կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 23:57
Հասարակություն

Տաթևիկ Ռևազյանը ավելի շատ փորձում էր արդարանալ․ Շահեն Պետրոսյան

Տաթևիկ Ռևազյանը ավելի շատ փորձում էր արդարանալ․ Շահեն Պետրոսյան

Տաթևիկի մեղքն այն է, որ չի տիրապետում ներհայաստանյան իրավիճակին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար (1993-96 թթ) Շահեն Պետրոսյանը։

Մամուլի այսօրվա ասուլիսում ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանը չհերքեց, որ հայկական լիցենզավորում ունեցող ավիաընկերություններին արգելել են թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա, քանի որ պարզել են, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարողանում պատշաճ վերահսկել թռիչքային անվտանգությունը։

Այս փաստը հերքելը դժվար կլիներ, քանի որ մամուլն արդեն հրապարակել էր Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության նամակը «Արմենիա» ավիաընկերությանը, որում Եվրոպական հանձնաժողովի եզրակացությունն էր, թե՝ փետրվարի 3-7-ը ՀՀ քաղավիացիայի կոմիտեում անցկացված մոնիթորինգի արդյունքում պարզել են՝ Հայաստանն ի վիճակի չէ լիցենզավորել և վերահսկել իր օպերատորներին։ 

Շահեն Պետրոսյանը դժվարացավ ասել՝ ինչպես էր հնարավոր անտեղյակ լինել իրողություններին, որոնց մասին մամուլը անընդհատ գրում է և ստանձնել ՔԱԿ նախագահի  պատասխանատու պաշտոնը, բայց որ հայկական ավիացիայի կեղտոտ սպիտակեղենը եվրոպական ցուցափեղկ է դուրս եկել, մտահոգիչ փաստ է։

«Ուղղակի պետք է հասկանալ՝ ինչո՞ւ են նման ավիաընկերություններին արտոնագիր տվել՝ լիցենզիա տվել, որ դրսում գործունեություն ծավալեն, բարդությունն այդտեղ է»,-ասաց նա։

Ինչու և ինչպես են տվել՝ պարզաբանում չկա, փոխարենը Տաթևիկ Ռևազյանն ու Նիկոլ Փաշինյանը անտեղյակության մեղքը, սովորության համաձայն, գցեցին կոմիտեի նախկին պաշտոնյաների վրա․ անգամ քրգործ է հարուցվել։

Շահեն Պետրոսյանի վարկածն այն է, որ 2000թ-ից հետո անգործ մնացած հայ օդաչուներից ոմանք սկսել են թռիչքներ իրականացնել երրորդ երկրներում ու հաճախ՝ իրենք էլ զոհ դարձել ապօրինի մանիպուլյացիաների։

Հայկական ավիաընկերությունների թռիչքը Եվրոպա արգելելու փաստ նախկինում չի եղել, վստահեցրեց Շահեն Պետրոսյանը․ «Տենց բան չի եղել երբևէ»։

Ստուգումներ, ասաց, եղել են միշտ։ Պարզապես, նրա համոզմամբ, դրանք խստացվել են ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների սերտացման ենթատեքստում։

«ԵՄ-ն, քանի որ բազմակողմանի բաց երկնքի քաղաքականություն է վարում, պետք է ընդգրկեր նաև Արևելյան գործընկերության երկրները։ Ասոցացման համաձայնագրի հետ կապված՝ ստուգում են ամեն ինչ՝ առևտուրը, արտադրությունը, սննդամթերքը, նաև՝ ավիացիան։ Ավիացիայի գծով ստուգումների համար է ստեղծվել այդ կազմակերպությունը՝ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը։ Այս անգամ ավելի լուրջ ստուգում է տեղի ունեցել, որը հիմնված է եղել բոլոր զեկույցների վրա»,-ասաց նա։

Տաթևիկ Ռևազյանը ասուլիսում ավելի պարզունակ վարկած ներկայացրեց․ ասաց՝ հայկական երկու ավիաընկերությունները հայտ են ներակայացրել դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար, եվրոպացիներն էլ ստիպված ստուգել ու պարզել են ապօրինությունները, ապա հետևություն արել, որ Հայաստանի քաղավիացիան ի վիճակի չէ վերահսկել իր ավիաընկերություններին, քանի որ դեպքերի այդ զարգացումների պարագայում գործը Եվրոպա չպետք է հասներ, պետք է կասեցվեր Հայաստանում։

Շահեն Պետրոսյանն, իհարկե, տեղյակ չէ՝ ինչ է գրված զեկույցում․ «Իրենք ասացին՝ չենք ուզում հրապարակել, որ թշնամի երկրները չիմանան, դրա համար տեղյակ չեմ»,-ծիծաղեց նա։

Ասուլիսից, սակայն, Շահեն Պետրոսյանի եզրակացությունն այն է, որ Տաթևիկ Ռևազյանը ավելի շատ փորձում էր արդարանալ․ «Խուսափողական կեցվածք էր․․․ դե, պարզ է, պետական մարմին են՝ խուսափողական պետք է լինեն»։

Նրա համար նաև պարզ դարձավ, որ կա հակամարտություն Քաղավիացիայի կոմիտեի ու վարչապետի նախկին խորհրդականի միջև։

«Այսօրվա իրենց վեճը՝ այդ երկու թայֆայի վեճը, ես չեմ ուզում արանքում գտնվել, որովհետև կուժն ու կուլաներն իմ գլխին է ջարդվելու։ Պետք է նայել՝ ով ինչ շարժառիթ ունի։ Ավելի հակված եմ հավատալ Տաթևիկ Ռևազյանի ասածներին, որ իրենք թերացել են այդ գործերում, տեղյակ չեն եղել, ինքն էլ խոստովանեց, որ թերացել են լիցենզիաներ տալու գործընթացում, որ վերահսկողություն չկա։ Թե պատճառը ո՞րն է, որ թերացել են, ասաց՝ սխալ տեղեկություն են տրամադրել»,-նկատեց Շահեն Պետրոսյանը։

Տաթևիկ Ռևազյանի առաջարկած լուծումը՝ պետական բյուջեից փող հատկացնել առանձին վերահսկող մարմին ստեղծելու համար նրան լավ միտք է թվում, բայց նաև ընդգծում է, որ փորձը ցույց է տալիս՝ ով ստեղծում է անկախ մարմինը, նա էլ վերահսկում է դրա գործունեությունը, միայն բյուջեի բեռն է ավելանում։

Հայկական ավիացիային օգուտ տալը, Շահեն Պետրոսյանի համոզմամբ, կլինի այն, որ ստեղծենք իրապես հայկական ավիաընկերություն, ոչ թե օտարերկրյա ավիափոխադրողների Հայաստանյան ճյուղերը համարենք մերը ու փորձանքների բախվենք։