Փոխարժեքներ
12 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.68 |
EUR | ⚊ | € 442.8 |
RUB | ⚊ | ₽ 4.7105 |
GBP | ⚊ | £ 507.66 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Խորը վշտով հայտնում ենք՝ օրեր առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով այսօր մահկանացուն է կնքել պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Միքայելի Եպիսկոպոսյանը՝ մարդ, ում կյանքն անմնացորդ նվիրում եղավ երկրին։ Մեծ է նրա ավանդը երկրի ուժային կառույցների ու մասնավորաբար անվտանգության համակարգի հետևողական կայացման ու ամրապնդման հարցում։
Հրանտ Եպիսկոպոսյանի հոգեհանգիստը հոկտեմբերի 14-ին է, Սբ․ Հովհաննեսի եկեղեցիում։
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
ՀՐԱՆՏ ՄԻՔԱՅԵԼԻ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ
(1957-2025)
Հրանտ Միքայելի Եպիսկոպոսյանը ծնվել է 1957 թվին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ 1974-1979թթ․ սովորել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, ավարտելուց հետո աշխատել Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում։ Երկու տարի անց ծառայության է անցել ՀԽՍՀ պետական անվտանգության կոմիտե։
Երկրի անվտանգության համակարգում 1981-ով մեկնարկած նրա գործունեությունն ընդհատվել է 1994 թվականին։ Ֆինանսատնտեսական հաստատություններում վեցամյա աշխատափուլից հետո ղեկավար պաշտոնավարումներով դարձյալ աշխատանքի է անցել ուժային ոլորտի կառույցներում՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն (2001-2002), ՀՀ ներքին գործերի նախարարություն-ՀՀ ոստիկանություն (2002-2005)։
2005-ին վերադարձել է ՀՀ ԱԱԾ՝ կյանքը պետի տեղակալի (2011), ապա պետի պաշտոններում (2014) շաղկապելով կառույցի սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավորի վարչության գործունեությանը։ 2014-ին հետևած նրա նոր նշանակումը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում էր, որտեղից էլ 2016-ին սեփական դիմումի համաձայն անցել է հանգստի։
2021-ի ապրիլի 15-ին համախոհների հետ ձևավորել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը, որի խորհրդի նախագահն էր ցարդ։
Երկրին Հ․ Եպիսկոպոսյանի ծառայությունը բարձր է գնահատվել։ Բազմաթիվ պարգևատրումներից էին Մարտական ծառայության (2011) և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալները։
Հրանտ Եպիսկոպոսյանը երկրի անվտանգության համակարգի հավատավոր զինվորն էր, ընտանիքին նվիրված ամուսին, պաշտելի հայր, սիրված պապիկ։
Նրա հիշատակն անկորնչելի է»։