Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իհարկե,կան եւ մշտական նախընտրություններ,օրինակ՝ ես տխուր մարդկանց եմ սիրում,երազում եմ խաղալ այն մարդու դերը,որ դժբախտ է,բայց չգիտի,դես ու դեն է ընկնում,բոլորին լավություն է անում,բայց ինքը կյանք չունի,մենակ է,դժբախտ ու անտեղյակ… Ես նույնիսկ 1984 թվականին Էմիլ Բրագինսկուն,Վիկտորյա Տոկարեւային,Հրանտ Մաթեւոսյանին խնդրել եմ ինձ համար գրեն մի մարդու մասին,որը գոհ է ամեն ինչից,երջանիկ է,բայց հանկարծ պարզվում է,որ նա ավելորդ մարդ է,որովհետեւ հարկավոր չէ ոչ ոքի։ Տոկարեւային խնդրեցի նկարագրել մարդու,որն առավոտը արթնանում է ու զգում,որ հիմար է,խնդրում է իրեն ազատել աշխատանքից,բայց բոլորն աղմկում են,համաձայն չեն,որ նա հիմար լինի,որովհետեւ հազար ու մի հարց կարող է ծագել … Գրեց մի պատմվածք, բայց «սցենարիոյին» գործ չի հասել,սակայն այդ բանն ինձ այնքան էր հուզում,որ հեռուստատեսությամբ մի զրույց պատրաստեցի ինքս ինձ հետ։ Երկու կերպարները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը,որին բոլորը սիրում են,որը ճանաչված եւ ուրախ մարդ է,եւ Մհեր Սկրտչյանը,որը ես եմ։ Դա հնարավորություն էր խոսելու մեր ժողովրդին հուզող շատ ու շատ հարցերի մասին,մեր քաղաքներում առօրյա կյանքի մեր առավելությունների ու թերությունների մասին, մեր սիրո եւ ողջի մեր անհաշտության մասին։
Ահավոր բան է,գրականության մեջ շատ ու շատ դժվարությամբ եմ գտնում փնտրածս կերպարը։ Եթե Օթելլոն,Լիր արքան, Դոստոեւսկու,Օստրովսկու,Սունդուկյանի հերոսները գիտեին իրենց պրոբլեմը,ապա այսօրվա գրականությունը խիստ տարբեր է,ինձ համար լիարժեք կերպար չկա։ Իսկ մեր արվեստի հիմքում ընկած է գրականությունը,դերասանը միջնորդ է,որը կապում է հանդիսատեսին գրականության հետ։ Վերամարմնավորման վարակիչ ուժով նա ստիպում է ունկնդրին մասնակից լինելու նյութի զարգացմանը։ Դերասանը երկրաբանի պես ուսումնասիրում,պեղում եւ դուրս է հանում գրական նյութի ողջ հարստությունը։ Դա շատ դժվար պրոցես է,թատրոնում,կինոյում տարիներ շարունակ ապրում ես գրականության հետ։ Նրանով փաթաթված ես քնում եւ արթնանում ինքնաթիռներում,գնացքներում,լինի դա անապատներում թե ճահիճներում,դաշտերում թե լեռներում,հյուսիսի անտառներում թե ջունգլիներում։ Ես իմ կյանքում շատ տեղեր եմ եղել, շատ բան եմ տեսել՝ազգեր,մարդիկ,սովորություններ,բնություն,բարքեր… Տխրել,ուրախացել,հուզվել,հիասթափվել եմ։ Բայց զարմացրել են ինձ միայն գրքերը։ Որքա՛ն գիրք կա աշխարհում,խանութները լցված են գրքերով,փողոցներում՝ գրքեր,գրքեր՝ քաղաքներում,ամեն տեղ գրքեր՝ հազարավոր,միլիոնավոր եւ բոլորը անծանոթ։ Մտածում ես՝ ովքե՞ր են հեղինակները,ի՞նչ են գրել, ո՞վ պիտի կարդա…
Մի օր ծանոթներիցս մեկը ասաց. «Ես քեզանից շատ գրքեր եմ կարդացել»։ «Քեզանից շատ»,մտածեցի ես,ի՛նչ լավ է՝ ես ընդամենը այս ինձանից շատ կարդացողից եմ քիչ կարդացել,բայց երբ պատկերացրի,թե ինչքան գրքեր կան,որ ինձանից շատ կարդացողը չի կարդացել,ապշեցի՝ ես այդքան անգրագետ մարդ չէի տեսել։ Գրքերը շատ են,շատ ու քիչ չկա,կա միայն մի բան՝ կարդալ իմացողը,որի կարդալով գիրքը դառնում է հոգեկան սնունդ ու ներծծվելով նրա հոգու մեջ նրան դարձնում է ուրիշ։ Այսպես ապրում է այդ ուրիշ մարդը՝օդի փոխարեն շնչելով գրքի ամեն մի տողը։ Նա ծանոթիս պես գիրք չի հաշվում ու չի էլ կարող,ախր ո՞նց հաշվի՝ ինչքան է շնչել։ Շատ եմ նախանձել՝ օջախից հիմնարկ,հիմնարկից բուֆետ,ազատ ժամին՝ գիրք՝ նստակյաց կյանքին։ Բայց հիշում էի Փափազյանի խոսքերը. «Ձնագունդը պիտի գլորվի,որ մեծանա»,եւ նոր դերեր,քաղաքներ,երկրներ… նոր հանդիսատես … նոր ծրագրեր…երազանքներ։ Չնայած երազելու ժամանակ չի մնում,հարկավոր է գործել, իսկ ես բավական մեծ կարծիք ունեմ իմ կարողությունների մասին։ Արագության դար է,տեղեկատվությունը շատ է,մարդիկ արագ են հասունանում,դժվար է հիմա պատկերացնել մի վեց տարեկանի,որը չգիտի ինչ է դառնալու։ Իսկ ես պետք է բեմադրեմ Շանթի «Կայսրը»,պիտի խաղամ Սերվանտեսի Սանչո Պանսային, Շեքսպիրի,- մի զարմացեք,- Համլետին,եթե իհարկե խանգարող հանգամանք չդառնա տարիքս։ Միայն չգիտեմ,թե ինչու է Համլետը 28 տարեկան… Ռոմեոյի դերը նույնպես ի վիճակի է մարմնավորել միայն տարիքով դերասանը,մինչդեռ Ռոմեոն 16 տարեկան է։ Շեքսպիրը ոչ մի տեղ չի գրում,թե Օթելլոյի քթի երկարությունը որքան է,այս կերպարը պիտի խաղամ։ Հինգ հարյուր տարեկան Օթելլոն՝ Վենետիկի զորավար,Վերածնունդից եկած մավր,առաջին հերթին մարդ է, որը բեմի վրա ապրում է իր կյանքի ամենահրաշալի եւ ամենադաժան փուլը՝ սկսած իր առաջին ներկայանալուց,երբ ինքը կարծես դիմակ է կրում խելոք ու նրբանկատ սեւամորթի՝ հաստատելով սպիտակամորթների ստեղծած պատրանքը սեւերի մասին,իր սիրուց եւ ազնվությունից,երբ բացահայտվում են նրա լավագույն գծերը, մինչեւ հավատքի կորուստ,Դեզդեմոնայի սպանությունը եւ ինքնասպանությունը որպես արդարացի հատուցում,իսկ իր գործած հրեշավոր սխալի դիմաց լավի թշնամին հենց ինքը լավն է, որին պետք է որ հանեն իր դեմ։ Այսպես վարվում է Յագոն,որից վախենում եմ, որի անսահման չարի աշխարհը վրեժ է լուծում լավից։ Ես ոչ թե միայն խաղալու եմ,այլ նաեւ բեմադրելու եմ «Օթելլոն»։
Վենետիկ,առաջին արարված,սկիզբ՝ գեղեցիկ լուսնկա գիշեր… Ոչ մի Վենետիկ, ոչ մի արարված, ոչ մի սկիզբ,ոչ մի գեղեցիկ գիշեր,ոչ մի ձայն,բացի ջրից եկող սվսվոցներից եւ ափին հարվածող ալիքների տհաճ ձայնից։ Հայտնվում է մի գեղեցիկ երիտասարդ. Ո՞վ է,ի՞նչ է անում,ո՞ւր է գնում՝ հայտնի չէ եւ պետք էլ չի հայտնի լինի։ Շրջում է տխուր,անտարբեր,հոգնած,թափառում է,երբեմն հենց այնպես նայում է շուրջը,հեռուները,երկնքին,հանկարծ հայացքը երկար հառում է դահլիճին, կարծես դժգոհ է,բայց՝ ումի՞ց,ինչի՞ց… Ստուգում է վարագույրը,նկատում է մեկին,որը բան է մեխում,թեթեւ նշան է անում,աջից ու ձախից հայտնվում են ուրիշները,որոնք տեղափոխում են դեկորացիայի զանազան կտորները՝ ծառ,աթոռ,դուռ,աստիճաններ եւ այլն։ Խորքից հայտնվում են երկու երիտասարդ՝ իրենց հետ բերելով մի չափազանց գեղեցիկ մահճակալ։ Մեր տխուր երիտասարդը մոտենում է բեմի առաջնամասում գտնվող էլեկտրական անջատիչին,միացնում է,անջատում լույսերը,բեմում արդեն բավականին շարժում կա,լույսի վառվելն ու մարելը ազդարարում է ներկայացման սկիզբը։ Երիտասարդը ձեռքը բարձրացնում է վեր,որտեղից իջնում է մի ցուցանակ,վրան գրված՝ Վենետիկ։ Հանկարծ հայտնվում են մի քանի գեղեցկուհիներ՝ տրիկոներով,սրանք պաժերն են, որոնք ուղեկցում են դեռեւս լրիվ չհարդարված Էմիլիայի դերակատարին։ Արագ ներս են մտնում մնացած դերակատարները,որոնք,բազմիմաստ նայելով իրար,սկսում են պատրաստվել։ Նրանց օգնում են հագցնող կանայք՝ պաժերը։ Մեր երիտասարդը նշան է անում… Միանում երաժշտությանը՝ մեղմ տխուր… Դադար։ Բեմում ոչ մի շարժում չկա,հայելիների առաջ նստած են բոլորը, ուստի երեւում են կրկնակի անկյունում,որտեղ գրված է՝ ծխել այստեղ,անհանգիստ ծխում է մեկը՝Ռոդրիգոն,խորքից երեւում է նավավարի զգեստով մեկը,որը թաքուն մոտենալով Բրաբանցիոյի դռանը,զգուշությամբ բացում է այն,այնտեղից դուրս է գալիս Դեզդեմոնան,որը նավավարի ուղեկցությամբ հանգիստ շարժվում է դեպի բեմի խորքը։ Այստեղ է,որ միանգամից հանգում են բեմի լույսերը,տագնապալի երաժշտության տակ սկսվում է իրարանցում,խորքում վառվում են ջահերը,անկյունում ծխողը նետում է ծխախոտը եւ հեւիհեւ վազում է դեպի մեր երիտասարդը՝ դեպի Յագոն։ Սկսվում է Ռոդրիգո-Յագո տեսարանը։ Խորքում շարժումը շարունակվում է այնքան,մինչեւ նախաբեմում Յագոն ու Ռոդրիգոն ողջույն են տալիս Բրաբանցիոյին,որի հայտնվելը իր ծառաների հետ դառնում է մի նոր,ավելի ուժեղ իրարանցման առիթ։
Ֆինալն էլ Յագոյինն է,եւ ոչ թե մի Յագոյի,այլ հարյուրավոր,տեսքով իրար նման, որոնք լցնում են բեմը՝ աշխարհը,նրանք շատ են,անվերջ։
Շարունակելի