ԱԺ ամբիոնից միացրեցի ձայնագրություն՝ հայտարարելով․
Սա Սուրեն Պապիկյանի ձայնն է։ Այն Պապիկյանի, ով Փաշինյանի կողքին կանգնած` այս սրտաճմլիկ տեքստն էր արտաբերում և կորոնավարակի տարածման առումով հարսանյաց արարողություններ անցկացնելը խնդիր էր համարում։ Մարդ, ով երեք տարի առաջ կերազեր ճոխ և օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանիք ունենալու մասին։ Մարդ, ում քաղաքական թիմի ու այդ թիմի առաջնորդի չկշռադատված, խայտառակ հակասական ու քաոտիկ գործողությունների հետևանքով մեր երկրի գլխին պատերազմ բերվեց, հազարավոր տղաներ դրվեցին հողի տակ, իսկ նրանց զգալի մասը զրկվեց հարսանիք ունենալու հնարավորությունից։ Նրանց մեծ մասն անգամ չէր էլ հասցրել սիրահարվել և զգալ կյանքի քաղցրությունը․․․
Եվ ահա իմ հիշատակած այդ անձնավորությունը, իր քաղաքական թիմի անդամներն ու իրենց հրահանգավորող ղեկավարը շաբաթ օրը մասնակցել են հարսանիքի։ Հարսանիք, որն իր ճոխությամբ չէր զիջում կամ գուցե նույնիսկ գերազանցում էր նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին։ Հարսանիք, որն արվում էր այն նույն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս։ Հարսանիք, որն իրականացվում է ժամանցի վայրեր առանց պատվաստման Քյու Ար կոդի կամ ՊՇՌ բացասական թեստի մուտք գործելու առողջապահության նախարարի չտրամաբանված արգելքի պայմաններում (հետաքրքիր է, թե իշխանական այս միջոցառման հյուրերից քանիսի՞ց է պահանջվել ներկայացնել այդ փաստաթղթերը)։
Եվ, ի վերջո, հարսանիք, որից կոռուպցիոն ռիսկի առերևույթ կասկածներ են առաջանում և որի վերաբերյալ ծպտուն անգամ չեն հանում իբրև թե հակակոռուպցիոն խնդիրներով տոգորվող, օտարերկրյա ֆինանսավորմամբ դայլայլող հասարակական կազմակերպությունները։
Կոռուպցիոն հերթական ռիսկի մասին ծպտուն չի հանի նաև ՔՊ-ի ներկայացրած ՄԻՊ թեկնածուն, ինչպես որ խուսափողական պատասխան տվեց Վիվառոյի սեփականատիրոջ հետ Ալեն Սիմոնյանի և մյուս պատգամավորների միկոնոսյան զվարճանքների, և Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության կողմից ասֆալտապատման տենդերներ շահելու մասին իմ հնչեցրած հարցերին։ Չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին։
Ի դեպ, Քրիստինե Գրիգորյանը Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի ներկայացուցիչն է Հայաստանում։ Զավեշտալի է։
Իշխող ուժը խորհրդարանին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին։ Ավելի ճիշտ՝ այլ շենքում որոշվել է, թե ով է լինելու ՄԻՊ թեկնածուն, հետո այդ թեկնածությունն ուղարկվել է Ազգային ժողով՝ «դակվելու»։
Կկարողանա՞ արդյոք Քրիստինե Գրիգորյանը լինել անաչառ, օբյեկտիվ, անկողմնակալ իր պաշտոնում։ Համոզված եմ, որ նրա համար սահմաններ են գծվել, նա համաձայնել է այդ սահմաններին, դրա համար էլ դարձել է թեկնածու։ Չհամաձայներ, չէր դառնա։
Այդ սահմանները հնարավորություն են տալու Մարդու իրավունքների պաշտպանին, այսպես ասած, անշառ թեմաներով լինել բոցաշունչ իրավապաշտպան, բայց երբ հարցը վերաբերի կոնկրետ մարդու և իշխանության թեմային, ապա դառնալ համավոր հարս։
Փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը կադրային հարցերում առաջնորդվում է ուսապարկային տրամաբանությամբ, այսինքն՝ պաշտոնների է նշանակում հլու-հնազանդ կամակատարների։
Փորձը ցույց է տալիս նաև, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում իշխանության ճյուղերի տարանջատման ու հակակշռման սկզբունքը՝ փորձելով բռնապետություն ձևավորել, ինչն ամբոխավարության բնական շարունակությունն է։ Մարդու իրավունքների պաշտպանին հենց այդ տրամաբանությամբ են նշանակում։
Մեր օրենսդրության համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպան կարող է լինել հասարակության շրջանում բարձր հեղինակություն վայելող անձ։ Կան նաև այլ պահանջներ, բայց ես հատկապես այս կետն եմ առանձնացրել, քանզի ակնհայտ է, որ ՔՊ-ի առաջադրած թեկնածուն չի բավարարում այս պահանջին։ Քրիստինե Գրիգորյանը ոչ թե հասարակության շրջանում բարձր կամ ցածր հեղինակություն է վայելում, այլ նա պարզապես անհայտ է հանրության լայն շրջանակներին։
Բացի այդ՝ մեզ հայտնի չեն հանրային հնչեղություն ունեցող գործընթացների ու երևույթների վերաբերյալ ՄԻՊ թեկնածուի տեսակետները։ Նա եղել է այս իշխանության թիմում ու ծպտուն չի հանել այնպիսի ապօրինությունների ու մեր երկրին լրջորեն վնասած երևույթների թեմայով, ինչպիսիք են՝
–իրավականի անվան տակ քաղաքական հետապնդումները,
–դատարանները շրջափակելու մասին Փաշինյանի հակասահմանադրական կոչերը,
–ՏԻՄ ընտրությունների արդյունքների խմբագրման իշխանական ապօրինի ու աննախադեպ միջամտությունները,
–կալանքը որպես քաղաքական հակառակորդներին հետապնդելու գործիք կիրառելը,
–Հայաստանի տարածքները բանավոր փոխըմբռնմամբ, ՀՀ օրենսդրության խախտմամբ թշնամուն հանձնելը և ՀՀ քաղաքացիների բնական իրավունքները ոտնահարելը,
–խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ վարչական ու այլ տիպի ռեսուրսները ապօրինի կիրառելը,
–Սահմանադրական դատարանն ապօրինաբար գրավելու քաղաքականությունը, ՍԴ որոշ անդամների տեռորի ենթարկելը,
–առանց մրցույթի և մեկ մատակարարից գնումներ իրականացնելու պրակտիկայի ձևավորելը,
–իշխանավորների թանկարժեք ու չհիմնավորված ծախսերը պետական բյուջեի հաշվին,
–ներկայումս իշխանավոր դարձած երեկվա աղքատ հեղափոխականների արագ ու առերևույթ ապօրինի հարստացումը՝ իշխանության ու բիզնեսի գռեհիկ սերտաճման արդյունքում,
–քրեական ենթամշակույթի դեմ, իբր, պայքարող իշխանավորների կրիմինալի հետ սերտաճելը,
–ընտրակեղծիքների հիմնադիր-տեխնոլոգին ԲԴԽ ղեկավար կարգելն ու գրպանային դատավորներ ունենալու քայլերը,
–դատարաններում գործերի բաշխման համակարգչային մեխանիզմների միտումնավոր ոչնչացումը,
–մեր երկրում իշխանությունների կողմից ատելության քարոզի ու հատկապես հակաղարաբաղյան և հակաղարաբաղցիական քաղաքականություն իրականացնելը,
–խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելը,
–կորոնավիրուսային համաճարակի պայաններում ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պահպանման հարցում հանցավոր անգործություն դրսևորելը, ինչպես նաև պետության որոշ ֆունկցիաների չկատարումը, մասնավորապես կորոնավիրուսային թեստերի մասով,
–իշխանությունների կողմից իրենց քաղաքական ընդդիմախոսներին ազատ տեղաշարժի իրավունքից զրկելը՝ այսպես կոչված ՍԵԿՏ-ը փակելու միջոցով,
–մեր երկրում քաղբանտարկյալների առկայությունը՝ Առուշ Առուշանյան, Աշոտ Մինասյան, Նարեկ Մանթաշյան, Գառնիկ Իսագուլյան, Մամիկոն Ասլանյան․․․ շարքը շարունակելի է։
Սրանք այն բոլոր խնդիրների մի մասն են, որոնք հանրային հնչեղություն ունեն։ Եվ որոնց մասին մենք չգիտենք ՄԻՊ թեկնածուի տեսակետները և հազիվ էլ իմանանք։
Եվ ամենակարևորի մասին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում թշնամական Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հնարավորություն ստացավ պատերազմ սկսել ու մեզանից խլել հազարավոր կյանքեր, Արցախի պետականությունը, տարածքները։ Ադրբեջանական զորքերն ապօրինաբար օկուպացրել են մեր տարածքների մի մասը, հիմա էլ Ալիևը Սևանն ու Երևանն է ուզում։
Ալիևի այս լկտիությունը հնարավոր է դարձել այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում։ Ու եթե Քրիստինե Գրիգորյանն այդ իշխանական թիմի անդամ է ու համաձայնել է ՔՊ-ի առաջադրած թեկնածուն դառնալ, ապա նշանակում է, որ իր համար ընդունելի է այն ամենը, ինչին ականատես ենք դարձել 2018-ի մայիսից սկսած։ Իսկ դա նշանակում է, որ Գրիգորյանը կիսո՛ւմ է պատասխանատվությունն այս ազգային ողբերգության համար։
Դա նշանակում է նաև, որ Գրիգորյանը չի կարող լինել Մարդու իրավունքների անաչառ, օբյեկտիվ ու անկողմնակալ պաշտպան։
Արեգնազ Մանուկյան
ՀՀ ԱԺ պատգամավոր