կարևոր
7222 դիտում, 11 ամիս առաջ - 2023-10-11 16:55
Քաղաքական

Ֆ․ Նանսենի ոսկե հուշամեդալներով պարգևատրման արարողությունը ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Նանսենի անվան լսարանում

Ֆ․ Նանսենի ոսկե հուշամեդալներով պարգևատրման արարողությունը ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Նանսենի անվան լսարանում

Երեկ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Ֆրիտյոֆ Նանսենի անվան լսարանում Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտ-հիմնադրամի կազմակերպմամբ տեղի ունեցավ «Նանսենի անվան» ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը։ Գրեթե ամեն տարի Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտ-հիմնադրամը Նանսենի ոսկյա հուշամեդալներով է պարգևատրում Հայ դատի հետապնդման ոլորտում ներդրում ունեցած մարդկանց։

Akunq.net-ի փոխանցմամբ՝ այս տարվա մրցանակակիրներն էին հայ բանաստեղծ, լեզվաբան, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Թադևոս Տոնոյանը, հայ երգահան, կիթառահար, նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարտին Ահարոնյանը և Հայաստանում մշտական բնակություն հաստատած սփյուռքահայ մտավորական, Սիրիայում հրատարակվող «Գանձասար» հայկական պարբերականի նախկին խմբագիր, թարգմանչուհի Մարի Մերտխանեան-Եարալեանը։

Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկած ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը ներկաներին հիշեցրեց մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի հայանպաստ գործունեության մասին Հայոց ցեղասպանության տարիներին և Մեծ եղեռնից անմիջապես հետո։ Նա նաև արձանագրեց, որ հենց այդ լսարանում 1925 թ․ ԵՊՀ-ի ղեկավարությունը Նանսենին շնորհել էր պատվավոր դոկտորի կոչում։

Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտ-հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանն իր ելույթում անդարադարձավ նանսենյան անձնագրին, որը որպես ժամանակավոր անձը հաստատող փաստաթուղթ՝ տրվել էր Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին։ Հիշեցնենք, որ 1922 թ․ Ժնևում հրավիրված Ազգերի լիգայի կոնֆերանսի ժամանակ հայ գաղթականության հարցը բարձրացվել էր Ֆ․ Նանսենի կողմից։ «Նանսենյան անձնագիր» ստացած արևմտահայերն օգտվել են վերոնշյալ կոնֆերանսին մասնակցած երկրներում բնակվելու և ազատ տեղաշարժվելու իրավունքից․ նրանց նկատմամբ դադարել են գործել քաղաքացիություն չունեցողների համար նախատեսված սահմանափակումները։ Ֆ․ Նանսենի նախաձեռնությամբ օրինական ուժ ստացած այդ անձնագրերից ստացել է Մեծ եղեռնից փրկված շուրջ 320 հազար հայություն։

Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտ-հիմնադրամը Նանսենի ոսկե մեդալներ է շնորհում մեծ մարդասերի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 10-ին։ Այս տարվա մրցանակակիրներից Թադևոս Տոնոյանը և Մարտին Ահարոնյանը ոսկե մեդալին էին արժանացել մասնավորապես Հայոց ցեղասպանության թեմայով «Սուրբերու աչքեր» երգի համար (խոսքի հեղինակ՝ Թ․ Տոնոյան, երաժշտությունը՝ Մ․ Ահարոնյանի), իսկ Մարի Մերտխանեան-Եարալեանը՝ ԱՄՆ-ում բնակվող արևմտահայ հուշագիր Ֆերման Թորոսլարի «Աքսոր․ ապստամբութեան բովէն անցած մութքեցի հայ ընտանիք մը» հուշագրության հայերեն թարգմանության համար։

Մրցանակակիրների շնորհակալության խոսքից բացի՝ ելույթով հանդես եկավ նաև միջոցառմանը ներկա ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ տիկին Նորա Արիսյանը, ով մասնավորապես ընդգծեց նման ձեռնարկների կարևորությունը՝ Հայկական հարցի և Հայ դատի ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական դարձնելու և մտավորականներին խրախուսելու առումով։

Լուսանկարները՝ Հայարփի Խաչատրյանի

Մելինե Անումյան / Akunq.net