կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-04 17:25
Քաղաքական

«Մենք քո հուզանքը չուզանք, ախպե՛ր». Սերժ Սրապիոնյանը՝ Արայիկ Հարությունյանի «ձախ մոլորությունների» մասին

Երկար անունով նախարարության նախարարի պաշտոնը զբաղեցնող արարածն ավելի մոռելանդ ատելություն ունի ամեն հայի ու հայկականության հանդեպ, քան նույնիսկ ամենամոլեռանդ երիտթուրքը. երիտթուրքերի մեջ այդպիսի մոլեռանդություն նկատում եմ մեկ էլ դոկտոր Նազիմի արտահայտություններում. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ դոցենտ, բանասեր Սերժ Սրապիոնյանը՝ մեկնաբանելով «ՀուԶանք ու Զանգ»՝ աղմուկ հանած ներկայացման համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2019թ. բյուջեից 2,7 մլն դրամ հատկացնելու փաստը։

«Նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդուն թվում է, թե նախարարության բյուջեի փողերն իր հոր տնից է բերել, ի՛ր փողն է, կարող է մսխել այնպես, ինչպես ցանկացած անառակ որդի կարող է մսխել իր հոր փողերը։ Այնինչ՝ սա մե՛ր երկրի ունեցվածքն է, և այդ բյուջեն որոշակի մասով էլ տալիս եմ ես»,- ասաց մտավորականը։

Նա հիշեցրեց դասականի միտքը՝ «էս պետությունը բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, որ խնայի, պետություն սարքի», ապա հավելեց. «Սրանք եկել են՝ ոչ թե բժշկին՝ չոբանին շատ են վճարում, ապուշին շատ են վճարում, այլանդակին շատ են վճարում, որպեսզի այս պետությունը պետություն չդառնա. սա՛ է սրանց միտքը»

Պետբյուջեից ֆինանսավորված ներկայացման սյուժեն Սրապիոնյանն այսպես մեկնաբանեց. «Չարենց-Աբով-Վշտունու՝ «ձախ մոլորությունների» շրջանի Դեկլարացիան իբրև հիմք են սարքել և ներկայացրել մի այլանդակություն, որը ոչ մի կապ չունի ո՛չ Չարենցի, ո՛չ Աբովի, ո՛չ անգամ Ազատ Վշտունու հետ»։

Նա բացատրեց՝ Չարենցը մի ժամանակ ձախ մոլորություններ է ունեցել. ռուսական հեղափոխությամբ և այդ հեղափոխության հաղթանակով ոգևորված՝ որոշել է, որ առաջնային է նյութեղենը, իրականը, մարմնականը և ոչ՝ հոգևորը։ Ինքը՝ Չարենցը, ընդամենը 1 տարի է գտնվել այդ մոլորությունների մեջ և իր վերջին՝ «Լեֆյան թմբուկը նետած մի կողմ» բանաստեղծություն-օրագիրը՝ իր ձախ մոլորությունների դեկլարացիան, շպրտել է վառարանը։

«Չարենցի մոլորությունների մասին լսել են, լսել են, որ մարմնավորն է առաջնային համարվել, և որոշել են օգտվել դրանից՝ օգտագործելով Չարենցի անունը։ Դրա վտանգավորության մեծագույն աստիճանն այն է, որ նաև վիրավորում են, ապականում են, հեղինակազրկում մեր մտքի և մտածողության տիտաններից մեկին՝ Եղիշե Չարենցին. այդ անունը դրա համար են տալիս»,- ընդգծեց Սերժ Սրապիոնյանը։   

«Հուզանք ու զանգ»-ը, բանասերի մեկնաբանմամբ, Ազատ Վշտունու ամենամերժված ժողովածուն է, քանի որ այնտեղ, Սրապիոնյանի գնահատմամբ, անմտություններ էին գրված՝ «Ասատուր, ելքը տուր, զանգը տուր, հուզանք ու զանգ...»: Ժամանակին գրականագետ, մարքսիստ Հարություն Սուրխաթյանը կարծիք է հայտնել. «Մենք քո հուզանքը չուզանք, ախպե՛ր». հենց այս՝  100 տարի առաջվա մերժված գաղափարներն են վերականգնում այսօրվա հեղափոխականները։  

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ ՀՅԴ ՀԵՄ պահանջած՝  հրաժարականը Սերժ Սրապիոնյանը պարտադիր է համարում. «Այդպիսի ապականված մտածողության տեր մարդը, բարոյական բոլոր նորմերը ոտնատակ տվող մարդը, որ հսկայական գումարներ է մսխում այլանդակությունը մեր երեխեքի, ջահելների հոգեբանության մեջ սերմանելու նպատակով, իրավունք չունի նախարար աշխատելու։ Խորհրդային տարիներին էդ տիպի մարդկանց նույնիսկ կոլխոզի ֆերմայի ֆուրաժոր չէին նշանակում՝ ստորին պաշտոնյա, որն ընդամենը խոտի խրձերը հաշվում էր՝ կովերին կերակրելու համար»։

Նախարարի հայտարարությունը, թե անգամ սատանիստական ստեղծագործությունները չի արգելելու, քանի որ գրաքննությանը դեմ է, Սերժ Սրապիոնյանը «փարիսեցիական» որակեց. «Գրաքննություն ասելով՝ ուզում է մարդկանց հիշողության մեջ արթնացնել գրականության սահմանափակումները։ Իսկ մամուլը, մշակույթը, նաև կրթությունը, գիտությունը որոշակի հսկողության տակ միշտ էլ եղել են։ Բա ինքն ինչո՞ւ է նախարար, ի՞նչ նախարար, որ չհասկանա դրա զարգացման գործընթացը, դրա բերելիք օգուտն ու վնասը, դրա հնարավոր վտանգավորության աստիճանը։  Դրա՛ համար է նախարար, թե չէ՝ մեր ինչի՞ն էր պետք գիտության, կրթության, սպորտի... ես չգիտեմ՝ էլ ինչի նախարարություն»։

Նրա գնահատմամբ՝ այսօր Հայաստանը, իսկապես, գտնվում է կործանման վտանգի եզրին. «Սա չափազանցություն չէ, սա մի ստրատեգիա է, որ մեր նկատմամբ կիրառում են «մերոնք» կոչվածը՝ ուրիշների թելադրությամբ՝ լաբորատորիաներում հայտված ճագարիկների վրա փորձաշրջան անցկացնելու միտումով»։

Հերոսների, մտավորականների, գրողների այս արժեզրկումը, Սրապիոնյանի համոզմամբ, հեռահար նպատակ ունի. «Առանց հերոսի՝ ժողովուրդը դատապարտված է կործանման՝ վերջնականապես: Կես վայրկյան չկասկածեք իմ ասածի ճշմարտացիությանը։ Վարդան Մամիկոնյանի միայն անունը այս ժողովրդին ժողովուրդ պահեց, որովհետև այդ մարդու մոգոնված դիմանկարը աղջիկները դնում էին իրենց օժիտների մեջ և, երբ հարս էին գնում, առաջին կարևորագույն բանը, որ օժիտի մեջ պիտի լիներ՝ Վարդան Մամիկոնյանի դիմանկարն էր»։

Մեր ժողովրդի հավերժության խորհուրդը մեր արժեքներին, դիմանկարին, արմատներին հակված լինելն է, մեր մշակութային էությունն է՝ ընդգծեց մտավորականը և մտավախություն հայտնեց, որ, դա հասկանալով, հենց այդ հայկականությունն են արմատից կտրում. «Եվ հստակ ընդգծված ծրագրով ոչնչացնում են նախ և առաջ մեր մեծերին, որ ոչնչանանք մենք բոլորս՝ փոքրերս. սա արդեն անկասկածելի տրամաբանություն է»։

Չարենցը, Սերժ Սրապիոնյանի համոզմամբ, նրանց համար վտանգավոր զենք է, քանի որ մեր ժողովուրդը՝ իր բնատուր մշակութային նկարագրով, Չարենցի մեծությունը ճանաչել է, իսկ Չարենցը միայն «Դեկլարացիա»-ի հեղինակը չէ, այլև՝ «Պատմության քառուղիներում»-ի, «Կոմիտաս», «Նորք» պոեմի, «Դանթեական առասպել»-ի։  Նրան վրդովեցնում է, որ Չարենցին ուզում են նույն Չարենցի անունով մոռացնել տալ, որպեսզի այս ժողովուրդն իր ինքնաճանաչումից զրկվի։ «Չկարողանա ինքն իրեն ճանաչել, որովհետև Չարենցն իր հայելին է՝ ժողովուրդը Չարենցի մեջ տեսնում է ինքն իրեն՝ այդ խիզախ, մեկ-մեկ մոլորյալ, բայց նվիրյալ մարդուն, դրա համար էլ Չարենցի անունը ապականում են։ Ես չեմ կասկածում, որ թափթփուկները շուտով կհասնեն Կոմիտասի, Թումանյանի պայծառ հիշատակը ապականելու մտքին»,- ասաց մտավորականը։

Սրապիոնյանը նշեց նաև, որ Չարենցի սեռական կողմնորոշման վերաբերյալ էլ տարիներ շարունակ «ասում են»-ի մակարդակով հայտարարություններ արեցին, փորձեցին վարկաբեկել, նույնիսկ «մոլորյալ գրագետներին» հրատարակել տվին գործեր, որոնք Չարենցը պարզապես գրել էր ո՛չ հրատարակման համար. «Ինչ-որ մի պահի պարոդիա էր գրել, էդ պարոդիան լավ էր գրել՝ ինչպես հանճարի թաթին  է բնորոշ, գցել էր իր դարակը, որ չհրապարակվի երբեք, պարզապես իր մտքի ժայթքումն էր եղել։ Հիմա է՞դ Չարենցին են ճանաչում... Հենց դա՛ Չարենցը չէ, դա Չարենցի էությունից դուրս մի ուրիշ Չարենց է եղել, որին հենց ի՛նքը՝ Չարենցը, մերժեց»։  

Սերժ Սրապիոնյանը ևս մեկ անգամ ընդգծեց. «Ուղեղի ծալքերից զուրկ պաշտոնյան պատուհաս է նախ և առաջ իր սեփական ժողովրդի գլխին, հետո նոր՝ մարդկության, որովհետև այս ժողովուրդը պատմության մեջ առաքելություն ունի, որի դեմ այդքան թունոտ, այդքան աննահանջ կռիվ են տալիս այսօրվա պաշտոնյայիկները»։ 

Աննա Բալյան