կարևոր
682 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-12 11:52
Տնտեսական

Արթիկի վարդագույն տուֆը պետք է դիտարկել ոչ միայն որպես բնական ռեսուրս. պատգամավոր

Արթիկի վարդագույն տուֆը պետք է դիտարկել ոչ միայն որպես բնական ռեսուրս. պատգամավոր

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.

«Արթիկը հանդիսանում է Հայաստանի այն եզակի համայնքներից մեկը, որի հումքային, մշակութային և մարդկային ներուժը կարող է վերածվել տնտեսական զարգացման երկարաժամկետ հիմքի։

Համայնքն ունի մեծ պոտենցիալ՝ դառնալու ոչ միայն ազգային, այլև միջազգային ճանաչում ունեցող կենտրոն՝ հանքարդյունաբերության ոլորտում։

Վարդագույն տուֆը՝ Արթիկի խորհրդանիշը, կարևոր դեր է ունեցել Հայաստանի ճարտարապետական կերպարի ձևավորման գործում։ Այս բնական ռեսուրսը պետք է դիտարկել ոչ թե միայն որպես հումք, այլ որպես բարձրարժեք մշակութային ու տնտեսական ակտիվ, որի շուրջ կարելի է կառուցել ամբողջական բրենդավորում և զարգացում։

Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտություն կա՝ վերարժևորելու Արթիկի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ներուժը։ Համայնքն ունի բնույթով ձևավորված, իսկ հնարավորություններով չմարած հսկայական պոտենցիալ, որը հնարավոր է լիարժեք իրացնել հետևողական և նպատակային քաղաքականության միջոցով։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Արթիկի զարգացման ռազմավարության կենտրոնում պետք է քննարկել հետևյալ ուղղությունները․

1. Բրենդավորում՝ հիմնված վարդագույն տուֆի վրա՝ որպես համայնքի ինքնության և ճանաչելիության առանցք։

2. Քարամշակման արդյունաբերության արդիականացում՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ և կրթված մասնագետների ներգրավմամբ։

3. Տեղական ձեռնարկատիրության խթանում՝ քարագործության, դիզայնի և արվեստի ոլորտներում:

4. Մշակութային և արդյունաբերական տուրիզմի զարգացում՝ ներառյալ այցելուների կենտրոնների, ցուցասրահների և քարագործության վարպետության դպրոցների ստեղծումը։

5. Ներդրումային միջավայրի ձևավորում, ներառյալ արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության խթանումը։

Արթիկի վարդագույն տուֆը պետք է դիտարկել ոչ միայն որպես բնական ռեսուրս, այլ՝ որպես համայնքային տնտեսության շարժիչ, մշակութային ժառանգություն և ներդրումային գրավիչ բովանդակություն։ Արթիկը կարող է և պետք է դառնա ազգային և միջազգային մակարդակում ճանաչվող բրենդ՝ քարամշակման և հայկական ճարտարապետական ժառանգության ոլորտներում։

Այդ նպատակով՝

-Կողմ եմ նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն Արթիկի հնարավորությունների բացահայտմանը և տնտեսական ակտիվության ավելացմանը։

-Առաջարկում եմ համատեղել պետական, համայնքային և մասնավոր սեկտորի ջանքերը՝ մշակելու և կյանքի կոչելու Արթիկի հանքարդյունաբերության զարգացման համապարփակ ծրագիր։

-Անհրաժեշտ եմ համարում պետական աջակցության տրամադրումը ենթակառուցվածքների, մասնագետների վերապատրաստման, մարքեթինգի և միջազգային ներկայացման ուղղությամբ։

Վարդագույն տուֆի վրա հիմնված բրենդը կարող է ոչ միայն Արթիկի զարգացման շարժիչ ուժը դառնալ, այլ նաև մեծապես նպաստել տնտեսական առաջընթացին։

Համոզված եմ, որ համախմբված աշխատանքի, պետականամետ, պատասխանատու իշխանության և ազգային տեսլականով առաջնորդվող մոտեցման շնորհիվ՝ Արթիկը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար քաղաքներից մեկը»։