Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կարելի է երկար ու երկար պատմել ներկայացման մասին, բայց դա ներկայացում չի դառնա առանց դերասան-հանդիսատես փոխհարաբերության։ Ինչպես տիեզերքն է անըմբռնելի,այդպես էլ անըմբռնելի է,թե ինչ ուժ է որ այդ բարձրությունից,որը բեմ կկոչվի,անցնում է օդի միջով,մտնում է հանդիսատեսի մեջ ու ստիպում է արցունք հանել աչքերից,ջուր հանել… Նույնպես եւ անըմբռնելի է այն ուժը,որը ատամները բացել է տալիս եւ հա-հա-հա՝ ծիծաղել է տալիս… Տիեզերքն ու արվեստը քույր ու եղբայր են … Զգալ եւ վարակել ուրիշին ծիծաղով կամ արցունքով էլ… Քանի որ,սկզբունքով,ես գիտեմ,թե առանձին ծիծաղ գոյություն չունի,առանց թախիծի ծիծաղ չկա,ինչպես որ չկա թախիծ առանց հումորի… հրճվանքն ու տխրությունը նույն բանն են։ Ես շատ շուտ հասկացա,որ չի կարելի ծիծաղեցնել հենց այնպես,ես զարմանում եմ ավելի ոչ թե ծիծաղեցնողների,այլ ծիծաղողների վրա։ Ինչ մարդիկ են, որ կարող են առանց իմաստի ծիծաղել,ծիծաղել հենց այնպես,անիմաստ,դատարկ տեղը… Լենինգրադում անցկացվող համաշխարհային փառատոնի մասնակից էի… Անուն-ազգանունս հայտարարեցին,ժողովուրդը ծիծաղեց,վեր ելա տեղիցս,բարձրացա բեմ,լուռ կանգնած եմ՝ ծիծաղում են, առանց խաղալու,մի խոսք էլ չասելով,գնացի՝ ծափահարում են… Իսկ եղել է,երբ բեմի վրա խաղում եմ, ներկայացումը գնում է,ժողովուրդը կոտորվում է ծիծաղից, ու դու հանկարծ տեսնում ես՝ ա՛յ,այն մեկին,որ չի ծիծաղում… Ապշելի զգացում է դա։ Պրոֆեսիոնալ դերասանի տեսողականություն… Քեզանից անկախ,նույնիսկ թիկունքով տեսնում ես,որ նա՝ այ,այն մեկը,այնտեղ,ինչ-որ բան ասաց… Աստված,չլինի՞չի հավանում,չլինի՞ մեծ զգացողություն ունի,չլինի՞ թե նստած է այն մեկը,որ մի ամբողջ սրահ արժե… Հանդիսատեսների մեջ իրոք լինում են այնպիսի մարդիկ,որ մի սրահ արժեն։ Բայց դժբախտաբար ու ցավոք սրտի,լինում է նաեւ հակառակը։ Բոլորը ծիծաղում են,մեկը չի ծիծաղում… Հետո ես,հատուկ նրա համար,փորձում եմ անիմաստ մի կատակ,տեսնում եմ՝ ոչ ոք չի ծիծաղում,միայն մեկը՝ հա-հա-հա,հռհռում է… Նոր հասկանում եմ, որ նա չէ,այն Մեկը չէ…
Մի անգամ ես համեմատել եմ դերասան-հանդիսատես կապը թենիսի խաղի հետ,երբ դիմացի խաղացողը գնդակը վերադարձնում է հաջող կերպով,ճիշտ,տեղին,քո խաղը հետաքրքիր է դառնում,արժևորվում է։ Այսպիսով,հանդիսատեսի սպասածն ու գնահատածը իրենց դերը խաղում են դերասանի վերադարձրածի մեջ։ Ես սիրում եմ հանդիսատեսին,եւ այս սերն է,որ ինձ ուժ է տալիս ենթարկվելու նրանց՝ ինձ միշտ անսպասելին տալով։ Եթե հանդիսատեսը կռահեց դերասանի շարժումները,ուրեմն նա արդեն թույլ դերասան է։ Վահրամ Փափազյանը ասում էր՝ հանդիսատեսը այն սպիտակ գեղեցիկ ձին է,որի սանձը դերասանը ձեռքին պետք է պահի,եթե ոչ՝ ձին կվազե առաջ ու դերասանը ընկած կմնա գետնին։ Եթե լռություն եմ խաղում, եւ այս ժամանակ դահլիճում ոչ թե հազ՝ շնչառության ձայն էլ չի լսվում, սանձը ձեռքիս է։
Լավ կամ վատ հանդիսատես չի լինում,կան լավ ու վատ դերասաններ։ Ես տեսել եմ թատրոնում,նույնիսկ ամեն տեղ, սովորական առօրյայի մեջ,- աշխատանք,որ արվում է աչքաչափով,արվում է առանց սիրո, առանց ինքնանվիրումի… Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է նեղանալ հանդիսատեսից։ Սուտ է,որ նա կարող է խանգարել,որ ժողովուրդը կարող է հորանջել…
Մի օր խաղընկերներիցս մեկը,վերադառնալով հյուրախաղերից,որտեղ նա մի ներկայացման մեջ խաղացել էր մի անվանի դերասանի հետ, պատմեց ինձ, թե ինչպես այս անվանին բեմից վիրավորել է հանդիսականներին։ Խաղում էին դրամա,որտեղ մի մեծահասակ մարդ սիրահարվում է մի երիտասարդ աղջկա,ու ամենալարված տեսարանի ժամանակ սրահից սկսում է լսվել ժողովրդի անհանգիստ աղմուկը,եւ անվանին շրջվելով ժողովրդին՝ զայրացած ասում է՝ դե բավական է,որ թատրոն չեք հասկանում,լռեք կամ էլ մի եկեք։ Ես, լսելով այս պատմությունը, անմիջապես պատկերացրեցի այս դերասանին՝ ձեռքերը չռած-կանգնած բեմի վրա ու մտածեցի՝ այս դու անվանի 128 տարեկան դերասան,մի՞թե քո ձեռքում չէր։ Չես կարողացել պահել ժողովրդին. էլ ինչո՞ւ ես նրան վիրավորում։
Այդ օրը,երբ խաղընկերս պատմեց այս դեպքի մասին, մենք պետք է խաղայինք «Ղազարը գնում է պատերազմ»՝Ժորա Հարությունյանի զավեշտը։ Ասացի նրան,որ ուշադիր նայի այն տեսարանը,որտեղ Ղազարը բանտի դռան փոքրիկ պատուհանից իր խոսքերն է ասում՝ Այս ինչ կյանք է,Աստված,խոսում ես՝ բռնում են,չես խոսում՝բռնում են,երգում ես՝ բռնում են, քայլում ես՝ բռնում են … Բռնում են… Ներկայացումը հասավ այս տեսարանին,զգում եմ՝ խաղընկերս բեմի ետեւից ուշադիր ինձ է նայում,սկսում եմ՝ Այս ինչ կյանք է, Տեր Աստված… Հանդիսականները լուրջ լսում են։ Նայում եմ ընկերոջս՝ հասկացնելով,որ հիմա լարվածությունը կթողնեմ,ու շարունակում՝ Խոսում ես՝ բռնում են,չես խոսում՝ բռնում են… Սրահը կարծես թե շունչ է քաշում։ Նորից փոխում եմ խաղիս երանգը՝ երգում ես՝ բռնում են,քայլում ես՝ բռնում են… բռնում են… բռնում են… Ժողովուրդը արդեն ծիծաղում է։
Դերասանն է,որ պետք է թելադրի հանդիսատեսին խաղալով,եւ ոչ թե վիրավորելով։ Ժողովուրդն էլ օգնում է քեզ,օգնում է ամբողջ սրահը՝ մի աչք դարձած քեզ նայելով։ Ես իմ աշխատանքո՞ւմ ասեմ,թե արվեստում, հասել եմ մի շրջանի, երբ շատ եմ վախենում շատ բաներից՝ վախենում եմ անտեղի ծիծաղալուց,ես վախենում եմ զուր լացացնելուց… Դա ամենեւին էլ անվստահություն չէ սեփական ուժերի նկատմամբ,այլ արածի ու անելիքի սթափ ու անաչառ գիտակցում։ Ես զգում եմ,որ ուշ է,որ ժամանակը հաղթում է ինձ,որ չի կարելի ոչ մի բան,մանավանդ արվեստում,անել հենց այնպես,անել աչքի չափով, անել մոտավորապես։ Ես ամեն տեղ՝ կյանքում, աշխատանքում, դահլիճում փնտրում եմ մարդուն։
Լեւոն Մկրտչյանը ժամանակին ինձ պատմեց շատ գեղեցիկ դեպք։ Վիլյամ Սարոյանի հետ կանգնած են լինում։ Հեռվից մի մարդ է անցնում սարի լանջով։ Վիլյամ Սարոյանը ասում է՝ Լեւոն, այն մարդը ի՞նչ կմտածե։ Ի՛նչ հոյակապ է,ի՛նչ գեղեցիկ է, ոչ թե ամբոխը,այլ մարդը։
Շարունակելի