Փոխարժեքներ
12 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 447.21 |
RUB | ⚊ | ₽ 4.5008 |
GBP | ⚊ | £ 517.32 |
GEL | ⚊ | ₾ 141.97 |
Ճանաչված ու սիրված հաղորդավարուհի Անաստասիա Վիվտաշը, ով «Վիվտաշի արկածները» հաղորդման հեղինակն է ու վարողը, հեղինակել է իր առաջին գիրքը՝ «Ձյութե տուն»-ը։
«Պատմությունը վաղուց էր ծնվել գլխումս, ինձ շատ հոգեհարազատ թեմա էր, որի մասին անպայման ուզում էի խոսել, արտահայտվել։ Այդ պատմությունը երկար ժամանակ հյուսվում ու քանդվում էր, ձևափոխվում էր, մինչև, վերջապես, գիրք դարձավ։ Թե ինչու՝ «Ձյութե տուն», որովհետև ձյութը գրքում մեծ խորհուրդ ունի, այն հերոսուհու և՛ հույսն է, և՛ հավատը, և՛ կապը ծնողների հետ, և՛ ազատագրվելու ցանկությունը։ Հենց այդ խորհրդանշական շերտն է, որն ուղեկցում է հերոսուհուն իր կյանքի տարբեր փուլերում»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Անաստասիա Վիվտաշը։
Գրքի հեղինակի խոսքով՝ իր ոգեշնչման աղբյուրն այն մարդիկ են եղել, ովքեր ծանր մանկություն ու կորուստներ հաղթահարելով կարողացել են իրենց ցավը վերածել ուժի․ «Այդ մարդիկ չեն դառնում հասարակության քանակ ապահովող, այլ բերում են որակ, լույս ու իմաստ»,-ասում է մեր զրուցակիցը։
Գրքի գլխավոր հերոսուհին հեղինակի տատիկն է, որն իր կերպարով, ուժեղ տեսակով, ինչպես նշում է Անաստասիան, ոգեշնչել է իրեն․ «Իհարկե, ոգեշնչող են նաև այն մարդիկ, ովքեր դժվարությունների միջով անցնում են, բայց չեն կոտրվում ու դառնում են կարևոր մեկը։ Իսկ գրքի ուղերձը հետևյալն է, որ մարդը կարող է հասնել այն գիտակցական մակարդակին, որտեղ չկան մեղադրանքներ, չկա չարություն, կա միայն կամք հաղթահարելու անցածը՝ ներելու միջոցով, կարողանալ չմեղադրել և կարողանալ հասնել այդ ներքին ազատությանը։ Կարելի է ասել, այս գիրքը ճանապարհ է դեպի ներքին խաղաղություն»,-ասում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ «Ձյութե տուն» վիպակը նախատեսված է 16-ից բարձր տարիքային ընթերցողների համար։ Հարցին, թե արդյո՞ք գիրքը կունենա շարունակություն, մեր զրուցակիցն ընդգծեց․ «Գիրքը, կարծում եմ, չի ունենա շարունակություն, եթե ընթերցողները, իհարկե, շատ չպարտադրեն, եթե ցանկությունը մեծ եղավ ընթերցողների կողմից, ինձ թվում է երկրորդ մաս կլինի»։
Ի դեպ, «Ձյութե տնակ» վիպակն արդեն հնարավոր է ձեռքբերել։ Պատվիրելու համար պարզապես գրեք Instagram-ի @vivtash_dzyute_tuny էջին, կամ՝ կապ հաստատեք հետևյալ հեռախոսահամարով՝ +37495379377 (WhatsApp, Telegram):
Հերմինե Զեյնալյան