կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-30 16:21
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունը սոցիալական և տնտեսական բնույթի` օժանդակության 8 միջոցառում է սահմանել. Մհեր Գրիգորյան

Այսօր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան լրագրողներին ներկայացրեցա արտակարգ դրության պայմաններում աջակցության ծրագրերի փաթեթները:

Ըստ նրա` այսօր կառավարությունը հաստատել է ևս 3 միջոցառում, որոնց իրագործման շրջանը բավական կարճ է լինելու, այսինքն` ապրիլի 1, ապրիլի 2  և ապրիլի 9 ժամկետներով: Արդյունքում` կա 8 հաստատված միջոցառումներ, որոնցից 4-ն ունեն սոցիալական բնույթ, 4-ը տնտեսությանն անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար են:

Փոխվարչապետի խոսքով` առաջինը տնտեսական հավելյալ լիվիդայնություն ներարկելու միջոցառում է, որի տրամաբանությունը հետևյալն է` թիրախավորվում է ծախսի նպատակը, այլ ոչ թե ոլորտը, որովհետև այս փուլում կարող է լինել իրավիճակ, երբ տնտեսվարողը վարկերի տեսքով միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն ունենա, որպեսզի իրականացնի հումքի, սարքավորումների ներկրման, աշխատավարձերի, հարկերի վճարման հետ կապված ծախսեր: Ցանկացած` հարկային և վարկային բարվոք պատմություն ունեցող տնտեսվարող հնարավորություն կունենա օգտվելու այդ միջոցներից, ընդ որում` միջոցառումը նախատեսում է երեք գործիք` համաֆինանսավորում, վերաֆինանսավորում և տոկոսադրույքի սուբսիդավորում: Դրանք լուծում են այն հնարավոր դասական պրոբլեմները, որ կարող են ի հայտ գալ` արտարժույթի ռիսկը, տոկոսադրույքի բարձր լինելը, գրավի կամ պարտավորության ապահովման միջոցի նվազ լինելը:

Երկրորդ միջոցառումը միտված է օժանդակելու գյուղատնտեսական ոլորտի ձեռնարկություններին և անհատներին, որոնք դրամական միջոցներ ներգրավելու խնդիրներ ունեն: «Այստեղ նույն տրամաբանությունն է գործում, ինչ առաջին դեպքում, սակայն համավարկության կոնցեպտը տարածվում է կոոպերատիվների վրա, և մենք փորձ են արել, որ միջոցառումը պարունակի կոոպերատիվների ձևավորման նպաստող գործիք»,- նշեց Գրիգորյանը:

Երրորդ միջոցառումը, ըստ նրա, արդեն ոլորտային թիրախ ունի, և եթե առաջին երկուսն իրականացվելու են բանկային համակարգի ներգրավմամբ, երրորդը` նույնպես, բայց վարկունակության գնահատականը տալու է Ներդրումների աջակցության կենտրոնը, և միակ խնդիրը, որը հավելյալ հաստատման կամ նախահաստատման կարիք ունի, տեղեկատվության նույնականացումն է:

Չորրորդ միջոցառումը, ըստ փոխվարչապետի, սոցիալական է. օժանդակություն է տրամադրվելու այն ընտանիքներին, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա և կորցրել են աշխատանքը:

Հինգերորդը, Մհեր Գրիգորյանի բնորոշմամբ, քվազի-սոցիալական է, որովհետև նպատակը երկակի է: «Դրամաշնորհ ենք տրամադրում այն մասնավոր կառույցներին, որոնք հունվարի 1-ից մինչև մարտի 25-ը իրենց աշխատողների թիվը և աշխատավարձի ֆոնդը չեն նվազեցրել, դրանց ավտոմատ կերպով կտրվեն դրամաշնորհներ»,- հայտնեց նա:

Վեցերորդ միջոցառումը, որն այսօր է հաստատվել, սակայն մինչև օրվա վերջը ճշգրտումներ կարվեն և  կհրապարակվեն, նախատեսում է օժանդակել այն քաղաքացիներին, որոնք կորցրել են աշխատանքը մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում: Օժանդակությունը միանվագ է` նվազագույն աշխատավարձի չափով` 68 հազար դրամ:

Յոթերորդ միջոցառումը վերաբերում է հղի կանանց, մասնավորապես` միայնակներին կամ նրանց, որոնց ամուսինները կորցրել են աշխատանքը նույն ժամանակահատվածում: Նրանց միանվագ կտրվի 100 հազար դրամ:

Ութերորդը ոլորտային սոցիալական է. օժանդակություն է  նախատեսվում ժամանակավորապես տուժած ոլորտների աշխատակիցներին: Այդ ոլորտներն են` հյուրանոցային և հյուրատնային ծառայություն, հանրային սննդի ոլորտ, զբոսաշրջության ոլորտ, վարսվիրանոցներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտուր  (սնունդ,  ալկոհոլ և ծխախոտ չվաճառող)` ինքնուրույն կամ առևտրի կենտրոններում կազմակերպվող:

 Մանրամասն` տեսանյութում