կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 14:40
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տարոն ավիան» փակվել է, «Մարս ավիան»՝ հավանաբար կփակվի․ Տաթևիկ Ռևազյանը՝ խախտումների վերացման մասին

Թռիչքային անվտանգության ապահովման տեսչական ստուգումների հիմնական խնդիրներից մեկն այն է, որ ավիաընկերություներ կան, որոնք գրանցված են Հայաստանում, բայց չվերթներ են իրականացնում այլ երկրներում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մամուլի ասուլիսում։

Եվրոպական վերահսկող կազմակերպությունը ՀՀ ՔԱԿ-ին ասել է՝ եթե պաշաճ չեք կարողանում տեսչական ստուգումներ անել Հայաստանում, ապա ինչպես եք դա անելու Աֆրիկայում՝ նշեց Տաթևիկ Ռևազյանը։

Հարցը տեղում ուսումնասիրվել է և պարզվել, որ, իսկապես, լուրջ խնդիր կա, քանի որ ՀՀ ՔԱԿ-ը որևէ ժամանակահատվածում չի ունեցել ուղիղ կապ այդ երկրների քաղավիացիաների հետ։

«Հաշվի առնելով, որ մենք, իրոք, չենք կարող դա պատշաճ անել, քայլեր ենք ձեռնարկել, որ չկարողանան էլ ավիաընկերությունները գրանցվեն Հայաստանում, բայց չվերթներ իրականացնեն Աֆրիկայում։ Արտահերթ ստուգումներ ենք արել և դրանց արդյունքում «Տարոն ավիա» ընկերության գործունեությունը կասեցվել է, հետո՝ փակվել։ Հիմա «Մարս ավիան» է, որը եթե չլուծի իր առջև դրված խնդիրը, հուլիսի 1-ով փակվում է։ Դա նշանակում է՝ մենք այլևս չենք ունենալու ավիաընկերություն, որը թռիչքներ իրականացնի Աֆրիկայում»,-ասաց Ռևազյանը։

Նրա հոմոզմամբ, սա նշանակում է, որ արդեն իսկ տեսչական ստուգումների մակարդակը բարձրացել է։

Նա վստահեցրեց, որ ԵՄ պատարստած զեկույցում որևէ ձևով նշված չէ, որ թերությունները տեղի են ունեցել վերջին 2 տարում։

ՔԱԿ նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը խոսեց արձանագրված հիմնական խախտումների մասին։

«Թերությունները բազմաբնույթ են․ օրինակ, մենք պարտավոր էինք ներդնել զեկույցների համակարգ, որը թե՛ պարտադիր է, թե՛ կամավոր։ Դա ներդրված չի եղել։ Սա թերություն է, որը պետք է շտկվի։ Զեկույցները ներկայացվել են միայն լուրջ միջադեպերի ժամանակ, այնինչ պետք է յուրաքանչյուր իրադրության ժամանակ ներկայացվեին»,-ասաց նա։

Նա նշեց, որ աշխատանքը կատարվել է, բայց միասնական չի եղել, տարբեր վարչություններ տարբեր տեսակետ են ունեցել։

«Մոտեցումները եղել են ոչ միասնական, այնինչ պետք է մեկ ուղղություն լինի, աշխատանքը մեկ ձևով լինի, ոչ թե բաժանված տարբեր վարչությունների վրա։ Բացի այդ, ամեն ինչ պետք է արձանագրվի․ այնպես չէ, որ չի փոխանակվել տեղեկատվությունը, պարզապես չի արձանագրվել և եվրոպացիների մոտ հարց է առաջացել, թե ինչո՞ւ»,-ասաց նա։

Տաթևիկ Ռևազյանը նկատեց, որ խնդիրները լուծելու համար պետք է մարդկանց մտածելակերպը փոխել, որպեսզի բոլոր գործողություններն արձանագրեն, քանի որ 5 տարի առաջվա խնդիրը հնարավոր է ազդի այսօրվա խնդրի վրա․ «Աշխատել են միասին, բայց տվյալները մեկ հարթակում չեն եղել»։

Թերությունները շտկելու համար ՔԱԿ-ը մասնագետներ է ներգրավել դրսից։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունը խիստ բացասական գնահատականներով զեկույց է ուղարկել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին և արգելել հայկական երկու ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք։

Տաթևիկ Ռևազյանը մամուլի ասուլիսում խոսեց նաև այն մասին, թե ինչու է շարունակում աշխատել, եթե գտնվում է դեկրետում։ 

Մանրամասն՝ տեսանյութում։