կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-16 14:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապացուցվեց՝ Արմեն Թավադյանը կալանավորվել է հատուկ «5-րդ ալիքին» վնասելու համար. Հարություն Հարությունյան

Վերաքննիչ դատարանի որոշմամբ պարզ դարձավ, որ ինձ առաջադրված մեղադրանքն ու կալանքն ամբողջությամբ անօրինական են ու անհիմն. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը։

Թավադյանն օրեր առաջ ազատ էր արձակվել կալանքից Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ։ ՀՔԾ-ն Արմեն Թավադյանին մեղադրում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու համար, որ դատարանում սուտ ցուցմունք տա։

Ըստ Թավադյանի՝  իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման նպատակը ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելն է. «Սա ճնշում է խոսքի ազատության վրա», - հայտարարեց  Թավադյանը։

Իր հերթին «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանն փաստեց, որ  ապացուցվեցին բոլոր այն մտահոգությունները, կասկածները, որ հեռուստաընկերության սեփականատերը կալանավորվել է հատուկ «5-րդ ալիքին» վնասելու, աշխատանքները դժվարացնելու, լրագրողներին անհարմար վիճակի մեջ դնելու համար:

«Անցած 79 օրերը, երբ մեր սեփականատերը գտնվում էր կալանքի տակ, մեր հեռուստաընկերությունը շատ ծանր օրեր ապրեց, մեր լրագրողները շատ տհաճ իրավիճակների էին հանդիպում պարբերաբար: Ծանր օրեր ապրեցինք ոչ միայն բարոյական, այլ նաև այլ առումներով: Ընդհուպ պատրաստվում էինք դրամահավաքի մարաթոն կազմակերպել, որպեսզի կարողանայինք մեր գոյությունը շարունակել: Փառք Աստծո, գործը դրան չհասավ»,-ասաց Հարություն Հարությունյանը՝ հավելելով, որ գոհ ու հպարտ է, քանզի ամենասկզից տեղյակ և վստահ է եղել՝ քրգործը շինծու է և սարքվել է կամ քննիչի, կամ ՀՔԾի կողմից՝ հեռուստաընկերության աշխատանքները խոչընդոտելու համար:

Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը մանրամասնեց՝ այս գործի մասին խոսելիս նշել են ու այսօր էլ ընդգծում են, որ այն բազմաթիվ թերություններ ունի, ու դրանցից յուրաքանչյուրը բավարար էր, որպեսզի քրեական հետապնդում չիրականացվի, կալանք չկիրառվի։

«Միշտ պնդել ենք, թե քրեական հետապնդման, թե կալանքի հիմքերն ընդհանրապես բացակայում են։ Ավելի հետաքրքրիր ստացվեց, երբ ծանոթացանք, գործի նյութերին ու տեսանք, թե ոստիկանության ներկայացրած տեսանյութն ինչ տեսանյութերից է մոնտաժվել, դրանց ամբողջական բովանդակությանը ծանոթացանք, արդյունքում հասկացանք, որ այդ տեսանյութերը լրիվ հակառակ բանն են ապացուցում, ինչը բավականին պրոֆեսիոնալ, բայց ոչ բարեխիղճ մոնտաժի արդյունքում փորձել էր հանրությանը ներկայացնել այլ կերպ»,-ասաց Խուդոյանը։

Փաստաբանը հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավորություն կունենան դռնբաց դատական նիստերի ընթացքում այդ հարցին անդրադառնալու, ինչպես նաև այդ տեղակատվությունն ամբողջությամբ հասանելի դարձնելու. «Դրանից հետո կհետևենք այն մարդկանց ռեակցիային, ովքեր այս ընթացքում խախտելով անմեղության կանխավարկածի բոլոր սկզբունքները, նաև անցնելով բարոյականության սահմանները, իրենց իրավունք են վերապահել կարծիք արտահայտել։ Բնական է, բոլորն ունեն կարծիք արտահայտելու իրավունք, բայց այդ կարծիքը պետք է լինի հավասարակշռված, ոչ թշնամական, և անմեղության կանխավարկածի պահպանմամբ»։

Թավադյանը կալանավորվել էր 2019 թվականի դեկտեմբերին, իսկ 2020 թվականի  փետրվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը, թեև քրեական գործով նախաքննությունը գտնվում էր ավարտական փուլում։ Պաշտպանները ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացրել էին վերաքննիչ բողոք: Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը և նույն օրը Թավադյանն ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։