Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պատմությունը կես դար առաջ քաղաքի բերանն ընկած պատմվում էր. նախ՝ շշուկով, հետո՝ մի քիչ բարձրաձայն, հետո՝ բաց-բաց՝ առանց քաշվելու, առանց վախենալու… Այն ավելի հավաստի դարձնելու համար անուներ էին տալիս, հիշատակում տեղն ու վայրը… Հետո՞… Հետո մոռացվեց… Այդպես մոռացված էլ մնար երևի, եթե օրերից մի օր մեր հին թաղեցի Եփրեմի հետ զրույցի չբռնվեինք ու չհիշեինք Քերոբ-Սերոբին, կամ՝ Սերոբ-Քերոբին: Զույգ եղբայրներ էին սրանք, ջրի երկու կաթիլի պես նման, այնքան նման,որ տանը նույնիսկ ծնողները չէին տարբերում նրանց, ուսուցիչները՝ դպրոցում, խաղընկերները՝ փողոցում… Ելքը գտնվել էր. թե՛ տանը, թե՛ դպրոցում, թե՛ փողոցում նրանց Սերոբ-Քերոբ կամ Քերոբ-Սերոբով էին դիմում, կանչում… Նրանք էլ էին վարժվել դրան…
-Հիմա Ամերիկայո՞ւմ են ապրում,- հարցրի Եփրեմին:
- Հա, Լոսում են,- հաստատեց Եփրեմն ու հավելեց,-Սովետի տարիներին փախան...
Մոռացված պատմության մյուս հերոսը թաղայինն էր, ու երբ Եփրեմը հարցրեց.
- Հիշո՞ւմ ես Բեգլարյանին…,- մեջս միանգամից արթնացավ, ուրվագծվեց նրա կերպարը՝ հաղթանդամ, ձիգ, գոռոզ…Ու առանց վարանելու՝ ասացի.
-Ո՞նց չեմ հիշում. դեմքին էլ մի մեծ շռամ(սպի) կար...
-Թաղում մի տերև էլ շարժվեր, Բեգլարյանը գիտեր,- խորհրդավոր ասաց Եփրեմն ու շարունակեց,- դե գիտես՝ էն տարիներն մեր թաղում ինչքան գործ անող, մի էդքան էլ գործ տվող կար…
Գործ անողները՝ սուջուխ-բաստուրմա շինող հալեպցի Հակոբն էր, դերձակ՝ բեյրութցի Հակոբը, մեբելչիկ (կահույքագործ) վանեցի Արտաշը, վալյուտչիկ ֆրանսահայ Ժակը, պոլսահայ անտիկվար Վահեն, որը նաև «գրաբար» մականունն ուներ (մեծ , հարուստ գրադարան ու շատ բան իմանալու համար, երևի ), տոկոսով փող տվող Կուլակը, անհայտ զբաղմունքի տեր Ցոլակն ու շաքար-աքլոր Ղազարը…
Գործ տվողներին էլ հիշեցինք, բայց քանի որ նրանց սերունդները դեռ կան, անուններ չտանք, ամոթ է…
Դեպքը տեղի է ունեցել մեր թաղում, փոքրիկ գետակի հարևանությամբ գտնվող Հակոբի վարսավիրանոցում:
-Շոգ ամառ էր,-մոռացված պատմության փոշին մաքրելով՝ սկսեց Եփրեմը,- Քերոբ-Սերոբի հետ եկանք վարսավիրանոց՝ մազներս կտրելու… Հաճախորդ ուներ Հակոբը. նստեցինք՝ սպասելով մեր հերթին: Հակոբի հաճախորդները անպակաս էին. կողքի, անծանոթ թաղերից անգամ ժամադրվում, հերթագրվում էին նրա մոտ, թեև իրենց թաղերում էլ վարսավիրանոցներ ու վարսավիրներ կային… Հակոբի ամեն մի շարժումը, ամեն մի գորժողությունը դերասանի խաղ էր հիշեցնում. ի՜նչ հաճույքով ու սիրով էր օճառի փրփուրը պատրաստում,հետո, ինչպես նկարիչն է վրձնահարվածներով ներկը դնում կտավին, այդպես էլ նա օճառի փրփուրը դիզում էր հաճախորդի դեմքին... Հաջորդ արարողությունը ածելին սրելն էր . լայն, կաշվե հատուկ գոտու վրայով վեր ու վար սահեցնելով՝ հեսանում էր ածելին, ինչպես մարտի գնալուց առաջ հեսանաքարին թուրն են սրում... Երբ ավարտում էր, հիացած, երեխայի հրճվանքով նայում էր ածելու փայլուն շեղբին՝ հիշելով.
- Բուլղարիայից եմ բերել… Գերմանական է…
Հակոբը Պլովդիվից էր ներգաղթել Հայաստան, բայց նրան «ախպար» մականունը չէր կպել… Դե Բուլղարիան ի՞նչ…Է՜ն թվերին Սովետի թևի տակ ապրող երկիր էր, ոնց որ մենք, Վրաստանը կամ Ադրբեջանը…
Հակոբի հագուկապն էլ հատուկ էր. բժշկի նման ճեփ–ճերմակ խալաթ էր հագնում` վերևի գրպանին իր անվան սկզբնատառը ասեղնագործած... Սրանք էին պատճառները երևի, որ իրեն հարգող տղամարդը նրա մոտ էր գնում սափրվելու կամ մազը կտրելու...
- Իր գործի մեջ եզակի էր Հակոբը,- շեշտեց Եփրեմն ու շարունակեց,- բայց անհամ, անհետաքրքիր զրուցակից: Այդ օրն էլ փորձեց զրույց բանալ ու մի պահ հայացքը մեզ վրա գցելով` հարցրեց.
- Հիմի դու ո՞ր մեկն ես՝ Սերոբ-Քերո՞բը, թե՞...
- Քո համար ի՞նչ տարբերություն. մեկ է՝ մի գլխի փող եմ տալու,- պատասխանեց Սերոբ-Քերոբը:
- Տանը ձեզ ո՞նց են իրարից ջոկում,- հարցնողն այս անգամ հաճախորդն էր:
- Հոտով,- կարճ պտասխանեց Սերոբ-Քերոբն ու դարձավ Հակոբին,- էսօր ի՞նչ դուխի ես ցանելու մազերիս...
- Որ ամենալավը, ամենաթանկը ցանեմ, կասե՞ս՝ որ մեկն ես,- պայման դրեց Հակոբը:
Կասեմ,- համաձայնեց Քերոբ-Սերոբը:
- Մեկ է էլի խառնելու ես, Հակոբ, գործ չունես, դրանց իսկի իրենց տանը չեն ջոկում իրարից,- ծիծաղելով միջամտեց հաճախորդը...
Հակոբն արդեն գործն ավարտելու վրա էր ու բուրավետ օծանելիքն էր պզզացնում հաճախորդի սափրված, մաս-մաքուր կամ ինչպես ինքն էր ասում՝շուշա- թրաշ դեմքին... Հետո անցնում էր վերջին արարին. իր՝ սանր ու մկրատից բացի բան չբռնած նուրբ, բարակ մատներով պիտի մերսեր նրա դեմքը ու երբ՝ թրաշդ անո՜ւշ ասեր, ուրեմն՝ վերջ...
«Թրաշդ անո՜ւշը» Հակոբը երգեցիկ ձայնով էր ասում, և այն յուրովի ստորագրություն էր, ինչպես նկարիչն է ավարտուն կտավի տակ ստորագրություն դնում…
- Հերթը մեզ հասավ,- շարունակեց Եփրեմը,- մինչ կորոշեինք, թե մեզանից ո՞վ է առաջինը նստելու ազատված աթոռին, ներս խուժեց թաղայինը: Հակոբը մի պահ անակնկալի եկավ, բայց անելիքն անգիր արած մարդու պես, առանց իրեն կորցնելու` ասաց.
-Ճիշտ ժամանակին եկաք, ընկեր Բեգլարյան,- հետո շտապ-շտապ՝ ձեռքին մնացած ցամքոցով աջուձախ մաքրեց ազատված տեղն ու ծառայելու ընդունակ մարդու խոնարհ ժպիտը դեմքին, որն ավելի շատ աղերսանքի էր նման.
- Հրամմե՜,- ասաց:
Թաղայինն առանց մեր կողմը նայելու, ավելի շուտ՝ արհամարհելով, թե իբր չի նկատել, փլվեց աթոռին... Օծանելիքի հոտը բռնել էր վարսավիրանոցի փոքրիկ տարածքը, սրան էլ օդամղիչի միապաղաղ դզզոցն էր գումարվում ու թմբիր բերում... Բեգլարյանի կողքից կախ տված զենքի պատյանը դուրս էր մնացել նստատեղից: Սերոբ- Քերոբը նկատել էր ու, հայացքով ցույց տալով այն, թեքվեց ու շշուկով ականջիս ասաց.
- Մեջինը փետից է, ստից բան...
- Գրազ գանք...,- հետո, չգիտեմ՝ ինչու, շշուկով, որ միայն մենք լսենք, ավելացրի,- գրազ գանք՝ հանեմ...
Քերոբ-Սերոբը չհավատաց, երևի, ու վստահ, որ ասածս խոսք էլ կմնա, կրակի վրա յուղ ավելացնողի տոնով ասաց.
- Չհանողի...
Ով եղել է այդ տարիքում՝ գիտի, թե դա ինչ է նշանակում... Մանավանդ մի թաղում, ուր խոսքը, խոստումը չհարգելը անպատվաբեր էր, ամոթ...
... Նստատեղից դուրս մնացած կաշվե պատյանի բերանը կիսաբաց էր: Մի կողմից էլ էր բախտս բերել. թաղայինը մրափ էր մտել, ու Հակոբը զգույշ, մանրակրկիտ իր գործն էր անում...
Ինչ-որ մեկն ասես հուշեց անելիքս, ուրիշ մարդ դարձա կարծես, ու իմ փոխարեն ասաց.
- Բեգլարյանի թրաշի քավորը էսօր ես եմ...
Քերոբ-Սերոբին աչքով արի ու գործի անցա. հուշիկ քայլերով մոտեցա Հակոբին, աչքի պոչով տեսա ու համոզվեցի, որ թաղայինը լավ էլ քնած է, ու մի ձեռքով դանդաղ նրա ճերմակ խալաթի գրպանը սահեցնելով դրամը՝ մյուսով աննկատ ՝ պատյանից դուրս քաշեցի զենքը... Հակոբի դեմքին ժպիտ ծաղկեց. չէ՞ որ Բեգլարյանը ձրի, չվճարող հաճախորդ էր… Թվում էր, թե անտեսանելի գլխարկ եմ հագել, ու ո՛չ Հակոբը, ո՛չ թաղայինը չեն նկատում ինձ...Քերոբ-Սերոբի դեմքը պատի ծեփ էր դարձել, իմը՝ չգիտեմ…
Զենքը գոտիկս խրեցի ու հանգիստ նստեցի Սերոբ- Քերոբի կողքին:
-Փետ չի՞,- վախվորած, շշուկով հարցրեց նա:
Գլուխս բացասական շարժեցի: Քերոբ-Սերոբն ավելի գունատվեց: Արդեն մտածում էի, թե ինչպես ազատվեմ գոտկատեղս այրող կրակից՝ զենքից, ու հանկարծ փրկարար միտք ծնվեց: Մեղավորի պես դիմեցի Հակոբին՝ ասելով.
- Հակոբ, դուրս գամ մի հատ ծխեմ..,- հետո վստահություն հայցող մարդու պես խնդրեցի,- մերոնց չասես…
- Չեմ ասի,- ինքնագոհ, ինքնասիրությունը շոյված ասաց Հակոբը:
Դուրս թռա վարսավիրանոցից, հասա գետակի եզրին ու զենքը նետեցի խոտերի մեջ: Ասես, մի հատ մեծ ու ծանր բեռից ազատվեցի:
- Ծխեցի՞ր,- մի պահ ընդհատելով՝ հարցրեցի Եփրեմին:
- Էն էլ ո՜նց, Քերոբ- Սերոբի տեղն էլ ծխեցի,- երանությամբ հիշեց Եփրեմն ու շարունակեց,- վերադարձա ու հանգիստ նստեցի Բեգլարյանի կողքին:
Հակոբն արդեն տաք-տաք թրջոցներ էր դնում թաղայինի սափրած դեմքին ու մի քիչ երկչոտ, վախվորած ձայնով, որ արթնացնի նրան՝ թրաշդ անո՜ւշ, ընկեր Բեգլարյան ասաց…
Քնաթաթախ թաղայինը ծուլորեն շոյում էր սափրած դեմքն ու հայելու մեջ զննում իրեն: Հակոբը հարցրեց.
- Ո՞ր օդեկոլոնից ցանեմ, Բեգլարյան ջան…
- Պետք չէ,- կտրուկ, չոր պատասխանեց թաղայինը:
- Թող ցանի, ընկեր Բեգլարյան, փողը տված ա…
- Ա՜յ թե բիճ ախպարն ես,- արհամարհական քմծիծաղով ասաց թաղայինն ու շարունակեց հայելու մեջ նայելով հիանալ իր շուշա-թրաշ դեմքով, որի վրայի սպին ավելի էր ընդգծում նրա թաղային լինելը…
-Ես Հայաստանում եմ ծնվել, ընկեր Բեգլարյան, ես ախպար չեմ…
- Լավ, լա՜վ, դու էլ Սովետի ախպար ես,- նետեց նա ու հենվելով բազրիքներին՝ կանգնեց հասակով մեկ...
Քունն առած, ընդարմացած թաղայինը տեղը զիջեց մեզ…
Թեև նա դուրս էր եկել վարսավիրանոցից, ու Հակոբն արդեն Քերոբ-Սերոբի մազերն էր հարդարում կտրելուց առաջ, գիտեի՝ ուր որ է ամպրոպ է ճայթելու…
Քիչ անց շփոթված ու այլայլված դեմքով ներս ընկավ թաղայինն ու անասնական ձայնով գոռալով՝ դիմեց Հակոբին.
- Զե՜նքս, Հակո՛բ, զե՜նքս... ո՞վ հանեց... ո՞վ տարավ...
- Իիի՞նչ զենք, Բբեգ Բեբեգլարյան ջան...,- բանից անտեղյակ՝ կմկմաց Հակոբը...
Բեգլարյանը ոտքից գլուխ նախ ինձ ստուգեց, հետո նստած տեղից քաշեց Սերոբ- Քերոբին, նրան էլ մի լավ զննեց ու ոչինչ չգտնելով՝ նվաղեց...
- Տունս քանդվեց, հերս կանիծեն, մերս...,- հուսահատ, գրեթե լացակումած էր թաղայինը...
Ինքնավստահ Բեգլարյանից բան չէր մնացել... Հակոբը, բանից անտեղյակ, վախից քարացել, ծպտուն չէր հանում...
Ճարը հատած մարդու պես՝ Բեգլարյանը խնդրեց, աղաչեց, պաղատեց, վերջապես տղամարդու խոսք տվեց, որ ոչ մի վատ բան, վատություն չի անի միայն թե զենքը վերադարձնենք...
- Հետո՞,- այրվող հետաքրքրությամբ հարցրի...
- Հետո ի՞նչ...,- շարունակեց Եփրեմը,- հավատացինք, զենքը վերադարձրինք, բայց ո՞վ է տեսել ու լսել, որ մենթը իր խոսքը հարգի... Զենքը ստանալուն պես՝ էս մարդը վերափոխվեց, դարձավ նույն գոռոզ ու ամբարտավան թաղայինը...
Անչափահաս էինք, ու մեզ մանկական գաղութ տարան. տասը օր՝ ուղղիչ աշխատանքի...
Հակոբի փոխարեն՝ գաղութի հսկիչը մեզ խուզեց... Ես ուղիղ տասը օր մնացի գաղութում, Սերոբ- Քերոբը՝ հինգ... Մնացած հինգ օրն էլ Քերոբ-Սերոբը փոխարինեց նրան...
Հիշում եմ՝ երբ դուրս էինք գրվում գաղութից, տեսուչը, խորամակ ժպտալով, Քերոբ- Սերոբին ասաց.
- Էս հինգ օրվա մեջ մազերդ լավ էլ երկարել են, մեր տղա...
Բախտներս բերել էր՝ կարգին մարդ դուրս եկավ տեսուչը...
Այս պատմությունն էր կես դար առաջ, քաղաքի բերանն ընկած, պատմվում. նախ՝ շշուկով, հետո՝ մի քիչ բարձրաձայն, հետո՝ բաց-բաց, առանց քաշվելու, առանց վախենալու... Այն ավելի հավաստի դարձնելու համար անուններ էլ էրն տալիս, հիշատակվում տեղն ու վայրը...
Հետո՞... հետո մոռացվեց, որովհետև մեր քաղաքում այնպիսի արտառոց ու անհավատալի դեպքեր և իրադարձություններ պատահեցին, որ այս պատմությունը նրանց համեմատ՝ մանկական, չարաճճի խաղ է պարզապես...
Սպարտակ Ղարաբաղցյան
10.02.2015 Երևան