կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-04 18:25
Հասարակություն

Ընդունելություն Արագածոտնի մարզպետի մոտ.գրեթե բոլոր խնդիրները` սոցիալական բնույթի էին

Ընդունելություն Արագածոտնի մարզպետի մոտ.գրեթե բոլոր խնդիրները` սոցիալական բնույթի էին

 Մարզպետ    Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություններ է կատարում մարզի տարածաշրջաններում: Հոկտեմբերի 3-ին նա այդ նպատակով  այցելեց Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններ: Համայնքների ղեկավարները բնակիչներին նախապես տեղեկացրել էին ընդունելության կազմակերպման վերաբերյալ: Ընդունվել էին դիմումները, կատարվել ուսումնասիրություններ եւ ըստ այդմ՝ բնակիչները ներկայացել էին ընդունելության:

Ապարանի տարածաշրջանի համայնքների բնակիչների ընդունելությունը կայացավ Ապարանի քաղաքապետարանում: Այստեղ ընդունելությանը մասնակցեց 42 քաղաքացի, իսկ Արագածի տարածաշրջանինը՝ Ծաղկահովիտի համայնքապետարանում, ուր մարզպետի հետ հանդիպման եկավ 51 քաղաքացի: Գրեթե բոլորի հարցադրումները հիմնականում  սոցիալական բնույթ ունեին: Քաղաքացիները մարզպետին դիմեցին նաեւ բնակարանային, առողջական խնդիրների եւ անձնական այլ բնույթի հարցերով:

  Ուսումնասիրելով ներկայացված դիմումները, ծանոթանալով դիմումատուների խնդիրներին, մարզպետը  զրուցեց նրանց հետ, անհրաժեշտ խորհուրդներ եւ պարզաբանումներ կատարեց եւ հնարավորինս աջակցեց: ԸՆդհանուր առմամբ, դրամական օգնություն ստացավ 92 քաղաքացի:

Հոկտեմբերի 4-ին մարզպետը քաղաքացիների ընդունելություն կատարեց Թալինի քաղաքապետարանում,  որին մասնակցեցին Թալինի տարածաշրջանի բոլոր համայնքների բնակիչները: Ընդունելությանը, ընդհանուր առմամբ, մասնակցեց 77 քաղաքացի, ովքեր  ստացան դրամական աջակցություն: Միաժամանակ նրանց կողմից բարձրացվեցին առողջապահական, անձնական բնույթի այլ հարցեր, որոնց լուծման համար մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ:

 Քաղաքացիների ընդունելությանը ներկա համայնքների ղեկավարներին Աշոտ Սիմոնյանը հորդորեց առավել լրջորեն եւ համակողմանի մոտենալ քաղաքացիների խնդիրներին, լավ ուսումնասիրել նրանց  սոցիալ-տնտեսական պայմանները եւ նպաստել, որպեսզի տրամադրվող դրամական միջոցներից օգտվեն առավել կարիքավորներն ու խոցելի խմբերը: Կարեւորվեց այն հանգամանքը, որ բնակիչների հետ անհրաժեշտ է աշխատել առանց նախապայմանների, յուրաքանչյուր բնակչի հանդեպ ունենալ անկողմնակալ եւ առավելագույն հոգածություն:

 ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին