Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168.am-ը գրում է.
«Համավարակը բացասական ազդեցություն է ունեցել՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ պետական բյուջեի եկամուտների վրա։ Այլևս պարզ է, որ այս տարի ակնկալվող հարկային եկամուտները չեն ստացվելու։ Այլ հարց է, թե մինչև ուր կարող են հասնել բյուջեի կորուստները։
Պետեկամուտների կոմիտեի հրապարակած առաջին եռամսյակի խոշոր հարկ վճարողների ցանկը վկայում է, որ բյուջեի մուտքերի վրա համավարակի ազդեցություններն արդեն նկատելի են։ Թեև խոշորների վճարները շարունակել են ավելանալ, այնուհանդերձ, աճի տեմպն այլևս նախկինը չէ։
Դա ակնհայտ է՝ հատկապես առավել խոշորների դեպքում։ Ցանկի առաջին տասնյակում ընդգրկված հարկատուների վճարները նախորդ տարվանից ավելի են ընդամենը 6 տոկոսով։
Այս տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուները պետական բյուջե են փոխանցել ընդհանուր առմամբ 245,6 մլրդ դրամ։ Նախորդ տարվա ցուցանիշը 221 միլիարդ էր։ Տարբերությունը 24,5 միլիարդ է, աճը՝ 11 տոկոս։
11 տոկոսը գուցե վատ ցուցանիշ չէ, բայց այն զգալիորեն ցածր է հարկային եկամուտների ընդհանուր աճի տեմպից։ Ճիշտ է, Պետեկամուտների կոմիտեն կարծես չի շտապում հրապարակել առաջին եռամսյակի հարկային մուտքերի վերաբերյալ տվյալները, այնուհանդերձ, դատելով վարչապետի վերջերս արած հայտարարությունից, տարեսկզբի առաջին 3 ամիսներին դրանք ավելացել են 16,5 տոկոսով կամ 49,5 մլրդ դրամով։ Ակնհայտ է, որ խոշորների դեպքում աճի տեմպն անհամեմատ ավելի ցածր է։
Իհարկե, առաջին եռամսյակի հարկային եկամուտների 16,5 տոկոսանոց աճը տեղի է ունեցել մեծամասամբ հունվարի բարձր կատարողականի հաշվին։ Իսկ հունվարի մուտքերը, ինչպես գիտենք, ձևավորվում են հիմնականում նախորդ տարվա դեկտեմբերի տնտեսական գործունեության արդյունքում գոյացող հարկերի հաշվին։ Պատահական չէ, որ հաջորդող 2 ամիսներին բյուջեի հարկային եկամուտներն ավելի համեստ են։ Եթե հունվարին հավաքվել է 146,7 միլիարդ, ապա փետրվարին՝ ընդամենը 85,2 մլրդ դրամ։ Այսինքն՝ 61,5 միլիարդով կամ գրեթե 42 տոկոսով պակաս։
Մարտի տվյալները դեռ չեն հրապարակվել։ Բայց դժվար չէ այն հաշվել՝ հիմք ընդունելով վարչապետի հնչեցրած թվերը։ Ըստ այդմ, կստացվի, որ մարտին բյուջեի հարկային եկամուտները կազմել են 117,6 մլրդ դրամ։
Եթե համարենք, որ մարտի մուտքերը փետրվարի տնտեսական գործունեության արդյունք են, ապա կարելի է ասել, որ դրանց վրա համավարակի ազդեցությունը դեռևս մեծ չէ։ Ինչպես հունվարին, այնպես էլ փետրվարին Հայաստանի տնտեսությունը մեծամասամբ չէր առերեսվել կորոնավիրուսի ու դրա բացասական հետևանքների հետ, բացառությամբ 1-2 ոլորտի, որոնք ուղղակիորեն առնչվում են արտաքին շուկաներին։
Խոսքը, մասնավորապես, հանքարդյունաբերության մասին է, որտեղ գործող ընկերություններն անհամեմատ ավելի շուտ բախվեցին համավարակի հետևանքների հետ։ Արդյունքում՝ դրանց վճարած հարկերը տարեսկզբի 3 ամիսներին ոչ միայն չեն ավելացել, այլև բավական կտրուկ նվազել են։ Այն դեպքում, երբ արձանագրվել է արտադրության ծավալների բարձր աճ։
Պղնձի խտանյութի արտադրությունը հունվար-փետրվարին նույնիսկ ռեկորդային աճ է ունեցել՝ ավելի քան 41 տոկոս։ Մոլիբդենի արդյունահանումը նույն ժամանակահատվածում ավելացել է գրեթե 29 տոկոսով։ Բայց նույնիսկ այդ պարագայում ոլորտում գործող խոշոր ընկերությունները նվազեցրել են իրենց հարկերը։
Եթե անցած տարի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» առաջին եռամսյակում վճարել էր շուրջ 6,7 մլրդ դրամի հարկ, ապա այս տարի վճարել է ընդամենը 3,5 միլիարդ։ Այսինքն՝ 3,2 միլիարդով քիչ։ Ոլորտի մեկ այլ ընկերություն՝ «ԳեոՊրոՄայինգ Գոլդը», անցած տարի վճարել էր շուրջ 4,3 մլրդ դրամ, այս տարի վճարել է 2,7 միլիարդ։ Թեև ավելացել են «Թեղուտի» վճարած հարկերը, բայց դա այլ պատմություն է. անցած տարվա առաջին եռամսյակում «Թեղուտը» գրեթե գործունեություն չէր ծավալում և միայն տարվա երկրորդ կեսից սկսեց ակտիվանալ։
Հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների վճարած հարկերի նվազումը կապված է գերազանցապես միջազգային շուկաներում հանքահումքային ապրանքների և, առաջին հերթին՝ պղնձի խտանյութի ու մոլիբդենի գների հետ։ Համավարակի հետևանքով համաշխարհային տնտեսության մեջ տեղի է ունեցել այդ ապրանքների պահանջարկի կրճատում, ինչն էլ հանգեցրել է գների նվազման։ Երևույթը շատ ավելի վաղ էլ է սկսել նկատվել, քան կորոնավիրուսը կհասներ Հայաստան։
Անցած տարվա առաջին եռամսյակում պղնձի գները միջազգային շուկաներում տատանվում էին տոննայի դիմաց 6-6,2 հազար դոլարի սահմաններում։ Այս տարի 5,5 հազարի շրջանակում է։ Մի պահ նույնիսկ իջավ 5 հազարից։
Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առաջին ոլորտն է, որը շատ ավելի վաղ հասցրեց կրել համավարակի և համաշխարհային տնտեսության մեջ սկսված պրոցեսների ազդեցությունը։ Այդ գործոնի հետևանքն առաջին եռամսյակի հարկային մուտքերի վրա բավական ցայտուն է։
Տնտեսության մյուս հատվածներից թելադրված վնասները տարեսկզբի առաջին 3 ամիսներին դեռևս մեծ չեն եղել՝ ինչպես պետական բյուջեի հարկային մուտքերում, այնպես էլ՝ խոշորների վճարների մեջ։ Արտաքին շուկաների հետ կապված առանձին ընկերությունների մոտ որոշակի ազդեցություններ նկատվել են, բայց դրանք առաջին եռամսյակում էական դրսևորումների չեն հագեցրել։ Կորուստները, այդ թվում՝ հարկային վճարների առումով, մեծ չեն եղել։
Համավարակի ազդեցությունն առավել առարկայական կդրսևորվի երկրորդ եռամսյակի ցուցանիշներում, երբ զգացնել կտան հայտարարված արտակարգ դրության ու տնտեսական ակտիվության անկման հետևանքները։
Մարտից կեսերից Պետեկամուտների կոմիտեն սկսել է գրանցել կորուստները։ Դադարել է նախորդ տարվա վերջից թելադրված իներցիան։ Տարվա կտրվածքով սպասվում է բյուջեի հարկային եկամուտների թերակատարում։ Կնվազեն նաև խոշորների վճարած հարկերը։ Կլինեն նաև այնպիսիք, որոնք ընդհանրապես դուրս կմնան 1000 խոշոր հարկատուների ցանկից։
Առաջին եռամսյակին հաջորդել է անորոշությունների մի շրջան, երբ հայտնի չէ, թե ինչ է սպասվում տնտեսությանը։ Համավարակի առաջին հարվածից հետո կառավարությունը փորձում է աստիճանաբար տնտեսությունը վերադարձնել արտադրական գործունեության դաշտ, բայց դա հեշտ չի տրվում։ Առողջապահության հետ կապված խնդիրներն առայժմ նահանջելու մտադրություն չունեն»։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ