կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-17 17:59
Քաղաքական

Մենք ասելու ենք «այո». ԲՀԿ-ն դեմ է երկրում ատելության տարածմանը

Մենք ասելու ենք «այո». ԲՀԿ-ն դեմ է երկրում ատելության տարածմանը

Այսօր ԱԺ նիստում շարունակվում էր սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը: Ելույթների համար գրանցվել էին ԲՀԿ-ական պատգամավորները ևս:

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԲՀԿ-ն պաշտոնապես ու հստակ դիրքորոշումը կներկայացնի հոկտեմբերի 5-ից հետո, քանի որ մինչև այդ կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկում է իր մարզային կառույցների հետ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իր կարծիքը դրական է: Ըստ նրա` այն պետություններում, որտեղ գործում է կառավարման խորհրդարանական համակարգը, ժողովրդավարությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է։ Եվ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծում ավելի շատ սահմանումներ կան, որոնք չեզոքացնում են հավերժական պաշտոնյաների առկայությունը:

Պատգամավորն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ ԲՀԿ-ի` նախկինում որդեգրած քաղաքականությանը: Հիշեցնենք, որ մինչ Գագիկ Ծառուկյանի շուրջ փետրվար ամսվա քաղաքական զարգացումները և եռյակի փլուզումը, ԲՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների դեմ կատաղի պայքարող ուժերից ամենագլխավորն էր:

«Գործողություններ, հայտարարություններ են եղել, որոնք բնորոշ են եղել հենց կոնկրետ տվյալ իրավիճակին։ Եվ այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները կամ անհատները, որոնք փորձում են հիշողությունների գիրկն ընկնել, ինչ–որ բաներ հիշեցնել մեզ, թույլ տվեք այս բարձր ամբիոնից շատ հստակ ձևակերպել այս միտքը՝ եթե հիշողությունների գիրկն եք ընկնում, մենք կարող ենք պարզապես մեկ–երկու դրվագ հիշեցնել, և չեմ կարծում՝ դրանից հետո որևէ մի անհատականություն ուզենա այլևս հիշողություններից խոսել»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:

ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանն էլ այսօր իր ելույթում նշեց. «Մենք չենք ընդունում դոգմաները: Ես պատրաստ եմ լսել քննադատություններ: Դեմ ենք եղել մեր երկրում ատելության տարածմանը: Եվ դրա համար այսօր, տեսնելով այս իրավիճակը, ես կարծում եմ, որ պետք է փակենք այդ էջը»:

Նա հավելեց, որ ինքը կողմ է քվեարկելու Սահմանադրության նախագծին: «Ես` որպես պատգամավոր, «այո» եմ ասելու: Կոչ եմ անում, որ բոլորը կողմ քվեարկեն: Մենք ասելու ենք «այո» քաղաքական սերնդափոխությանը, մենք ասելու ենք «այո» տնտեսական զարգացմանը, ասելու ենք «այո» քաղաքական մենաշնորհի վերացմանը»,- ընդգծեց պատգամավորը: