Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ավիացիոն գործարան կառուցելու շուրջ են բանակցում: Նրա խոսքով` ներդրողները Մոսկվայից գալու են Ռոստով, հանդիպելու են ու քննարկեն գործարանի կառուցման իրականանալիությունը, որտեղ օդանավի համար մասեր կարտադրեն կամ դրանք կվերանորոգվեն: Եթե ծրագիրը կյանքի կոչվի, ըստ Ռևազյանի, 1000-ից ավելի աշխատատեղ կբացվի:
Հայաստանի փոքր օդանավակայաններին դառնալով` ասաց, որ, օրինակ, Գյումրիինը նորմալ վիճակում է, Էրեբունիում էլ է հնարավոր քաղաքացիական օդանավ իջեցնել, իսկ Կապանի օդանավակայանը կբացվի այս տարի:
Yerkir.am-ը Ռևազյանին հարց ուղղեց` աշխատանքի լավ ինքնագնահատականին զուգահեռ, տեսել ենք, թե ինչպես են ոլորտն ու անձամբ քաղաքացիական ավիացիայի նախագահը հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, գուցե մամուլի հետ թերի աշխատանքի հետևա՞նք է այդ ամենը: Ի պատասխան` նա ասաց, որ որևէ ղեկավար, որևէ մարդ առանց թերության չի աշխատում:
«Եթե հարցնեիք, թե ի՞նչ թերություն ունենք, ես հենց այդ թերությունը կնշեի: Մեզ մոտ խնդիր կա, որ մենք մամուլի քարտուղար չունենք: Երբ դարձել ենք նախարարությանը ենթակա մարմին, մամուլի քարտուղարի հաստիքը կրճատվել է: Դա նշանակում է` իմ օգնականը, որ շատ-շատ այլ գործառույթներ ունի, միաժամանակ փորձում է այդ հարցերով նույնպես զբաղվել, ինչը շատ բարդ է: Այո, մենք կարող էինք շատ ավելի շփվել ձեզ հետ: Բայց ուզում եմ նշել, որ ինձ համար շատ ավելի կարևոր է եղել կոնկրետ արդյունք բերելը: Եթե ես շաբաթական շատ-շատ տարբեր հանդիպումներ եմ ունենում, բայց դրա մեջ կոնկրետ առաջարկ չի լինում, դրա մասին չեմ խոսում: Նկատել եմ, որ ընդհանրապես ընդունված է` ամեն մի հանդիպման մասին մի բան գրել, տեղեկացնել»,- ասաց Ռևազյանը:
Հարցրեցինք նաև` ուրիշ ի՞նչ թերացումներ են եղել, օրինակ` ազգային ավիափոխադրողի մասով: «Ավիատորների հետ շփումն է խնդիր, շատ մեծ տարբերություն կա իմ ու մեր ավիատորների (ոչ բոլորի) մտածելակերպի միջև: Այո, հաճախ է տեսակետ հնչում, որ Հայաստանում պետք է ստեղծել ազգային փոխադրող, որ այդ ուղղությամով պետք է աշխատել, ու դա նկատի ունենալով` հաճախ ասում են` Տաթևիկը որևէ բան չի արել: Ասեմ, որ կոմիտեի գործառույթը չէ դա: Ինչո՞ւ, որովհետև եթե մենք ազգային փոխադրող ստեղծենք, դա ճիշտ չի լինի, որովհետև մենք չենք կարող ինքներս մեզ վերահսկել անվտանգության պահով»,- շեշտեց Ռևազյանը:
Շարունակելով մեր հարցի պատասխանը` ավելացրեց նաև, որ լսել է բոլոր նրանց, ովքեր առաջարկել են Հայաստանում ավիաընկերություն հիմնել: «Ընդունել, շփվել եմ ու կարողացել եմ իմ կապերի միջոցով ծանոթացնել պոտենցիալ ներդրողների հետ: Միակ սահմանափակումն այն է եղել, որ եկել են շատ-շատ թույլ առաջարկով, ես ծանոթների հետ նրանց չեմ ծանոթացրել: Մարդիկ կան, որ միջազգային քաղավիացիայում լուրջ դեմքեր են, ու եթե ես մի անգամ նրանց վատ առաջարկ ուղարկեմ, արդեն այդ կապի մասին կարող ենք մոռանալ»,- Տաթևիկ Ռևազյանը: