Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«50 գրամ օղին կփրկի կորոնավիրուսից»: Նախագահները տարածում են կորոնավիրուսի դեմ հրաշք միջոցների մասին միֆերը ոչ պակաս ակտիվությամբ, քան համացանցային «պղտոր» աղբյուրները: Բուժման առաջարկվող միջոցները երբեմն պարզապես զավեշտալի են, երբեմն էլ մահվան պատճառ են դառնում: Yerkir.am-ը ներկայացնում է շվեդական Dagens Nyheter պարբերականի հոդվածն այդ թեմայով:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մշտապես փորձում է իսկական տղամարդ երևալ` գործնական ու երկրային: Ամբողջ աշխարհում մոլեգնող անվերահսկելի համավարակն այստեղ ոչինչ չի փոխել: Մինսկում անցկացված հոկեյի մրցախաղից հետո 65-ամյա նախագահից հարցազրույց են վերցնում, և նա պատմում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենալավ միջոցը բաղնիքն է ու 50 գրամ օղին` ամեն օր:
Լուկաշենկոն աշխարհում միակ ղեկավարը չէ, որ չի ցանկանում ականջալուր լինել, թե ինչ է ասում գիտությունը նոր կորոնավիրուսի համավարակի մասին, և դրա փոխարեն սեփական լուծումներն է առաջարկում:
Ե՛վ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, և՛ նրա բրազիլացի գործընկեր Ժաիր Բոլսոնարուն նույն` անվստահելի ուղղությամբ են գնում, ինչ Լուկաշենկոն:
Թրամփը համացանցում լուր տարածեց, թե նոր կորոնավիրուսի դեմ արդյունավետ է մալարիայի ժամանակ կիրառվող քլորոխինը և դրա ածանցյալ հիդրոքլորոխինը: Մարտի 19-ին նա հայտարարեց, թե մալարիայի դեմ կիրառվող դեղամիջոցն արմատապես կփոխի Covid-19-ի դեմ պայքարի ծրագիրը, իսկ երկու օր անց ավելի հեռուն գնաց` «քլորխինը կփոխի բժշկության պատմությունը»:
Բրազիլիայի նախագահ Բոլսոնարուն էլ, կրկնելով Թրամփին, սկսեց գովերգել քլորոխինը` որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց:
Ցավոք, երկու պետությունների ղեկավարների ասածներն էլ դեմ են ողջամտությանը: Վերջերս իսկապես սկսվեցին այդ երկու դեղամիջոցների կլինիկական փորձարկումները, և մի ֆրանսիական հետազոտություն կա, որի ընթացքում դրական արդյունքներ եղել են: Սակայն բժշկության բնագավառի փորձագետները միաձայն ասում են, որ դեռևս շատ վաղ է լայնորեն կիրառել այդ դեղամիջոցները Covid-19-ի դեմ:
Ի դեպ, անցյալ հանգստյան օրերին «Թվիթեր»-ը հեռացրել էր Բոլսոնարուի գրառումը: Սոցցանցի աշխատակիցների կարծիքով` նախագահի գրառումը հակասում է սուտ տեղեկատվության մասին կանոնակարգին:
Աշխարհի տարբեր ծագերից տեղեկություններ են հասնում, որ մարդիկ, կորոնավիրուսից վախեցած, սկսել են ինքնուրույն բուժվել քլորոխինով և երբեմն մահացել դրա պատճառով: Անցյալ շաբաթ CNN-ը հաղորդեց, որ Արիզոնայում մի տղամարդ է մահացել այն բանից հետո, երբ խմել է ակվարիումների մաքրման համար նախատեսված` ֆոսֆորի քլորոխին պարունակող միջոցը: Տղամարդու կինը, որը նույնպես փորձել էր այդ միջոցը, սակայն, բարեբախտաբար, ողջ մնացել, հղում է արել նախագահ Թրամփի ելույթին, որում ասվում էր, թե քլորոխինը կորոնավիրուսից պաշտպանվելու հրաշք միջոց է:
Հրաշք քլորոխինի մասին լուրերը հասել են նաև Նիգերիա: Մարդիկ դեղատներից մեծ քանակներով են գնել այն, ընդ որում` երեք մարդ արդեն հիվանդանոցում է դեղաքանակի չարաշահման պատճառով: Նիգերիայի կառավարությունը նույնիսկ զգուշացրել է, որ չի կարելի քլորոխին կիրառել կորոնավիրուսի դեմ:
Միայն Լուկաշենկոն չէ, որ ալկոհոլը համարում է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց: Այդպիսի սխալ կարծիք տարածված է նաև Իրանի բնակիչների շրջանում: Այնտեղ մարդիկ են մահացել` մեթանոլից թունավորվելով: Իրանում ալկոհոլն արգելված է 1979-ից` Իսլամական հեղափոխությունից սկսած, սակայն սև շուկայում վաճառվում է ինքնաշեն օղի, իսկ մեթանոլը կարող է պարունակվել վատ մաքրված ինքնաշեն օղում: Իրանական Tasnim գործակալությունն անցյալ շաբաթ տեղեկացրել է, որ մոտ 250 մարդ է մահացել, իսկ ևս 2000-ից ավելի մարդու հարկ է եղել ցուցաբերել բժշկական օգնություն:
Կոկաին թմրանյութը, ոմանց պնդումներով, կարող է օգնել կորոնավիրուսի դեմ: Այս կարծիքն էլ է տարածվել սոցցանցերում և, չգիտես ինչու, մեծ հավանության արժանացել Ֆրանսիայի բնակչության շրջանում: Մարտի սկզբին Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը ստիպված եղավ վճռականորեն հերքել այդ լուրերը:
Իսկ Ֆիլիպիններում կորոնավիրուսի դեմ պայքարում են հունվարի կեսերին արթնացած Թաալ հրաբխի մոխրով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն հերքել է մոխրի «հակավիրուսային» հատկությունների մասին տեղեկությունը` կոչ անելով մարդկանց` չուտել այն:
Թունիսում շուկաներից սրբել-տարել են սխտորը, որի գինը վերջին շաբաթներին քառակի ավելացել է. դարձյալ համոզմունքն է, թե այն փրկում է կորոնավիրուսից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հերքում է` սխտորը ոչ մի բանով չի կարող օգնել:
Ընդ որում` կազմակերպությունը հատուկ կայք է ստեղծել` ֆրանսերեն, արաբերեն և այլ լեզուներով, որում կորոնավիրուսի մասին բոլոր մոլորություններն են: