կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 17:44
Մշակույթ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 25

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 25

Դերասանի գործիքը խոսքն է։ Նրա միտքը,սիրտը,երեւակայությունը,հավաստիությունը,հմայքը,տաղանդը՝ ամեն ինչ գործադրվում է կերպարանափոխվելու համար,եւ երբ նա սկսում է գործել,կարեւոր է խոսքի նշանակությունը։ Խոսքը կարող է դուրս թռնել դերասանի շուրթերից որպես չարաճճի մի սխրագործություն կամ միամիտ մի զարմանք,անօգնական մի զայրույթ,մի անիմաստ խրատ,մի վախկոտ նախատինք։ Անսպասելիորեն կարող է խոսքը դուրս գալ կատակերգակի շուրթերից հոգնած,անտեղի,զարմացած,կծող,խարազանող։ Հրաշք էր խոսքը Վահրամ Փափազյանի շուրթերին Օթելլոյի մենախոսության ժամանակ։ Չհավատալով  Դեզդեմոնայի դավաճանությանը՝ նրա դողացող շուրթերի արանքից դուրս էր գալիս վախկոտ խոսքը,հանկարծ դուրս կթռչեր «Իջավ, Յագո» աշխարհից անտեղյակ խոսքը,կասկածի վերջնակետին բերանը փակ Փափազյանի աչքերից դուրս կպոռթկար «արյուն» խոսքը ու հանկարծ,ծնկի եկած,երեսն աստղերին՝ դուրս էր շպրտում շիկացած խոսքը՝ անճանաչելին։ Հապա ինչպես էր բզկտվում խոսքը թաշկինակի տեսարանում աղքատի տեսքով,երբ աղերսում էր,հետո կարծես աղոթում էր,երբ վերցնում էր թաշկինակը,առանց նայելու,ինչպես էր վանկերով, տառերով հավատում։ Իսկ երբ նկատում էր,որ թաշկինակը իր նվերը չէ, բառերը սուր-սուր փշեր էին՝ դաժան,մահացու։ Շեքսպիրը խոսք չուներ այս տեսարանում,բայց դա ներկայացման ամենապերճախոս տեսարանն էր։ Պատկերացրեք մի պահ,որ այդ ներկայացումից հետո մի հանդիսատես ասեր՝ ի՞նչ գեղեցիկ հայերեն էր խոսում Փափազյանը։ Կստացվեր,որ թատրոնի ինքնամոռաց կախարդանքը դարձել էր հանգիստ,սառը զմայլանք։

Իսկ մեկ էլ ինձ թվում է,որ խոսքը բառերի հետ ոչ մի կապ չունի… Կարելի է խոսել հայացքով, շարժումով,լռությունը կարող է դառնալ ամենաիմաստուն խոսքը… Հնարավոր է չիմանալ ոչ մի լեզու ու խոսել,ավելին՝ դառնալ հասկանալի,եւ դա կարող է լինել ոչ թե միայն թատրոնում,այլեւ կյանքում։ Մոնրեալում էի հյուրախաղերով,այնտեղ անգլերեն,ֆրանսերեն՝ ով ոնց կխոսի։ Ինչ-որ տեղից,հիմա չեմ հիշում հյուրանոց գնալու համար տաքսի եմ կանգնեցնում։ Կանչեցի տաքսի ու անմիջապես իմ առաջ հայտնվեց ավտոմեքենան։ Ղեկին 7-րդ համարի ժպիտը երեսին,որը,համոզված եղիր,քեզ համար է պատրաստված եւ քո գնալուց հետո իսկույն կչքանա,վարորդը՝ «Ո՛ւ ո՛ւ»,բան է ասում,ենթադրում եմ՝ հրավիրում է նստել,նստում եմ,ասում եմ հասցես։ «Ա՛ օk…»՝ պատասխանում է նա։ Գնում ենք… Վարորդը բան է ասում,ես,միայն առանձին բառերը հասկանալով,գուշակում եմ իմաստը եւ… վարժ,նրա ինտոնացիան կրկնօրինակելով,անկապ բառեր օգտագործելով,ձեռքերի շարժումների,միմիկայի, հայացքների օգնությամբ,պատասխանում եմ։ Զարմանալի է,բայց նա ինձ հասկացավ… Ուրիշ բան ասաց,նույն կերպ պատասխանեցի… Արդեն զրույց դարձավ…Ես նրան քչից-շատից եմ հասկանում,ինքը ինձ՝լրիվ… Այդպես խոսեցինք եղանակից,կանանցից,ճանապարհից,նրան հուզող ուրիշ հարցերի շուրջ… Մի խոսքով՝գնում ենք, կարգին խոսում ենք, համաձայնում ենք իրար,վիճում,ծիծաղում… Լռեց,հոգնել էր զրույցից,բայց ինձ սիրահարված հայացքով է նայում,զգում եմ՝ մտածում է,թե այս ինչ լավ մարդու է հանդիպել,ամեն ինչ հասկացող՝ նույնն ենք բնավորությամբ… Մտերմացանք… Որոշեց ծանոթանալ,հարցնում է՝  «Are you from Armenia… What is Armenia?»։ Երեսը ճմռթեց խղճաց ինձ,ուսիս մխիթարանքով խփեց,թե՝ խեղճ մարդ, մեղք ես: «What is your profession?» ։ Պրոֆեշըն՝ այս ես արդեն հասկանում եմ։ «Արտիստ,ակտոր,- պատասխանում եմ նրան,- ֆիետր շուտիկ»։ Շուտիկ նկարահանում է նշանակում,այս բառը ես Հնդկաստանում եմ սովորել։ «O, theatre,cinema, shooting,- ղեկը ձեռքին պտտեցնելով կրկնում է վարորդը,- filming, film-actor,atist, Armenia… theatre… Մհեր Մկրտչյա՛նն ես»,- գոռաց նա։ ։ «Հա՞յ ես,-ուրախանում եմ ես,- ինչո՞ւ հայերեն չենք խոսում»։ «Հայերե՞ն,- ասում է նա,- դու սկսեցիր անգլերեն,ես ալ կշարունակեի»։

Հյուրանոցը կառուցված էր այնպես,որ կարողանայիր ավտոմեքենայով հասնել երկրորդ հարկ։ Բարձրացանք համարս,ես վարորդին ներկայացման տոմս նվիրեցի, տոմսն էլ երկու մաս ուներ՝ մեկը թատրոն մտնելուց են պոկում, մյուսը՝ ձեռքիդ է մնում,- իմ գունավոր պատկերով,կարող ես տուն տանել,դաշնամուրի վրա դնել ու նայել։ Երեք հատ տոմս տվեցի…նա գնաց,ահագին հեռացավ,մեկ էլ դարձավ՝ «Մհեր» գոռաց ու ձեռքով ողջունեց ինձ,նստեց մեքենա ու հեռացավ… Ես էլ մտածեցի,թե ինչ գեղեցիկ է,որ մարդիկ հասկանում են իրար…

Գեղեցիկ ըմբռնումը բարդ հարց է,բայց եւ հեշտ։ Ես տեսնում եմ գեղեցիկը… Դուք ծաղիկ սիրո՞ւմ եք։ Ես փուշ եմ սիրում,տեսե՞լ եք՝ գլորվում է ու գնում,չի թառամում, չի խամրում,- վարդն ամեն տեղ տանում են՝ հարսանիքի,թաղման,կնունքի,ծնունդի,կաշառքի… փուշը չեն տանում։ Վարդը գնում է,նստում սեղանի գլուխ,փշին՝ դռան շեմին մոտիկ չեն թողնում։ Բայց ես մի անգամ տեսա,թե վարդն ինչպես ընկավ ավտոմեքենայի տակ ու մեռավ (վարդավարի,հպարտ մեռավ),իսկ փուշը գլորվեց անցավ… Ես նույն չափով նաեւ անցնող փշին եմ սիրում… Փշից էլ գեղեցիկ բան…

Իսկ ինձ առհասարակ որ հարցնում են,թե ես ի՞նչ եմ սիրում,միշտ խնդրում եմ ճշտել՝ ե՞րբ։ Զարմանում են… Իսկ ինձ համար դա շատ կարեւոր է՝ տարբեր ժամանակ,նույնիսկ օրվա տարբեր ժամերին ես սիրում եմ զանազան երգեր,բանաստեղծություններ… Գիշերը քնում ես Պուշկինին սիրելով,արթնանում ես՝ Թումանյանի բանաստեղծությունն է լինում մտքիդ մեջ… Մի օր լրագրող հարց տվեց ինձ՝ ի՞նչ երաժշտություն եմ սիրում. պատասխանեցի՝ ընդհանրապես եւ այս վայրկյանին սիրում եմ «Անուշ» օպերայի նախերգանքը։ Հաջորդ օրը թերթի մեջ կարդում եմ,որ ես սիրում եմ Բախին։ Հասկացա՝ սիրելուց է գրել,ուզում էր ինձ բարձր աստիճանի մտավորական ներկայացնել։ Առիթ եղավ՝ հանդիպեցի հոդված գրողին: «Այս ինչե՞ր ես գրել,- ջղայնացած ասացի նրան,- դու ինձ հարց տվեցիր,ես քեզ պատասխանեցի,ինչո՞ւ ես Բախ գրել…»։ Չէ որ դա հիմարություն է,ինչպես կարող է մարդ Բախին սիրել,Գուսան Աշոտի ե՞րգն է,թե Արամայիս Սահակյանի բանաստեղծությունը,որ սիրեմ։ Բախին էլ սիրել կլինի,երբ նա մոլորակի ուսուցիչն է…    

Շարունակելի