կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-19 18:24
Քաղաքական

Ասք ճոխ պարգևատրման «հեղափոխական փորձառության» մասին

Ասք ճոխ պարգևատրման «հեղափոխական փորձառության» մասին

ԱԽ քարտուղարի աթոռը զբաղեցնող Ա. Գրիգորյանն անդրադարձել է Yerkir.am-ի՝ «Պաշտոնավարման շրջանում՝ $ 205.000, ամսական՝ $ 9.500 պարգևավճար՝ «հեղափոխական ձեռնարկի» հրատարակման համա՞ր» վերտառությամբ հրապարակամանը,  որտեղ վարչապետի աշխատակազմից ստացված գրավոր պատասխանի հիման վրա փաստված է, որ 17.05.2018 թվականից մինչև 29.02.2020 թվականն ընկած հատվածում ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատողներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 98.593.547 ՀՀ դրամ (ավելի քան $ 205.000), որը ամսական կազմում է ավելի քան $ 9.500:

Որևէ ծաղրավիրավորական բառ չպարունակող և միայն կառավարության պաշտոնական գրության հիման վրա կառուցված մեր պարզ շարադրանքին և որոշ քննադատական մտքերին Ա. Գրիգորյանն արձագանքել է «քուչում պպզողի» ոճով:

Բնավ անսպասելի չէր նման մակարդակի արձագանքը, և կյանքում լոկ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հ/կ-ի թերթոն ցրած Ա. Գրիգորյանը չէր կարող նորանկախ ՀՀ-ի հետ 30-ամյա պատվաբեր ուղի անցած «Երկիրին» թերթոն չանվանել: Բնականաբար՝ հայոց նորագույն շրջանի պատմության հետ որևէ աղերս չունեցող և միայն հայտնի և հասկանալի պատճառներով ԱԽ քարտուղարի աթոռին հայտնված Ա. Գրիգորյանը չի էլ կարող պատկերացնել, որ թերթոն է անվանում մի օրգանի, ով նորանկախ ՀՀ-ի մամուլի պատմության փոթորկուն օրերին ունեցել է մինչ օրս չգերազանցված ամենամեծ տպաքանակը՝ հանդիսանալով նաև իր հայրենի Արցախի իրադարձությունների առաջին մունետիկը ՀՀ-ում:

Բնականաբար՝ չէինք կարող հրապարակում տալ մի հիմնարկի մասին՝ տեղադրելով պահակի կամ կրտսեր մասնագետի լուսանկարը, որին կցված վերնագիրը Ա. Գրիգորյանին մեծ ցավ է պատճառել:

ԱԽ քարտուղարի աթոռին հայտնված Ա. Գրիգորյանը շահարկել է նաև կորոնավիրուսի թեման՝ հայտարարելով, թե այս ծանր օրերին նման հրապարակումներ կարող են անել «հոգով տկարները»: Ըստ Ա. Գրիգորյանի տրամաբանության՝ համաճարակի դեմ պայքարի այս փուլում լրատվամիջոցները չպետք է աշխատեն, իսկ հասարակությունը չպետք է իրազեկվի այն մասին, թե որքան են պետական պաշտոնյաները տոտալ ճգնաժամի պայմաններում պարգևատրում իրենց և իրենց հիմնարկների աշխատակիցներին:

Պարզորոշ է, որ տարբեր հուզական թեմաներն ամենահարմար ծածկոցն են՝ թաքնվելու տակը՝ թույլ չտալով իրազեկել, թե զրոյական արդյունք ունեցող և հասարակությանը բացարձակ անպիտան հիմնարկների ղեկավարներն ի՞նչ չափով են խժռել պետական բյուջեն:

Արդյունքում՝ նրանք, ովքեր պարզում են, որ այս «փրկիչներն» իրականում պետական լափամանի առջև հերթ կանգնած շարքային ստախոսներ են, դառնում են հոգով տկար:  

«Հեղափոխական ձեռնարկի» մերօրյա առաջամարտիկին, փաստորեն, կարիք կա հիշեցնելու, թե ով է հոգով տկարը. նա՞, ով համաճարակի այս դժվարին օրերին շարունակում է ոչնչի դիմաց ճոխ պարգևատրվել պետբյուջեի գումարներով, թե՞ նա, ով այդ մասին հիշեցնում է, նա՞ է հոգով տկարը, ով երկրաշարժից տուժած հազարավոր տնակաբնակ ընտանիքների, տասնյակ հազարավոր կարիքավոր և ծայրաստիճան աղքատների դրությունը շահարկելով գալով իշխանության և ոչինչ չանելով խժռում է բյուջեն, թե՞ նա, ով հիշեցնում է այդ մասին, նա՞ է հոգով տկարը, ով մարդկանց թշվառությունը շահարկելով բազմել է աթոռին և 1.000.000 դրամից ավելի (ինքը նշում է 730.000-ի մասին՝ չմանրամասնելով, որ պետական եկամուտների և սոցիալական վճարների հետ միասին պետբյուջեից վճարվում է իրեն 1.000.000 դրամից ավելի աշխատավարձ) աշխատավարձի հետ միասին ևս 280.000 դրամի պարգևավճար է կորզում յուրաքանչյուր ամիս՝ այն պայմաններում, երբ իր սիրելի ժողովրդի միջին աշխատավարձը (183.030.0) իր ամենամսյա պարգևավճարից շուրջ 100.000 դրամով ցածր է, իսկ միջին կենսաթոշակից շուրջ 7 անգամ մեծ:

Հ.Գ. Համաճարակի դեմ պայքարի այս դժվարին փուլում պարգևավճարների տեսքով պետական բյուջեի մսխմանն ակտիվորեն մասնակցող այս պարոնին ի գիտություն. մենք լավագույնս հետևում ենք արտակարգ իրադրության և Պարետատան սահմանած կանոններին, և, ի դեմս Ա. Գրիգորյանի նմանների, դեռ մերկացնելու ենք շատերի ողորմելի վարքագիծը:

Վ. Սարգսյան