Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը ներկայացնում է ՀՅԴ Երևանի Քաղաքային Կոմիտեի՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում կատարված փոփոխությունների և «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» որոշման նախագծի վերաբերյալ (26.11.2019թ. դրությամբ) մի շարք արձանագրումները
Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 25-ի նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը իր զեկույցում (տե՛ս 50-րդ րոպեից՝ այստեղ) ներկայացրեց Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-իN 47-Ն «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման հարցը, որով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրից նվազեցնել 158,272 մլն դրամ, որի շրջանակներում 33,272 մլն. դրամ հատկացվելու է «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի և 125,5 մլն դրամ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալներում բաժնետոմսերի ձեռքբերման համար:
Դեռևս 2019 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ դատախազությունը հրապարակել էր ուսումնասիրություն առ այն, որ Երևան քաղաքի ավագանու 2016 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 655-Ա որոշմամբ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի 100% բաժնեմասը որպես նվիրատվություն փոխանցվել էր Երևանի քաղաքապետարանին։
Հետևաբար, ի՞նչու է սույն ընկերությանը ֆինանսավորելու համար ընտրվել բաժնետոմսերի ձեռքբերման եղանակը։
Արդյունքում Երևան քաղաքի ավագանու կողմից նախագծի հաստատումից հետո, 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 26.11.2019թ N 148-Ն որոշմամբ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրից 158,272 մլն դրամ նվազեցվել է, սակայն 33,272 մլն. և 125,5 մլն դրամ համապատասխան հոդվածներում, որևէ այլ ծախսային հոդվածներում և բյուջեի պահուստային ֆոնդում ավելացումներն արտացոլված չեն: Պետք է հասկանալ, թե վերջապես, ծախսային ո՞ր հոդվածների վրա են բաշխվել այդ գումարները։
Հանրային ընկալման մեջ գործող իշխանությունները պայքարում էին կարմիր գծերը վերացնելու համար և այս դեպքում քաղաքապետարանը «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում անհասկանալի ներդրումներ կատարելուց հետո արդյո՞ք նախատեսում է բարեփոխել ավտոկայանատեղիների կազմակերպման գործունեությունը, թե՞ շարունակելու է իրականացնել գումար հավաքողի ֆունկցիան – հասկանալի չէ:
«Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի և 2020 թվականի բյուջեի մասին» որոշման նախագիծ
Եկամուտներ
Ընդամենը եկամուտները 2020 թվականին նախատեսվում է 107 մլրդ 120,1 մլն դրամ, իսկ 2019 թվականին կազմել է 86 մլրդ 508.3 մլն դրամ: Աճը կազմում է 20 մլրդ 611,8 մլն դրամ, կամ 19,2%: Դեֆիցիտը 2020 թվականին կազմում է 9 մլրդ 112,8 մլն դրամ, որը 2019 թվականի համեմատ աճել է 830,9 մլն դրամով։ Հատկանշական է, որ բյուջեի ֆոնդային մասի եկամուտները 2019թ.-ի համեմատ նվազել են 2 մլրդ. 158,5 մլն դրամով, կամ մոտ 50%-ով: Այսինքն հավաքագրված եկամուտների 98%-ը ուղղված է լինելու բյուջեի վարչական մաս: Համայնքի ֆոնդային բյուջեն նախատեսված է երկարաժամկետ արդյունք ապահովող, կապիտալ բնույթի ծախսերն իրականացնելու համար։
1. Հարկեր և տուրքեր հոդվածով 2020 թվականին նախատեսվում է հավաքագրել 18 մլրդ 429,4 մլն դրամ, իսկ 2019 թվականի բյուջեով հաստատվել է 15 մլրդ 822,7 մլն դրամ։ 2019 թվականի համեմատ աճը կազմում է 2 մլրդ 606,7 մլն դրամ, կամ 14,1%:
Այս ավելացման էական մասը կազմում է՝ ԵԱՏՄ մաքսային նոր համակարգի անցումով պայամավորված, աննախադեպ քանակի տրանսպորտային միջոցների ներմուծման գույքահարկը։ Արդյունքում, փոխադրամիջոցների համար գանձվող գույքահարկը նախատեսվել է 8 մլրդ 963,2 մլն դրամ, որը 2019 թվականի նկատմամբ աճել է 1 մլրդ 850,2 մլն դրամով, կամ 20,6%-ով։ 2020 թվականի համար նախատեսվող մուտքերը կարող են լինել խնդրահարույց, քանի որ օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք բերված և առաջիկայում ձեռք բերվող տրանսպորտային միջոցների համար գույքահարկից եկամուտները կարող են չհավաքագրվել։
Եթե չհաշվենք տրանսպորտային միջոցների ավելացման արդյունքում գոյացող գույքահարկի գումարները, ապա կարելի է ասել, որ հարկերն ու տուրքերը չեն աճել, հաշվի առնելով 4% կանխատեսվող ինֆլյացիան:
2. Պաշտոնական դրամաշնորհներ հոդվածով 2020 թվականին նախատեսվում է 24 մլրդ 15,4 մլն դրամ եկամուտ, իսկ 2019 թվականին՝ 23 մլրդ 857,3 մլն դրամ։ Այս հոդվածով տարբերություն գրեթե չկա։ Եթե հաշվի առնենք կանխատեսվող 4% ինֆլյացիան, ապա տարբերություն կստացվի բացասական:
3. Այլ եկամուտներ հոդվածով 2020 թվականին նախատեսվում է 64 մլրդ 675,3 մլն դրամ եկամուտներ, իսկ 2019 թվականին՝ 46 մլրդ 828,3 մլն դրամ։ Աճը կազմում է 17 մլրդ 847 մլն դրամ, կամ 27,6%: Այս աճը գրեթե ամբողջությամբ՝ 98,3%-ով, պայմանավորված է «Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ»-ի հատկացմամբ: Այսինքն 2020 թվականին նախատեսված եկամուտների աճի 85%-ը պետական բյուջեից ստացվող միջոցներն են, 9%-ը ներմուծված տրանսպորտային միջոցների գույքահարկը։ Մնացած 6%-ը կազմում է անվանական աճը, իսկ իրական աճը՝ ինֆլյացիան հանելուց հետո կկազմի 2%։
Ծախսեր
Այստեղ մեր կողմից դիտարկվել են Երևանի 2020 թվականի բյուջեի նախագծի որոշ ծախսային ուղղություններ։
Ընդամենը Ծախսերը 2020 թվականին նախատեսվում է 116 մլրդ 233 մլն դրամ, իսկ 2019 թվականին՝ 94 մլրդ 790,2 մլն դրամ։ Աճը կազմում է 21 մլրդ 442,7 մլն դրամ, կամ 18,5%: 2019 թվականի ֆոնդային (կապիտալ) բյուջեի նկատմամբ 2020 թվականի ֆոնդային (կապիտալ) բյուջեի ծախսերը նվազել են 1 մլրդ 327,6 մլն դրամով, կամ 10,5%-ով: 2020 թվականին նախատեսված 116 մլրդ 233 մլն դրամից ֆոնդային (կապիտալ) բուջեի ծախսերի համար նախատեսվում է ընդամենը 11 մլրդ 290,5 մլն դրամ, կամ բյուջեի 9,7%-ը: Սա նշանակում է, որ 2020 թվականի բյուջեի ծախսերի 90,3%-ը կազմելու են վարչական բյուջեի ծախսերը:
Ընթացիկ ծախսեր հոդվածով 2020 թվականին նախատեսվում է ծախսել 105 մլրդ 632,6 մլն դրամ, իսկ 2019 թվականին՝ 82 մլրդ 672,1 մլն դրամ։ Աճը կազմում է 22 մլրդ 960,5 մլն դրամ, կամ 21,7%, որից․
Տրանսպորտային ծախսեր հոդվածի մեջ ճանապարհային տրանսպորտի ծախսերը 2020 թվականին նախատեսվում է 11 մլրդ 715,7 մլն դրամ, իսկ 2019 թվականին 6 մլրդ 736,3 մլն դրամ։ Աճը կազմում է 6 մլրդ 724,6 մլն դրամ, կամ 42,5%։ Հարկ է նշել, որ ճանապարհային տրանսպորտի ֆոնդային կամ կապիտալ ծախսերը 2020 թվականին նախատեսվում է 1 մլրդ 262,8 մլն դրամ, իսկ 2019 թվականին 2 մլրդ 204,4 մլն դրամ: Այսինքն ճանապարհային տրանսպորտի համար 2020 թվականին նախատեսվող կապիտալ ծախսերը նվազելու են 941,5 մլն դրամով, կամ 42,7%-ով:
Սա նշանակում է, որ տրանսպորտային պարկի և ընդհանրապես տրանսպորտային ոլորտի փոփոխություն կամ բարելավում 2020 թվականի բյուջեով նախատեսված չէ։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքային իշխանությունները խոստացել էին առաջիկա 2-3 տարվա ընթացքում արմատապես փոխվել Երևանում տրանսպորտի վիճակը, ինչն արտացոլված է նաև Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրում։ Երևանի 2020 թվականի բյուջեում արդեն պետք է նախանշվեր այն նախադրյալները, որոնք պետք է հիմք դառնային խոստացված բարեփոխումների և ստանձնած պարտավորությունների կատարման համար։
Վերելակների հիմնանորոգում հոդվածով 2020 թվականին նախատեսվում է 179,2 մլն դրամ, իսկ 2019 թվականին 120,8 մլն դրամ։ Աճը կազմում է 58,42 միլիոն դրամ, կամ 32.6%: 2020 թվականի Վերելակների հիմնանորոգում հոդվածով նախատեսված 179,2 մլն դրամից կապիտալ ծախսերը կազմում են 179,1 միլիոն դրամ: Սա նշանակում է, որ 179,1 միլիոն դրամը ծախսվելու է վերելակների գնման և/կամ հիմնանորոգման համար։ Եթե համարենք, որ նախատեսված ամբողջ գումարով ձեռք են բերվելու նոր վերելակներ և հիմնանորոգում չի իրականացվելու, ապա կստացվի, որ 2020 թվականին փոխվելու է Երևանում առկա մոտ 4000 վերելակներից առավելագույնը 20 վերելակ։ Այս դինամիկայով Երևան քաղաքի վերելակները ամբողջությամբ կփոխվեն 200 տարի հետո:
Արտասահմանյան գործուղումների համար 2020 թ. նախատեսվել է 115,5 մլն դրամ, իսկ 2019թ նախատեսվել էր 42 մլն։ Աճը կազմել է 72,5 մլն, կամ գրեթե 3 անգամ: Արդյո՞ք գործուղումների վրա կատարվելիք ծախսերի շեշտակի աճը լինելու է արդյունքաստեղծ, որից պետք է օգտվեն մեր համաքաղաքացիները։
Ինչպես արդեն ասվեց 2020 և 2019 թվականների ծախսերի աճը նախատեսվում է 21 մլրդ 442,7 մլն դրամ: Ցավով պետք է նշել, որ այս հսկայական գումարը գրեթե ամբողջությամբ ուղղվելու է վարչական ծախսերին, իսկ ֆոնդային ծախսեր իրականացնելու համար 9 մլրդ 112,8 մլն դրամ պարտք է արվելու:
Արձանագրենք, որ վարչական բյուջեի ծախսերի աճը առաջացնում է կարճաժամկետ էֆեկտ և ուղղված է լինելու զուտ սպառմանը, այն չի կարող ստեղծել մայրաքաղաքի զարգացման նախադրյալներ, չեն իրականացվում այնպիսի քայլեր, որոնք կխրախուսեն քաղաքում կապիտալ ներդրումների առաջանցիկ աճը:
ՀՅԴ Երևանի Քաղաքային Կոմիտեն Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագիծը գնահատում է անարդյունավետ, որը ըստ էության կրկնում է նախորդ տարիների տրամաբանությունը, վարվող քաղաքականության մոտեցումներում խոստացված արմատական փոփոխությունների իրականացմանն ուղղված քայլեր չեն նշմարվում։ Սակայն արժևորում է հանրային ու համայնքային կազմակերպությունների ստեղծումը և ակնկալում Երևանի քաղաքային իշխանություններից հանրային բարիքների ստեղծման գործում առավել մասնակցային մոտեցում։
ՀՅԴ Երևանի Քաղաքային Կոմիտե