Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
...Բզկտված Հայաստանից մնացած այս տարածքը այն տարիներին Սովետական Հայաստան էր կոչվում: Հենց էդ «Սովետական» բառը, անունը համայնավար Մարգարին գայթակղեց, ոգևորեց, ստիպեց, որ 1947-ին հավաքի ունեցած-չունեցածը, ձգի Լիբանանն ու գա, բնակվի մեր թաղում... Կնոջ՝ Ազատուհու դաշնակցական եղբայրներին մերժեցին, թույլ չտվին, արգելեցին ներգաղթել, որովհետև Հայաստանը Սո-վե-տա-կա՜ն էր...
Սովետների երկրում Մարգարին կուլակաթափ արին. եղած-չեղածը ձեռքից առան ու հետը բերած թոփ-նոր բեռնատար հինգ մեքենաներից միայն մեկը «թողեցին» նրան... Մարգարին ձևակերպեցին վարորդ միայն մի պայմանով՝ ամեն օր, աշխատանքային օրվա վերջում մեքենան կայանվի «գարաժում»...
Քաղաքից կտրված, հեռու, անտեր ու անխնամ տարածք էր «գարաժ» ասվածը' անծածկ, անկտուր...Ամեն գիշեր Մարգարը մեքենան հասցնում էր գարաժ, կայանում իր իսկ բերած մյուս բեռնատարների կողքին ու տխուր, գորովալից, թաքուն ափսոսանքով նայում նրանց, ինչպես արաբն իր գերեվարված ազնվացեղ նժույգներին կնայեր:
Ազատուհին աչք չէր փակում մինչև ամուսինը կվերադառնար: Մարգարի հոգնած ու վհատ վիճակը տեսնելով՝ հիշեցնում էր.
Տուն էր վերադառնում ոտքով: Նույն ճանապարհը, առավոտ կանուխ, էլի ոտքով պիտի գնար՝ հասնելու «գերեվարված նժույգին»:
«...Եղբայրներս հազար ըսին՝ մի՛ երթար, Մարգար, քո գիտցած համայնավարները չեն հոն, քո գիտցած երկիրը չէ: Մտիկ չըրիր, ականջ չկախեցիր՝ ինչ է թե, եղբայրնե՞րս էին ըսողը...»:
Մարգարը հազար անգամ լսել էր այս խոսքերը ու այս անգամ էլ համբերատար լսեց, չարձագանքեց... Մի կենտ բառ ասաց.
«Անոթի եմ...» ,- ու հայացքը նետեց կողք-կողքի քնած երեխաներին: Վեցն էին, յոթերորդին սպասում էին՝ էսօր-էգուց էր...
Ընթրիքի աղքատիկ սեղանի շուրջ երկուսով էին: Ազատուհին հուշերով լրացնում էր պակասը:
-Մարգար,- դիմեց ամուսնուն,- գիտե՞ս՝ ինչ հիշեցի..
-Ի՞նչ,- մեղմ հարցրեց Մարգարը
-Կհիշե՞ս, երբ Բաթում հասանք, նավին վրա պրոպագանդիստ մը ելավ, հայ թարգմանիչ կար հետը...
-Կհիշեմ, -ասաց Մարգարը:
-Կհիշե՞ս՝ ինչ ըսավ :
-Ի՞նչ:
Ըսավ՝ ուտելիք-մուտելիք, ինչ ունեք-չունեք, հավաքեք, ծովը նետեք. կարանտին է... Թարգմանիչին հարցուցի՝ նարի՞նջն ալ...Նարինջն ալ, զեյթունն ալ, ամենը, ամենը... Կարանտին է՝ ըսավ:
-Է՜, Ազատուհի, հոգիս, նարինջին համն ալ մոռցիր, զեյթունին գույնն ալ:
Մարգարի ձայնի մեջ գորովանք կար ու մեղքի զգացում...
-Մարգար, գիտե՞ս՝ ինչին կափսոսամ...
-Ինչի՞ն:
-Շոկոլան...Շոկոլան ալ ծովը նետեցի...
Մարգարը մեղմ ժպտաց ու կնոջը քնքուշ շոյելով՝ ասաց.
-Մի՛ ափսոսար...
Ազատուհին նորից հարցրեց.
-Մարգա՜ր..
-Ըսե..
-Մարգար, պրոպագանդիստին ըսած կարանտինը ե՞րբ պիտ լըմըննա...
Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ