կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-31 18:28
Տնտեսական

Այսօր գյուղատնտեսական քաղաքականության գերագույն նպատակը պետք է լինի պարենային անվտանգության ապահովումը. Արթուր Խաչատրյան

Երբ իշխանությունները վերջապես հասկացան իրավիճակի լրջությունը և արտակարգ դրություն մտցվեց, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հայտարարեց, որ երկրի առջև ծառացած այս վտանգի պայմաններում,  կուսակցությունը պատրաստ իր կազմակերպական ու մարդկային կարողություններն ի նպաստ դնել Հայաստանի Հանրապետությանը: Դրանից հետո եղավ նաև Բյուրոյի հայտարարությունը, որն ամբողջ` համաշխարհային կազմակերպության աջակցությունն էր առաջարկում. Armdaily-ի հետ հարցազրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը:

«Մենք շատ ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը` ինչ է տեղի ունենում Հայաստանում և վարակի դեմ ինչպես են պայքարում ամբողջ աշխարհում: Դրա արդյունքում ուղիղ մեկ շաբաթ առաջ շատ համապարփակ ծրագիր ներկայացրեցինք կառավարությանը, որի տրամաբանությունը հետևյալն էր` երկիրն անտեսանելի թշնամու հետ պատերազմի մեջ է, և այս պայմաններում անհրաժեշտ է ռեսուրսների ամբողջական մոբիլիզացիա, որպեսզի պետությունը կարողանա նվազ վնասներով դուրս գալ այս իրավիճակից: Մեր առաջարկությունը քննադատություն չէր, այն մոտեցումների փաթեթ էր` թե ինչ պետք է արվի»,- նշեց նա` հավելելով, որ իրենք ակնկալում էին, որ կառավարությունն ականջալուր կլինի և այդ քայլերը կիրականացնի:

Ի դեպ, ըստ Արթուր Խաչատրյանի, այդ քայլերի զգալի մասը, թեև ուշ, իրականացվեց, օրինակ` բոլոր ձեռնարկությունները, բացի կենսապահովման հիմնարկներից, փակվել են, ինչ-որ քայլեր են ձեռնարկվում սոցիալապես խոցելի քաղաքացիների վիճակը թեթևացնելու ուղղությամբ: Սակայն, իրականացված միջոցառումներն ամբողջական չեն: Փոխարեն կանխվի համավարակի տարածումը, կառավարությունը «գնում է համավարակի հետքերով»:

Բայց, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամի խոսքով, երկու կարևոր խնդիրների լուծումներ լիարժեքորեն չեն տրվել: Մեկը տրանսպորտի խնդիրն է: Ըստ Արթուր Խաչատրյանի` ներհամայնքային ու միջահամայնքային տրանսպորտի սահմանափակումները պետք էր դեռևս մեկ շաբաթ առաջ սահմանել, այլ ոչ թե թողնել, որ վարակը գյուղից գյուղ տարածվի: Նա պնդում է` տրանսպորտի շարժը պետք է հստակ սահմանափակել, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմամբ` պետք է գործեն միայն որոշակի ուղղությամբ ու որոշակի նպատակի ծառայող ավտոբուսներ, որոնցից կօգտվեն մարդիկ, որոնք կենսապահովման հիմնարկներում են աշխատում:

Մյուս կարևոր խնդիրը գյուղատնտեսությունն է: Երկիրը, Արթուր Խաչատրյանի խոսքով, ռազմավարական պաշարներ ունենալու, պարենային անվտանգությունն ապահովելու հիմնախնդրի առջև է կանգնած: «Շատ երկրներ պարենամթերքի արտահանումը կանգնեցրել են` ներառելով նաև Հայաստանը, և մենք մեր սուղ միջոցները պետք է ուղղենք պարենային անվտանգության ապահովմանը, այսինքն` գյուղացին պետք է իմանա, որ պետությունն իրենից երաշխավորված գնում է կատարելու` որոշակի քանակով ու որոշակի գումարով: Նման պատվերի դեպքում սերմացուն, ջուրը, պարարտանյութերը պետությունը պետք է տա անվճար: Այսինքն` պետությունը որոշակի բնամթերք` հացահատիկ, ոլոռ, կարտոֆիլ և այլն, արտադրելու պատվեր պետք է իջեցնի գյուղացիներին և երաշխավորված գնում կատարի: Մարդիկ էլ կհասկանան, որ իրենց աճեցրած բերքը պետությունը գնելու է»,- նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը` ընդգծելով, որ գումարները հիմա պետք է ուղղել համավարակի դեմ պայքարին, այլ ոչ թե բիզնեսի խթանմանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամի` ճգնաժամը հաղթահարելուն ուղղված` կառավարության իրականացրած քայլերի,  գյուղատնտեսության խնդիրների,  արտակարգ պայմաններում գնային քաղաքականության, կոոպերատիվների ձևավորման մասին կարծիքին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` տեսանյութը դիտելով:

 Ի դեպ, ըստ SputnikGeorgia-ի, Վրաստանը նույնպես կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ պայմաններում պարենի ռազմավարական պաշար է տեսնում: Վրաստանի կառավարությունը  16 մլն լարի (մոտ 4,9 մլն դոլար) կտրամադրի այն ապրանքների գնմանը, որոնց ներմուծումը կենսականորեն անհրաժեշտ է Վրաստանի համար: Կգնվի  5 հազար տոննա շաքար, 500 տոննա մակարոնեղեն և 1,5 մլն լիտր ձեթ: Ընդ որում ` այդ մթերքն ընդգրված է այն 9 ապրանքների ցանկում, որոնց գները արտակարգ դրության ժամանակ վերահսկվելու են պետության կողմից: