Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Սյունիքի մարզ՝ ամփոփելու 2020թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը և մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների պայմաններում մարզի բնակչության հիմնական իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հետ կապված ակտուալ խնդիրները:
Մարզի դատախազությունում անցկացված խորհրդակցությանը, որին, բացի իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարներից, մասնակցել է նաև Սյունիքի մարզպետը: Մանրամասն քննարկվել են մարզի տարածքում հանցավորության ընդհանուր միտումները, բնակչության իրավունքների պաշտպանության առումով ստեղծված նոր մարտահրավերները, հանցագործությունների կանխման, բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաև քրեական վարույթներով դատախազական գործառույթների իրացման արդյունքները:
Սյունիքի մարզում գրանցվել է ճանապարհային երթևեկության և տրանսպոր-տային միջոցների շահագործման կանոնները խախտելու 55 դեպք, գրեթե նույնքան, որքան 2019թ.-ին, սակայն մահվան ելքով պատահարներն ավելի են եղել 2-ով /17-15):
Նկատի ունենալով պատերազմի հետևանքները հատկապես Սյունիքի մարզի տարածքում ճանապարհային հաղորդակցության ոլորտում՝ ՀՀ գլխավոր դատախազը հատկապես շեշտել է մարզկենտրոնի և հանրապետության մյուս տարածքների հետ ՀՀ հարավային բնակավայրերի տրանսպորտային հաղորդակցության, բնակիչների երթևեկության անվտանգության ապահովման և հնարավոր պատահարները նվազագույնի հասցնելու ուղղության իրավապահ մարմինների ջանքերի բազմապատկման անհրաժեշտությունը՝ հատկապես ոստիկանության պարեկային ծառայությունների, ՃՈ-ի կողմից ճանապարհներին երթևեկության հսկողության ուժեղացման առումով:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է 2021թ.-ի ընթացքում ինչպես անհրաժեշտ բացատրական աշխատանքների, այնպես էլ օպերատիվ-հետախոզական գործիքակազմի կիրառությամբ գործուն քայլեր ձեռնարկել մարզի տարածքում բնակչության մոտ հնարավոր կուտակված ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ՝ շեշտելով այս աշխատանքի կարևորությունը հատկապես հանրապետությունում ներքին անվտանգության ապահովման, հրազենի կամ այլ զինատեսակների կիրառմամբ հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից:
Ընդհանուր առմամբ գլխավոր դատախազը գոհունակություն է հայտնել 2020թ.-ի՝ հատկապես Սյունիքի մարզի համար ծանրագույն տարվա ընթացքում, արտակարգ դրության, ռազմական դրության պայմաններում, դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ տրանսպորտային, տեխնիկական միջոցների և մարդկանց աննախադեպ հոսքի պայմաններում մարզում օրինապահության, հասարակական կարգի ապահովման ուղղությամբ իրավապահ մարմինների մարզային կառույցների կատարած աշխատանքը: Արթուր Դավթյանը նշել է, որ 2021թ. բացարձակ առաջնահերթություն է մարզի բնակչության բնական կենսագործունեության, հատկապես սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակչության անվտանգության ապահովումը, կյանքի, ազատ տեղաշարժի և կենցաղավարման հիմնարար իրավունքների երաշխավորումը՝ այդ նպատակով սերտորեն համագործակցելով ինչպես հանրապետական, այնպես էլ հատկապես համայնքային մարմինների և մարզում ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահ ուժերի ստորաբաժանումների հետ:
Ելնելով առանձին հանցատեսակներով նախորդ տարվա ընթացքում արձանագրված միտումներից՝ ՀՀ գլխավոր դատախազը կոնկրետ հանձնարարություններ է տվել նաև քրեական վարույթներով իրականացվող նախնական քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: