կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-26 14:02
Հասարակություն

Վերջին ամառը. Սպարտակ Ղարաբաղցյան

Վերջին ամառը. Սպարտակ Ղարաբաղցյան

Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Աշխարհին վերևից առաջին անգամ նայել եմ հորեղբորս ուսերին նստած: Հին նորքի բարձունքներում ամառանոց ունեինք, ուսերին առած այնտեղ էր ինձ տանում հորեղբայրս՝ քաղաքի շոգից ու ծխից փախցնում:

Ամառանոցը իրակնում Սաթենիկ տատիս բարձրաստիճան եղբորն էր՝ Վահանինը, բայց ամեն ամառ այն քրոջը Սաթենիկինն էր՝ մերը: Ամառանոց ասածը այսօրվա պարսպապատ շքեղ դղյակներն ու առանձնատները չպատկերացնեք, չնայած տերը բարձրաստիճան զինվորական էր, բայց խիստ, կարգ ու կանոնը հարգող, ավելորդ շռայլությունները մերժող մեկն էր...

Ասում են, երբ բարձր պաշտոնների է եղել, մինչևիսկ մերժել է մոտիկներին տաքուկ, եկամտբեր պաշտոններում տեղավորելու: Շատերը մինչև հիմա էլ նրան հիշելիս հակասական բաներ են ասում:

-Ոչ տալիս էր ոչ առնում... ի՞նչ տարավ հետը,- հեգնանքով հիշում էր մեկը:

Մյուսն էլ հակադարձում էր. «Ոչ տվողն ա տանում, ոչ առնողը, կարևորը լավ անուն թողեց...»:

Սաթենիկը եղբոր մասին հեքիաթի պես մի պատմություն էր պատմել. Վահանը 12-13 տարեկան հասակում մի օր դուրս է եկել տանից, հասել Թովուզ-կայարան, նստել Թիֆլիսի գնացքն ու.... կորել: Օրեր, ամիսներ, տարիներ անց հաշտվել են կորստի հետ, մտածել, թե Ղազախի թուրքերն են տարել Վահանին: ՈՒ հանկարծ հրաշք է կատարվում, պարզվում է, Վահանը Ռուսաստանում ուսում է ստանում զինվորական բարձրագույն ակադեմիայում, ու որպես ապացույց մի երկտող ու լուսանկար էր ուղարկել գյուղ:

Հիշում եմ, նրա ուսադիրներին ոսկեզօծ փայլփլող աստղերը, բայց այն ժամանկ չգիտեի, թե ինչ են նշանակում: Անթերի ռուսերեն ու պարսկերեն գիտեր, բայց քրոջ, բարեկամների, հարազատների հետ միմիայն մեր տաք բառբառով էր խոսում:

Ամառանոցի մեր հարևանները կարծում էին, թե ես զինվորականի տղան եմ ու ասում էին. «Պոլկովնիկի տղան եկավ, պոլկովնիկի տղեն գնաց...»:

Այդտեղից էլ հասկացա, որ գնդապետի կոչում է ունեցել Վահանը: Հայրս, հորեղբայրս նրան Վահան դայի (քեռի) էին ասում, դե իրենց հալալ-զուլալ մորեղբայրն էր, վարորդը անուն հայրանունով էր դիմում՝ Վահան Մովսեսիչ... Այստեղից էլ իմացա, որ Սաթենիկի հոր անունը Մովսես է եղել:

Շաբաթը մեկ Վահանը գալիս էր ամառանոց՝ քրոջը տեսության, մի քանի ժամ մնում, հետո հրաժեշտ տալիս ու գնում: Մտահոգ էր Սաթենիկը՝ երազում էր հալալ կաթնակեր մեկին տեսնել եղբոր կողքին...

....Հորեղբորս ուսերին նստած որքան բարձրանում էինք, այնքան ամբողջական էր դառնում վերևից երևացող քաղաքի համայնապատկերը: Այդ տարիքում բոլոր երեխաները հարցասեր ու շատախոս են լինում:

Սկզբում հորեղբայրս հարցերիս սիրով էր պատասխանում, բայց գնալով, որքան վեր էինք բարձրանում, այնքան հարցերս անպատասխան էին մնում: Արդեն լսում էի հորեղբորս հոգնած շնչառության հևքը, բայց չէի պատրաստվում ցած իջնել ու հարցեր չտալ...

Երբ համարյա բարձունքը հաղթահարել էինք, հորեղբայրս ինձ ցած առավ ուսերից ու.

-Օ՜Ֆ... զահլես տարար... տղամարդը էդքան կխոսա՞,- ասաց ու սրբեց ճակատի քրտինքը:

Հոգնության պատճառը իմ շատախոսությունն էր պարզվեց: Մնացած ճանապարհը ձեռքս բռնած, լուռ, ասես իրարից խռոված անցանք… Տեղ հասնելուն պես ձեռքս պոկեցի նրա տաք ափից ու գրեթե լացակումաց տատիս գիրկն ընկա:

-Էս խի՞ ես լաց ըլըմ, Գրիշն ա՞ նեղըցըրել:

-Ուսիս տրած թագավորի պես պիրել եմ, էդ էլ իմ լավությունը՞,- արդարացավ հորեղբայրս:

-Բա խի՞ ա նեղված,- հարցրեց տատս:

-Ճամփին ասա տազ ա արել. ի՞նչ եմ արել, ասել եմ տղամարդը էդքան կխոսա՞…

-Հա, դե , մի մատ ըրեխա յա.. դրա վախտին վեր տու էլ հըրողպեր տեհած ըլիր, տու էլ տազ չիր անիլ:

Ամառանոցի հարևանները լենինականցիներ (հիմա գյումրեցի) էին: Նրանք մշտական բնակիչներ էին, ամառ-ձմեռ այնտեղ էին: Ամառները մտերմացրել էր մեզ: Օֆիկը, նրանց հարսը, իմ գնալու օրը լիքը ափսեով ելակ էր բերում ու հատուկ նշում. «Պոլկովնիկի տղի համար է»:

Մինչև հիմա հիշում եմ արևաբույր ելակի համն ու Օֆիկի բարի ժպիտը: Սաթենիկը, որ ամեն հարսի չէր հավանում, Օֆիկի համար ասում էր.

-Էրնեկ սրա նման մի հալալ կաթնակերն էլ մեր Վահանին թուշ ըլնի:

Այս անգամ էլ Օֆիկը ավանդույթը չխախտեց. մի լիքը ափսե, նոր թփից քաղած ելակ բերեց ու. «Էս պոլկովնիկի տղի համար է»:

Հորեղբայրս կատակով ասաց. «Կըլնի՞ մի էրկուսն էլ ես ուտեմ»:

Երկու-երեք ելակով հաշտվեցինք. չնայած հորեղբայրս այս անգամ ավելի մտերմիկ տոնով ասաց. «Տղամարդը քիչ կխոսա»:

Երեկոյան, հովին, հորեղբայրս վերադառնում էր քաղաք: Տատս հերթական ապսպրանքներն էր անում նրան, ինչի կարիք ունի, ինչ պիտի բերվի եկող շաբաթ: Այս անգամ մի հատուկ ապսպրանք էլ արեց. «Ախպորդ հետ գեղըմը մի տուն առեք, ինչ էլ ըլի , էս մերը չի, Վահանինն ա, ես էլ թոռներիս խալխի դըռներին պահողը չեմ»:

Չէ, Սաթենիկը եղբորից չէր նեղվել, ոչ էլ Վահանը քրոջից, ընդհակառակը, Վահանի համար Սաթենիկը և´ քույր, և´ մայր էր:

Սաթենիկը մտահոգ էր, մի քանի օր առաջ, Վահանը ինչ-որ կնոջ հետ էր եկել ամառանոց ու Սաթենիկի ամենատես աչքից չէր վրիպել, որ կինը տան տիրուհու պես է նայում, տնտղում ամեն ինչ ու ինչպես մեր կողմերում են ասում. «կալմեջ էր արել Վահանին»:

Սաթենիկի մտահոգությունը ոչ թե քրոջ, այլ մայրական մտահոգություն էր արդեն... Սաթենիկը չէր սխալվել.... Մեր ոտքն ամառանոցից կտրվեց: Վերջին ամառն էր...:

Հ.Գ. Այս պատմությունը անավարտ կմնա, եթե չավելացնեմ տասնամեակներ անց հորեղբորս կնոջ պատմածը: Ահա այն. «Մի օր մեր տուն մի սիրուն կնիկ էկավ, սումկեն ուսից կախ տված, մեր հասցեն էլ ձեռին: Քաղաքավարի բարևեց:

- Ներս արի աղջիկ ջան, տենամ ո՞վ ես, - ասեցի:

Հենց տուն մտավ, հըլեյի մի հարիր տարի էդ տուն մտած դուրս էկած ըլեր: Նստեց, տատիցդ՝ կիսուրիցս հըրցրուց:

-Ասեցի ուշացել ես աղջիկ ջան... Հըրողպորդ հըրցրուց, ասեցի նաէլ ա ընդի... Տեհա աչքերը լցվեց: Վեր աչքերը լցվեց, իմ սիրտն էլ պըրակեց:

Ինձ ու ինձ ասեցի, սա մերոնցի ա... Անուններ տվուց, մինը կարը, մինը չկար: Տեսա չէ, էս զրիցը երկար դի քյնալ, կոֆե էփեցի... Մի կուշտ զրից արինք ու լաց ըլանք... Վերջը հըրցրի, տու (դու) ու՞մ աղջիկն ես:

-Սաթենիկը իմ հորաքույրն է,-ասեց:

Մտածեցի, ուրեմն սա կամ Ապրեսի կամ Վահանի աղջիկն ա: Դժվար Ապրեսինը ըլեր, նրա կնիկը գեշ զատ էր....

-Վահանինն եմ, Վահանի աղջիկն եմ:

-Անըմդ ինչ ա՞ աղջիկ ջան... Էդքան վախտ անըմն էլ չի հըրցրել:

-Անունս Վահանդուխտ է,- ասեց:

Եդով (հետո) սումկի (պայուսակի) ըլած-չըլածը տըրտակեց (դատարկեց) ու էս տվուց:

Անսպասելի հյուրը հորեղբորս կնոջը այցեքարտն էր տվել, ուր հոլանդական մի քաղաքի հասցեն էր, հեռախոսահամարներ ու Վահանդուխտի օրիորդական ազգանունի կողքին ամուսնական օտարահունչ ազգանունը...»: