կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-26 15:04
Իրավական

Դավիթ Սարգսյանի անունից գործող ամբաստանյալը կառավարության շենքում իրեն զգացել է ինչպես տանը. տուժող

Դավիթ Սարգսյանի անունից գործող ամբաստանյալը կառավարության շենքում իրեն զգացել է ինչպես տանը. տուժող

«Եթե Դավիթ Սարգսյանի հանգամանքը չլիներ, ես նրա հետ չէի աշխատի»,- դատարանում տված իր ցուցմունքում մի քանի անգամ այս միտքն էր շեշտում տուժող Ա.Բ-ն:

 

Ամբաստանյալ Արթուր Սարգսյանը 60-ամյա այս մարդուն ներկայացել էր որպես իտալաբնակ գործարար, ով պատրաստվում է արտերկրի բիզնեսը վաճառել և մոտ 30 միլիոն եվրոյի գումար ներդնել Հայաստանում հիմնած բիզնեսում: Ամբաստանյալը` նույն ինքը` «կառավարության իրավաբանական վարչության պետը», Ա.Բ-ին ներկայացել էր Արտյոմ Առուստամյան անունով և ութ տարի ավելի մեծ իր տարիքից: «Եվրոպական ձևով էր միշտ հագնվում, գլխարկով էր, մորուքով: Շատ կիրթ էր խոսում, գրագետ: Ու ասում էր` էստեղ բարեկամ չունեմ, ես էլ մտածում էի, որ էս մարդուն վստահում են մեր կառավարությունում` կոնկրետ Դավիթ Սարգսյանը, ես էլ կաշխատեմ»,- ասաց տուժողը:

 

Ա.Բ-ն դատարանում պատմեց, որ 2011 թվականի փետրվարին է հանդիպել Արթուրին: Այդ ժամանակ ինքն աշխատելիս է եղել «Մարմարի աշխարհ» խանութում, Արթուրն իրենից խորհուրդներ է հարցել ապրանքներ գնելու վերաբերյալ և «թողել լուրջ գործարարի տպավորություն»: Իսկ որոշ ժամանակ անց առաջարկել է տուժողին իր հիմնած «Մետալլես»` մետաղական իրերի արտադրությամբ զբաղվող ընկերությունում տնօրեն աշխատել: Համաձայնել է, երկու տարի աշխատել է և ոչ միայն աշխատավարձ չի ստացել (մոտ 6 միլիոն դրամի չափով), այլև «շնորհիվ Արթուր Սարգսյանի շաքար է ստացել», կորցրել իրեն պատկանող հողամասը:

 

«Մետալլես» ընկերության տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո Ա.Բ-ն խնդրել է իրեն ծանոթ մի հաշվապահի ընկերության գործերը նայել: Հաշվապահը թղթերն ուսումնասիրելուց հետո ասել է, թե 60 միլիոն դրամի ճեղքվածք ունի բյուջեն, այսինքն` վճարվելիք գումարներն ավելի մեծ են, քան ստանալիքը: Սակայն Արթուր Սարգսյանը հանգստացրել է տուժողին` ասելով, թե շուտով մեծ գումարներ են ստացվելու: Մասնավորապես` Դավիթ Սարգսյանը (այն ժամանակ դեռևս կառավարության աշխատակազմի ղեկավարը) մոտ 60 միլիոն դրամ է փոխանցելու իրենց: Մոտ 25 միլիոն դրամ էլ պետք է ընկերությանը փոխանցեր Գայանեն, ով փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Արթուրի հետ և ընկերությունից մի քանի անգամ գումարներ էր վերցրել պարտքով:

 

Որոշ ժամանակ անց Արթուրը տուժողին հանձնարարում է շինարարական լիցենզիա հանել և հայտնում, թե պետք է շենք կառուցեն, այն պատկանում է Դավիթ Սարգսյանին, և մեծաքանակ շինարարական դետալներ են հարկավոր: Համաձայն ցուցմունքի` շենքը կառուցվելու էր «Շուշի» ՍՊԸ-ի կողմից: Տուժողն իր ծանոթի միջոցով տեղեկանում է, որ «Վալենսիա» ընկերությունն ունի պահանջված մետաղը և կարող է վաճառել:

 

Այսպիսով` «Վալենսիա»-ից վերցնում են 84 միլիոն դրամի ամրաններ և պայմանագիր կնքում, որ գումարը պետք է վճարեն 2 ամսվա ընթացքում` 15-20 օրը մեկ մաս-մաս վճարելով: Եվ պարտքը վճարելու համար մոտ 27 միլիոն դրամի փոխառության պայմանագիր են կնքում գործով մեկ այլ տուժող Է.Գ.-ի հետ, քանի որ այդ պահին բյուջեում համապատասխան գումարները չկային:

 

Վերցված ամրանների մի մասը, ինչպես նախապես որոշված էր, հանձնում են «Շուշի» ՍՊԸ-ին` շենքի կառուցման համար, իսկ մյուս մասը` մոտ 50 միլիոն դրամ արժողության ապրանք, հանձնվում է «Եվրոպա» ընկերությանը, քանի որ, Ա.Բ.-ի խոսքով, մինչ իր տնօրեն նշանակվելը` «Մետալլես»-ը այդչափ պարտք է ունեցած եղել «Եվրոպա»-ին:

 

Իսկ «Վալենսիա» ՍՊԸ-ին ունեցած պարտքի վճարումն անընդհատ հետաձգվել է: Ընկերությունը միալար պահանջել է վճարել այն, և այդ ընթացքում գումար հայթայթելու համար փորձել են գրավ դնել Ա.Բ-ին պատկանող ավտոտնակը` ձեղնահարկով, և Գայանեի բնակարանը` վարկ ստանալու համար, սակայն բանկերից միայն մերժումներ են ստացել: Իսկ որոշ ժամանակ անց առուվաճառքի պայմանագրով «Վիլաշեն» ընկերությանն (պատկանում է նույն սեփականատիրոջը, ինչ «Վալենսիա» ՍՊԸ-ն) են անցել Ա.Բ-ի` 5 միլիոն դրամ գնահատված հողամասն ու Գայանեի բնակարանը:

 

Ա.Բ-ն հաճախ էր խոսում Դավիթ Սարգսյանի` ամբաստանյալին հովանավորելու մասին: Նա պատմեց, թե Արթուրն իրեն հավատացրել է, որ իրեն տնօրենի պաշտոնում գործի ընդունելու «դաբրոն» տվել է հենց Դ. Սարգսյանը: Իսկ երբ մեկ տարի անց մահացել է Դ. Սարգսյանի մայրը, ինքն էլ է գնացել թաղմանը, և երբ ցանկացել է Դ. Սարգսյանին, ցավակցել, նա, իրեն ազգանունով դիմելով, շնորհակալություն է հայտնել: Այսինքն` ճանաչել է:

 

Տուժողը նշեց նաև, որ ամբաստանյալն իրեն կառավարության շենքում զգացել է ինչպես տանը, եղել է դեպք, որ նույնիսկ շենքի պատշգամբից իրեն ձեռքով է արել: Նույնիսկ այնպիսի տեղեկություններ է հայտնել, որ միայն «մեջի մարդը կարող էր ասել»: Օրինակ` ասել է, թե ութ ամիս հետո Դ. Սարգսյանը ֆինանսների նախարար է նշանակվելու, և այդպես էլ եղել է: 

 

Հիշեցնենք, որ 35-ամյա Արթուր Սարգսյանը ամբաստանյալի աթոռին է մի շարք անձանցից խաբեությամբ խոշոր չափի գույք հափշտակելու մեղադրանքով: Գործով անցնող 9 տուժողներից յուրաքանչյուրին իր ծուղակն է գցել` պաշտոնատար անձ և հաջողակ բիզնեսմեն ներկայանալով

 

Գործը ներկայումս քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

 

Հ.Գ. Տուժողների անունները ամբողջապես չեն ներկայացվում նրանց իսկ խնդրանքով: