Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նոր կարգավորումներ պետք է մտցվեն օրենքում` վարորդներին տուգանքների մասին իրազեկելու հետ կապված, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վերահաստատեց իր կարծիքը, որ ներկայացվող օրինագիծը հեղինակների կողմից միջանկյալ խնդրի լուծում է ապահովում, այլ ոչ թե խնդրի հիմնարար վերանայում: Ներկայացնելով իր դիտարկումները` Արծվիկ Մինասյանը նշեց, որ խնդիրներց մեկը վերաբերում է բանկային համակարգում ծառայության մատուցմանը:
«Մենք սահմանել ենք պարտադիր պայման առևտրային բանկերի համար, որ իրենք պետք է մատուցեն այդ ծառայությունը: Բայց պետք է նայենք, թե մենք ինչո՞ւ ենք օրենքով պարտադրում, որ նրանք մատուցեն այդ ծառայությունը` անվճար: Ինչո՞ւ հարկադիր կատարման ծառայությունը գանձում է վճար իր ծառայության դիմաց, իսկ առևտրային բանկերը` ոչ: Հետևաբար, ոչ թե բանկային համակարգին պետք է դատապարտել, այլ մեզ, որ նման օրենք ենք ընդունել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորի խոսքով` Սահմանադրությամբ հիմնարար խախտում է, երբ առանց դատարանի որոշման, քաղաքացին զրկվում է սեփականությունից: Արծվիկ Մինասյանը համոզված է` որևէ վարչական մարմնի կողմից կայացված ակտով չի կարելի քաղաքացու սեփականությունը վերցնել նրա ձեռքից, նույն հաջողությամբ նույն ձևով կարելի է ցանկացած ակտ հիմնավորել, ու քաղաքացու գույքը վերցնել: Չի էլ հաշվի առնվում, թե ինչ եկամտից է վերցվում այն` կենսաթոշա՞կ է, նպա՞ստ, թե՞ երեխայի համար նվազագույն նպաստ և այլն: Պատգամավորի համոզմամբ` օրենքի նախագծում խնդիրների հիմնարար լուծման անհրաժեշտություն կա, և պետք է խնդիրը դիտարկել ամբողջության մեջ, այլ ոչ թե առանձին:
«Ո՞ր վարչական ակտով է որոշվում տեսանկարահանող սարքերի տեղադրումը, ո՞վ է որոշում, որքա՞ն է այդ որոշումը համապատասխանում վարչարարության հիմնական սկզբունքների համաչափությանը: Ո՞ր ակտերով են որոշվում արագության չափերը, ի՞նչ կանոնների հիման վրա»,- իր դիտարկումները հնչեցրեց պատգամավորը` հավելելով, որ պետք է փոխվի քաղաքականությունը ճանապարհատրանսպորտային կանոններում, որտեղ գլխավոր պայմանը անվտանգության ապահովումը պետք է լինի, այլ ոչ թե ամեն գնով տուգանելը և մասնավոր ընկերությունների շահը հետապնդելը: