորքերը նույնպես հակահարձակման անցան և ջախջախեցին թուրքերին՝ վերացնելով Երևանը շրջափակելու վտանգը։ Պարտված թշնամին նահանջեց նույնիսկ Սպիտակից։
Մայիսի 23-ին ստանալով Սարդարապատում հայոց առաջին հաղթանակի լուրն ավետող Արամի հեռագիրը՝ մինչ այդ Ղարաքիլիսայից խուճապահար Դիլիջան նահանջող հայկական զորամասերն ու ժողովրդական զանգվածները հետ դարձան և, կազմելով միացյալ զորք (հայ կռվողների ընդհանուր թիվը 7.000 էր), թշնամու 10.000-անոց կանոնավոր բանակին հասցրին ծանր ու հարգանք պարտադրող հակահարված: Պարտված թշնամին ընկրկեց և միառժամանակ հրաժարվեց Երևանը գրավելու մտքից:
Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ հայ ժողովուրդը կանխեց նոր ցեղասպանությունը, Արևելյան Հայաստանի ամբողջական բռնազավթումը Թուրքիայի կողմից և վերականգնեց իր անկախ պետականությունը: Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը 1918 թ. մայիսի 28-ին վճռեց հռչակել Հայաստանի Հանրապետության անկախությունը: Մինչև Մայիսյան հերոսամարտերը թուրքերը դեմ էին ինքնուրույն Հայաստանի ստեղծման ցանկացած գաղափարի և անշեղորեն ընթանում էին հայությանը ոչնչացնելու ուղիով:
Արձանագրենք ևս մի չափազանց կարևոր իրողություն. թե՛ 1915 թ. և թե՛ 1918 թ. հաղթանակների կերտումն ամենևին չի սահմանափակվում մի քանի օրով կամ նույնիսկ մի քանի ամսով: Այս երկու իրադարձություններին նախորդել էր թուրքական բռնապետության դեմ ծավալված ավելի քան 30-ամյա ազգային-ազատագրական պայքարը, որի ընթացքում ժողովրդական լայն զանգվածների շրջանում կարծրացել էր ազատագրական պայքարի անխուսափելիության և անհրաժեշտության գաղափարը, թրծվել էին հայրենիքի հազարավոր նվիրյալներ, ազատասիրության ու արժանապատվության ոգով կրթվել ու դաստիարակվել սերունդներ:
Թվում է, թե այս և պատմական մյուս դասերը պետք է օգնեին Հայաստանի երրորդ հանրապետությանը չեզոքացնելու հնարավոր վտանգները և արձանագրելու նոր ձեռքբերումներ: Սակայն այդպես չեղավ:
Աղետի վերածված 2020 թ. աշնան պատերազմը:
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի մեծածավալ աջակցությամբ ու միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավումով լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության դեմ։ Պատերազմը հայ ժողովրդի համար վերածվեց աղետի։
Ինչո՞ւ թշնամին համարձակվեց պատերազմ սանձազերծել, և ինչպե՞ս եղավ, որ այն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի հանրապետությունների (այսուհետ՝ Հայաստան) համար ունեցավ ողբերգական վախճան: Եվ ո՞վ է պատասխանատու մեզ պատուհասած աղետի համար: Չէ՞ որ ինքնորոշման ուղին բռնած արցախահայությունը և նրան օգնության հասած համայն հայությունը 1992-1994 թթ. ջախջախիչ պարտության էին մատնել ադրբեջանցի ջարդարարներին և ազատագրել Արցախ-Ղարաբաղից 1920-1930-ական թթ. զավթված ու Ադրբեջանին տրված տարածքները՝ թշնամուն պարտադրելով զինադադար։ Չէ՞ որ Հայաստանի երրորդ հանրապետությունը (նաև Արցախի Հանրապետությունը) 30-ամյա կազմակերպված պետություն էր, միատարր երկիր, ուներ պետականությանը հատուկ բոլոր ինստիտուտները՝ բանակ՝ իր ենթակառուցվածքներով, զորատեսակներով ու բավական արդիական սպառազինությամբ, անվտանգության համակարգ, իշխանության օրենսդիր ու գործադիր մարմիններ և այլն (իհարկե, թվարկված ոլորտներում, առհասարակ երկրի սոցիալ-տնտեսական ու հասարակական-քաղաքական կյանքում կային նաև լուրջ թերացումներ, բացթողումներ, բացասական երևույթներ, թույլ էին տրվել կոպիտ սխալներ, որոնք էլ հենց 2018 թ. իշխանափոխության կարևոր պատճառներից էին): Չէ՞ որ թշնամին ընդամենը 4 տարի առաջ՝ 2016 թ. ապրիլին, գլխիկոր դադարեցրել էր Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմը։
Նախ ընդգծենք՝ 2020 թ. աշնան պատերազմում Հայաստանի կրած անհաջողության պատճառն ու գլխավոր, եթե ոչ միակ մեղավորը երկրի քաղաքական ղեկավարությունն է` վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը, ըստ էության, կա՛մ գործեց դավաճանություն, կա՛մ էլ դրսևորեց բացարձակ անգործունակություն ու անհոգություն: Տվյալ պարագայում անգամ անգործունակությունն ու անհոգությունը չեն կարող մեղմել նրանց մեղքը, քանի որ խոսքը մի ողջ պետության և ժողովրդի պատուհասած ողբերգության մասին է:
2018 թ. ապրիլին Հայաստանում արտաքին ուժերի ու նրանց կողմից առնվազն հովանավորվող և աջակցություն ստացող ներքին ուժերի իրականացրած իշխանափոխությամբ, ավելի ճիշտ՝ թավշյա հեղաշրջմամբ Հայաստանում իշխանության անցավ մի խմբակ, որն իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկզբից ևեթ ցուցաբերեց անպատասխանատու վերաբերմունք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Նոր իշխանություններն անտեսեցին Հայաստանի անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման ու ներքաղաքական կայունության խնդիրները, չներկայացրին երկրի ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր ու հայեցակարգեր՝ ո՛չ հեռակա, ո՛չ էլ նույնիսկ մոտակա։ Փոխարենը նրանք ժողովրդին շարունակ ծանրաբեռնում էին երկրորդական, կեղծ, ստահոդ և շինծու օրակարգերով, խնդիրներով ու ձևական, ոչնչով չամրագրվող հայտարարություններով: Օրինակ` հայտարարվեց, որ մինչև 2050 թ. Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել 5 մլն-ի, բացվելու է 1.5 մլն աշխատատեղ և այլն [13]։ Օրակարգ էին մտցվում գերազանցապես մեր ժողովրդի ազգային նկարագրին ու շահերին հակասող կոնվենցիաներ: Հարց էր բարձրացվել նույնիսկ պետական օրհներգի, զինանշանի և դրոշի փոփոխության մասին: Իշխանությունների թողտվությամբ, հովանավորչությամբ ու հրահրմամբ սկսվեց «հներին» հայհոյելու, անհիմն մեղադրանքներ ներկայացնելու արշավ։
21-րդ դարում, երբ օրեցօր բարդացող աշխարհում պետությունները շարունակ հզորացնում, կատարելագործում, ավելի կենսունակ և արդյունավետ են դարձնում իրենց կառավարման համակարգերը, Հայաստանում իշխանության եկած խմբակը, ըստ էության, խարխլեց, կազմալուծեց և անկենսունակ դարձրեց պետական կառավարման համակարգը: Բարձրագույն գործադիր իշխանությունը ենթարկվեց անհեթեթ ձևափոխությունների՝ կրճատումների և միավորումների։ Այսպես` վերացվեցին երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսության և էներգետիկայի նախարարությունները, համահայկական նշանակություն ունեցող սփյուռքի նախարարությունը։ Մեկ նախարարության մեջ միավորվեցին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները, ինչը հավասարազոր էր այդ ոլորտների կառավարումը կազմալուծելուն։ Սակայն, ինչպես նշում են փորձագետները, իրականում պետական ապարատում աշխատողների թիվը ոչ միայն չկրճատվեց, այլև զգալիորեն ավելացավ։
_____________________________________________________________________
Հղումներ
1. Լեփսիուս Յ., Գաղտնի տեղեկագիր տոքթ. Եօհաննէս Լեփսիուսի, Հայաստանի ջարդերը, թարգմ.՝ Մ. Շամտանճյան, Կ. Պոլիս, 1919, էջ 106:
2. Տե՛ս Ôèðáþõåð Ã., Àðìåíèÿ 1915. Óíè÷òîæåíèå Òóðöèåé êóëüòóðíîãî íà¬ðî¬äà. Îòâ. Ðåäàêòîð Â. Ìèêàåëÿí, Åðåâàí, 1991, ñ. 59:
3. Տե՛ս Հայաստանի ազգային արխիվ (այսուհետև՝ ՀԱԱ), ֆ. 242, ց. 1, գ. 74, թթ. 28, 29:
4. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 74, թ. 39-40։
5. Տե՛ս Սահակյան Ռ., Արևմտյան Հայաստանի ռազմաքաղաքական և վարչատնտեսական իրավիճակը (1914 թ. հուլիս – 1917 թ. փետրվար), Երևան, 2015, էջ 149։
6. Տե՛ս Աֆանասյան Ս., Սարդարապատի հաղթանակը (Հայաստան, մայիս 1918), թարգմանությունը և վերջաբանը` Ռ. Գ. Սահակյանի, Երևան, 1991, էջ 37-38, Փափազեան Վ., Սարդարապատի հերոսամարտը, «Դրօշակ», Աթենք, 1988, 25 մայիս-8 հունիս, № 3-4, էջ 51, Արզումանյան Մ., Արհավիրքից վերածնունդ, Երևան, 1973, էջ 144:
7. Աստուածատրեան Ա., Արամը, «Հայրենիք», Պոսթըն, 1964, ապրիլ, № 4, էջ 70:
8. Տե՛ս Ասրյան Ա., Արամ Մանուկյան. կյանքը և գործը (ազատագրական շարժման և անկախ պետականության վերականգնման ուղիներում), Երևան, 2009, էջ 162-218:
9. Բժ. Յովակիմ Մելիքեան, Արեան ճանապարհով, «Հայրենիք», Պոսթըն, 1924, № 2, էջ 94։
10. Աստուածատրեան Ա., նշվ. աշխ., էջ 72:
11. Կոսոյեան Հ․, Հայկական Թերմոպիլէ, «Դրօշակ», 1928, մայիս, № 5, էջ 137։
12. Շահխաթունի Ա., Արամը. Յիշողութիւններ, «Ճակատամարտ», Կ. Պոլիս, 1921, հունվարի 30, №
670.249։
13. Տե՛ս https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf:
Արմեն Ասրյան