կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-21 23:47
Առանց Կատեգորիա

ՂԱՄԻՇԼԻ. Սպարտակ Ղարաբաղցյան

ՂԱՄԻՇԼԻ. Սպարտակ Ղարաբաղցյան

Սասունցի մի լավ ընկեր ունեի... ղամիշլեցի էր...  Գիտե՞ք՝ որտե ղ  է Ղամիշլին. Իրաքի, Թուրքիայիիրիայի սահմանագլխին է Ղամիշլին՝ պատմական Մծբինը՝ աշխարհի ամենահնագույն քաղաքներից մեկը…  Քարտեզի վրա այն մի փոքրիկ կետ է, իսկ ընկերոջս պատմելով՝ մի մեծ աշխարհ…

       

             «էէէէ՜…,Ղամիշլի,-երանությամբ ասում էր նա ու շարունակում,- դու Ղամիշլին   պիտի տեսնեիր, երբ չորս կողմը հայերեն կխոսեին, եկեղեցիները կղողանջեին, մանկապարտեզները հայերեն կծլվլային, վարժարանները հայերեն կաղմկեին, ճաշարանները հայերեն  կբուրեին…    էէէ՜…, ուրիշ էր, հայու աշխարհ էր Ղամիշլին… Հոն ծնած եմ, հոն անցուաած եմ  խենթ տարիներս…»:


      Նրա նկարագրածից պիտի կարծեիր, թե Ղամիշլին ոտքից գլուխ Հայ ու Հայաստան էր…


 «…Հարյուրեն առ յոթանասունը,-հետո, տեսնելով, որ քիչ է  ասում    երևի, հինգն էլ է ավելացնում,- ո'չ, յոթանասունհինգը մենք էինք, մնացածը`  քրդեր, արաբներ, ասորիներ… Նրանց մեջ էլ գործատերեր կային, բայց Ղամիշլիի  համն ու  հոտը մենք էինք…,-ու սկսում     է թվարկել,- ոսկերիչնե՞րը՝ մենք էինք,թոռնոջինե՞րը /խառատները/՝ մենք էինք, հացթուխնե՞րը՝ մենք էինք, կահագործնե՞րը՝ մենք էինք… ԷԷԷ՜…, ամեն տեղ մենք էնք… Ղամիշլին պզտիկ Սասուն  էր, պզտիկ Հայաստան…. Չպահեցինք…»


     Ափսոսանք, հիասթափություն կար ձայնի մեջ, ու դառնացած կրկնեց. «Չը-պա-հե-ցի'նք. մի քանի փարա ավել ունենալու համար մաս-մաս  Հալեպ, Դամասկոս, Բեյրութ իջանք…

Մեծ գայթակղությունների քաղաքներ են սրանք. որքան էլ կարծր լինես, փափկամորթ կդառնաս… էէէ՜…, ի՞նչ ասեմ… գամփռ, գելխեղդ էինք,  բոջի դարձանք… Բոջին գիտե՞ս՝ ինչ է…»:

 

« Շնի՞կ»,- փորձեցի կռահել ես:

 

«Նման մի բան  է. մենք  բոջի սալոնի շնիկներուն կասենք, որ կանայք կրծքներին փարած ման կուգան…»:


   Հիշողությունը հորդում էր... Մի պահ դադար առնելուց հետո շարունակեց. «…Ի՜նչ տղաք ունեինք. ցերեկները՝ խանութպան, հացթուխ ,  ոսկերիչ էին, գիշերները՝ վրիժառու վագրեր: Գաղտնի ,աննկատ սահմանը կանցնեին՝ թուրք որսալու… Երկու մարդ գիտեին՝ քեռի Թաթոն ու հայրս… Սահմանից այն կողմ քեռի Թաթոն հավատարիմ քրդեր ուներ. նրանք զգուշացրել էին, որ գաղտնի ոստիկանությունը հոտն առել է , ու առ ժամանակ  «Թուրք որսալու» գործողությունը պետք է կենա, դադրի»:


      Ղամիշլիում հայ ընտանիք չկար, որ թուրքի յաթաղանը փրթած չլիներ… Կոտորածից հրաշքով փրկված գերդաստանների դժբախտ խլյակներն   էին Սասունից  հասել Ղամիշլի


Նրանց մեջ ամենադժբախտը Մարդոն էր. մեծ ու շեն գերդաստանից միայն նա էր փրկվել…


«…Կհիշեմ, Տորք Անգեղի նման  աժդահա մարդ էր Մարդոն. ոտքը կոխած տեղը գետինը կտնքար:  Քչախոս էր: Շենք  ու շնորքն ազնիվ էր, բայց բեռնակիր կաշխատեր. երեք-չորս պարկ միանգամից կըշալկեր… Քուրդ համբալներու աչքի փուշն էր. նրանց մեկ օրվա գործը մեկ ժամում կաներ…  Վարձն էլ ի՞նչ էր՝ ռախի… Կխմեր, միայն կխմեր, ոչ մեկին թթու խոսք չէր նետի…

   Ցորենի ջվալներ ունեինք, ջաղաց պիտի տարվեր ու Մարդոյին դիմեցի: Որոշել էի օղիեն զատ դրամ էլ տալ:


  «Փարան պետք չէ...,- անտարբեր ասաց Մարդոն,- դուն ինձի ուզածս տո՛ւր… չե՞ս  տար՝ ջանդ սաղ…»:

 

« Քեռի Մարդո, փարան  կապ չունի ուզածիդ հետ. քեզի հորեղբոր տեղ ընդունեցի, կուզեմ՝ նվերս չմերժես…»:  Մարդոյի դեմքին հովի պես ժպիտ հայտնվեց ու նույն պահին էլ չքացավ.

 

« Նվե՞ր… Ի՞նչ պիտի անեմ… Մանչերուս համար գի՞րք պիտի առնեմ… Խանըմիս համար գլխաշո՞ր… Անոնց ծախսը Երկնավորը կհոգա… դուն ինձի ռախիս տուր, կբավե…,-  հետո հարցրեց,- Արթինի տղան չե՞ս, անունդ Վազգեն չէ՞...»:

 

« Այո՛, Վազգենն եմ, Հարությունի տղան»:

«Աստված պահե անունդ, արևդ խնդա»,- օրհնեց  Մարդոն ու թևքով սրբեց արցունքի՝ դեմքի ակոսներվ հոսող առվակը… Կորցրած  մանչերուն հիշեց, երևի…


     …Օրեր անցան... Քեռի Մարդոն չէր երևում. մեկն ասում էր՝ հիվանդացել է, մեկն էլ, թե արտերից ցորենի ջվալներ է կրում… Մարդոն չկար ու չկար… Բոլորը մտահոգ էին,  բացի քուրդ  բեռնակիրներից. չէ՞ որ նրանց օրվա  գործը Մարդոն մի ժամում էր անում…

 

      ….Ղամիշլին անակնկալի եկավ, երբ գաղտնի ոստիկանությունը սկսեց հարց ու փորձ անել, հետաքրքրվել նրանով…

 

…Այդ օրը ուշ տուն հասա… Հորս մտահոգ տեսա, երբեք նրան այդպես չէի տեսել. ծխում էր ու ծխում…   Քաշվեցի անկյունս  ու հորս նախատի՞նք, թե՞ ափսոսանք ասող խոսքերը լսեցի.

 

- Ա՜խ, Մարդո, Մարդո... Ի՞նչ ըրիր, խոսքիս ինչո՞ւ  մտիկ չըրիր…»:

         

 

Սպարտակ    ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ