Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում «հեղափոխական իրադրության» թեմային: Նա նշում է՝ այն ակամայից հիշեցնում է խորհրդային «պրոֆեսիոնալ հեղափոխականների» ժամանակաշրջանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հայաստանում վերջին 2 տարիների, այսպես կոչված «հեղափոխական իրադրությունը» ակամայից հիշեցնում է խորհրդային «պրոֆեսիոնալ հեղափոխականների» ժամանակաշրջանը: Բոլշևիկյան գործիչների մի մասը ուղղակի բնութագրվում էին, որպես «պրոֆեսիոնալ հեղափոխականներ», այսինքն նրանց մասնագիտությունն ու գործը հեղափոխություններ անելն էր: Եվ այդ գործիչների հայկական ներկայացուցիչների կոկորդին էր մնացել, որ Հայաստանում Դաշնակցությունը իշխանությունն անարյուն հանձնեց սովետներին. հայ որոշ բոլշևիկները դա անընդունելի էին համարում, քանզի սովետական կարգերի հաստատումը, ըստ նրանց, անպայման պահանջում էր հեղափոխություն, արյուն, ճնշող դասակարգի ոչնչացում և ունեզրկում, որի պայմաններում պրոլետարիատը պետք է հաստատեր իր դիկտատուրան:
Օրվա հայաստանյան իշխանությունները ևս շարժվում են նմանատիպ մեթոդաբանությամբ. պերմանենտ հեղափոխական իրավիճակը կարծես այն հոգեհարազատ վիճակն է, որից սնվում են գործող իշխանավորները: «Այո»-ի քարոզարշավի «հեղափոխական» ինտոնացիան այնպիսին է, կարծես միտված է Բաստիլի գրավմանը, որտեղ նստած 7 «ազգադավ» դատավորները խոչընդոտում են մեր ազատությանը, հավասարությանն ու եղբայրությանը: «Բոլշևիկների» և «մենշևիկների» այս պայքարի տրամաբանությունը վերջը հանգեցրեց ռեպրեսիաների, ամբողջատիրության և անձի պաշտամունքի հաստատման:
Ընդդիմադիր ուժերի և գործիչների ոչնչացումն ու աքսորը, այլակարծության խեղտումը դարձավ մի ողջ կայսրության քաղաքականություն՝ վերջ ի վերջո կործանելով նրան...Այո՛, Խորհրդային միության կործանման հիմնական պատճառներից մեկը այլակարծության բացակայությունն էր և դա «բոլշիզմի» նարցիսական էության արդյունքն էր: Սակայն, այսօր ստեղված իրավիճակի շտկումը կախված չէ միայն գործող իշխանությունից. նրանց տրամաբանությունը, հիմնականում, հասկանալի է: Կարծում եմ ընդդիմությունը պետք է ավելի միասնական ու նպատակային լինի՝ իրապես հակակշռելու «սպիտակած» իշխանությանը, որը հաստատապես «կսևանա» ոչ հեռու ապագայում, եթե շարունակի «Բաստիլի գրավման» ամենօրյա արշավը:
Նախկինների «ամրոցների» գրավումից հետո, կարող է սկսվել վհուկների որս՝ սեփական թիմում, քանզի առանց դավադիրների «հեղափոխությունը» կդառնա անիմաստ: Սակայն վտանգն էլ ավելի մեծ է, քան այսօր գիտակցվում է. հաջորդ իշխանությունները կարող են, Էխնաթոնի ռեֆորմների նման, ջնջել իրենց նախորդների գործերը, ինչպես ներկաները փորձում են սրբագրել պատմությունը՝ նույնիսկ դասագրքային մակարդակով: Եվ Հայաստան պետությունն այս ներքին պայքարների արդյունքում կարող է երկար ժամանակ մնալ անկայունության մեջ՝ մոտ ապագայում չհասնելով ոչ մի երազված տեղ...»: