Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արևի բնակավայրը
Լևանին ու Գաղթոյին «նվիրած» «Զապարոժեցների» դիմապակիներին հատուկ տարբերանշան էր փակցված՝ սայլակի մեջ նստած անդամալույծ մարդու ուրվագծով: Այն պատերազմի մասնակցի վկայագիր էր նշանակում:
Լուրը Երևան հասավ…Կամոն գյուղ մեկնելու պատրաստություն տեսավ. Սաթենիկ տատի համար ճերմակ պուտիկներովսև գլխաշոր գնեց, մոր՝ Հայկանուշի համար՝ տեսակ-տեսակ թեյի կոնֆետներ, իսկ Լևանի ու Գաղթոյի համար էլ այս անգամ բացի կոշիկից՝ թանկանոց հարավսլավական կոստյումներ. ճիշտէն կոստյումից, որ կոմիսիայի (բուժզննման) օրը շքանշանախեղդ թիկունքայինն էր հագել... Վարպետ Գափոյի խնդրանքն էլ չէր մոռացել. «Սև պոչով «Ախթամար» կպիրես, Կամո ջան »,- ապսպրել էր Գափոն, թեևնրա անփոփոխ ծխելիքը թունդ «Ավրորա» տեսակինն էր, որից Կամոն ամեն գյուղ գնալիս այնքան էր տանում, որ Գափոն չնեղվի...
«Գափո ամի՞, ինչի՞դ ա պետք «Ախթամարը», էն էլ ՝սև պոչովե,- խորամանկ ժպիտով հարցրել էր Կամոն:
Իրեն հատուկ շիտակությամբու անմիջականությամբ՝ Գափոն չէր թաքցրել. «Էն կուռը՝ թուրքերը դեմ տանիլ, ուզել են…»,-հետոէլ երեխայի ոգևորությամբ բացել գաղտնիքը,- «Ղազախի բազարըմ պաչկեն էրկու մանեթով թըռցընըմ են...»:
Ծանոթթուրքերից մեկը Գափոյին խնդրել էր, որ «Ախթամար» ճարի, հետն էլ շեշտել՝ անպայման սև պոչովը… ու էն գլխից տուփը մի ռուբլով հաշվել՝ քսան ռուբլի էր առաջարկել Գափոյին: Փողը Գափոն չէր վերցրել.
«Տեղը գիլաս կտաս»,-ասել էր: Թուրքը համաձայնելէր…
Լեռան այն կողմում՝ թուրքերում, կեռասը շուտ էր հասնում, դրա համար էլ լեռան մեր կողմում անունը «թուրքի գիլաս» էին դրել… Համով, մեղրի պես քաղցր էր, մի թուշը կարմիր, մյուսը՝ մեղրամոմի պես դեղին…
… Կամոն Լևանին ու Գաղթոյին ոտքից գլուխ հագցրեց, նորեց… Ճիշտ է, Գաղթոյի վրա կոստյումը մի քիչ լայն եկավ, բայց կինը ճարը գտավ. «Տակիցը հաստսարոչկա կհագնես՝ կդզվի…»:
Այդ օրը հաստատ լուսանկարվելու օրն է եղել. Գաղթոն հագել-կապել ու կնոջ օգնությամբ, երբ մի ոտքի վրա արագիլի պես կանգնել է հայելու առաջ, ինքնագոհ ժպիտ է երևացել դեմքին՝ հայելու մեջ ուրիշ Գաղթո էր…
Հիշեց, երբ ջահելէին (էն ե՜րբ էր, հա՜...),ու Գաղթոն հազարից մեկ էր նոր շոր կամ կոշիկ հագնում, կինն ասում էր՝ «հազարը մաշես»… Այդ օրը՝ «բարով մաշես» ասաց միայն… «Հազարը մաշես» չասաց,սուտ կլիներ… Կինը նայել է հայելո դեմ կանգնած ամուսնուն ու որոշել ինչ-որ ուրախ բան հորինել, գտել ու հանկարծ գյուտ արածի պես ասել է.«Գաղթո ջան, պի էդ թազա կաստըմիդ դոշին մեդալդ կախ տանք»:
«Գաղթո ջանը» այնքան անկեղծ ու սրտանց է ասել, որ թվում էր, թե Գաղթոն չպիտի մերժեր:
Գաղթոն շոյել էր թանկարժեք կոստյումի կուրծքը, նայել կնոջը, հետո էլի շոյել, նայել հայելու մեջ ու անբեկանելի որոշում կայացնողի պես ասել. « Չէ՛...կաստըմըս փըչըցնիլ մի՛... »: Հետո կնոջ սիրտը շահելու համար շարունակել. «Դենը ճամփիլիս ինչ ունեմ-չունեմ կաստըմիս կախ կտաս...»:
«Էս թազա կաստըմի՞դ, ափսո՞ս չի»,-հիմա էլ նեղսրտել է կինը,- «մինչև մաշես վեչ, դենը քյնալը մտքիցդ հանի...»:
Դենը գնալու ճանապարհին Գաղթոն դեռ մի երկու ոտնաման էլ պիտի մաշեր, բայց կոստյումը հատուկենտ օրեր հագավ:Վերջին անգամ լեռան այն կողմ՝ թուրքերը գնալուց էր հագել՝ ֆրոնտավիկ թուրք ընկերոջ՝Սաֆարի որդու հարսանիքին մասնակցելու համար...
Պատերազմը երկուսին էլ խեղել էր ու նաև այնքան մտերմացրել, որ մեկը մյուսի և՛ տխրությանը, և՛ ուրախությանը կողք կողքի էին...
Քիչ է պատահել, երբ հայը թուրքի անկեղծությանը չկասկածեր, թուրքն էլ հայի՝ նվիրվածությանը... Քիչ է պատահել...
Գաղթոն կանխազգում էր, որ դենը գնալու օրը մոտ է, բայց օրը, ժամը որոշողը ոչ ինքն էր,ոչ էլ բժիշկ Վասիլը... Որոշողը՝ հրեն, երկնքում է,ՆԱ է հրամայողը, ՆԱ է կանչողը, ՆԱ է տվողն էլ, առնողն էլ...
Որքան կարճանում էր դենը տանող ճանապարհը, Գաղթոն ավելի շատ էր հավատում Երկնքի Տիրոջ գոյությանը, հիշում էր անբացատրելի, առեղծվածային մի երազ, որ պատերազմի տարիներին էր տեսել... Երազում բաց երկնքի տակ կողք կողքի պառկած զինվորների մեջ ինքն էլ կար... Երկու ալեհեր գավազանակիր ծերունիներ պառկած զինվորների մեջ իրեն են փնտրել, ու նրանցից մեկը նկատելով ասել է.«Էն մեր Գաղթոն չի՞...»: Հետո արձակել է թիկնոցն ու ծածկել բաց երկնքի տակ քնած Գաղթոյին...
Առավոտյան ջոկատը շարվել, սպասել է մարտականնոր առաջադրանքի: Շիկահեր հրամանատարը լուռ ու խիստ հայացքով զննել է շարասյունն ու անսպասելի որոշել. «Շարքային Մարտիրոսյան, կմնաս զորանոցում՝ վիրավոր Ալիևին խնամելու...»:
Գաղթոյին թվացել է՝ դեռ երազի մեջ է... Ալեհեր ծերունու ձայնն է հիշել. « Էն մեր Գաղթոն չի՞...»:
Ջոկատից ոչ ոք չի վերադառնում... Վիրավոր, խնամքի կարոտ Ալիևը լեռան այն կողմում ապրող Սաֆարն է...
... Որդու հարսանիքին Սաֆարը ֆրոնտավիկ ընկերոջը՝ Գաղթոյին, եղբոր պես է ընդունել:
«Դու որ չլինեիր, ես է՜ հազար տարվա մեռելների կողքին կլինեի հիմա... Ո՛չ հարսանիքի էս օրը մերը կլիներ, ո՛չ էլ էսքան մարդ կհավաքվեր ուրախությունս կիսելու...»:
Տեսնես՝թուրք Սաֆարը ֆրոնտավիկ հայ ընկերոջ անվան իմաստը գիտե՞ր՝ Գաղթական՝ Գաղթո...
Պատերազմը երկուսին էլ խեղել էր ու նաև այնքան մտերմացրել, որ մեկը մյուսի և՛ տխրությանը, և՛ ուրախությանը կողք կողքի էին... Քիչ է պատահում , երբ հայը թուրքի անկեղծությանը չկասկածի, թուրքնէլ հայի՝ նվիրվածությանը... Քիչ է պատահում... ու, թե պատահում է,լեռան այն կողմում, ինչպես Գաղթոյի համար էին ասել, ասումէն. «Լավ մարդ է, բայց ափսոս... հայէ...»:
... Գաղթոն չհիվանդացավ, նեղություն չտվեց ոչ մեկին: Միայն երբ ավանդում էր հոգին, Գափո ամին նրա վերջին ցանկությունն է հարցրել.
«Գաղթո ջան, սիրտդ ի՞նչ ա ուզում...»:
Դենի դարպասներին հասած Գաղթոն մեղմ,բարի ժպտացել ու հազիվ արտաբերել է.
«Թուրքի գիլաս...»:
... Հաջորդ օրը Գաղթոյի տան առաջ հավաքված բազմության մեջ լեռան այն կողմից եկած Սաֆարն էլ կար. սև ժապավենով փնջած մի խոյ էր բերել ֆրոնտավիկ ընկերոջ՝ Գաղթոյի հոգեհացի համար...Գաղթոյի՝քաղաքից եկած բարեկամներից մեկը հարցրել էր.
«Էն ո՞վ է... »:
«Գաղթոյի ֆրոնտավիկ ընկեր Սաֆարն է՝ լեռան էն կոմից...»:
«Լավ մարդ է»,- ասել է մեկ ուրիշը...
«Հա »,-համաձայնել է քաղաքից եկածը ու ավելացրել,- «ափսո՜ս, թուրք է...»:
Սպարտակ Ղարաբաղցյան
Երևան, 2013