Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պատահական ինձ մոտ հայտնվեց Ալեքսանդր Բորիսովիչին ուղղված իմ նամակի պատճենը՝վերջերս լրացավ իմ 46-ամյակը,բայց մոտս այն տպավորությունն է,որ վերջին 4-5 տարին հուլիսի 4-ին ես նշում եմ նույն 46-ի տարեդարձը։ Հանգիստ տոնեցի ծնունդս եւ սպասում եմ հաջորդ 46-ամյակին։
«Առողջարան վերադարձա ՍՍՀՄ ժողովրդական դերասան Դավիթ Մալյանի հուղարկավորությունից,երբ իմ հիվանդասենյակի սեղանի վրա տեսա ձեր նամակը՝ ծրարին Պաբլո Պիկասոյի նկարով։ Որպեսզի ցավ չպատճառեմ նրան,զգուշությամբ պատռեցի ծրարի ծայրը … Ծանոթանալով նամակին՝ ես ամեն մի նախադասությունը կարդում էի երկու անգամ։ Այնքան անկեղծ,ազնիվ,նուրբ իմաստուն ու հստակ էր նրա բովանդակությունը,ինչպես ձեր նամակի ծրարի վրա նկարված մարդու խոսքերը։ Ես միանգամից զգացի իմ հասուն լինելը,եւ կյանքիս ժամանակը նորից սկսեց իր սովորական վարքը։ Ես հասկացա,որ իրական բեմադրիչը առաջին հերթին հոգատար մարդ է,որը ինքը, չհասկացված լինելով մարդկանց կողմից,հոյակապ հասկանում է եւ զգում մրդու հոգին,մարդու,որը դերասան է։ Վերջապես ես հասկացա,որ բեմադրիչը բնության կողմից տաղանդով պատժված մարդ է եւ որի ստեղծագործական խանդավառությունը փոխանցվեց ինձ՝ անցնելով ռուսական տափաստանները,Կովկասյան լեռները եւ մեր սիրուն Սեւանը։ Այս զգացումը հաշտեց իմ արյան շրջանառությունը, եւ ես անմիջապես կանչեցի Սիրանոյին։ Որպես փորձառու բժիշկ՝ ես սկսեցի զննել նրան։ Պարզվեց նրա մոտ ամեն ինչ կարգ ու կանոնավոր է՝ արյան ճնշումը՝120-80,զարկի բաբախումը՝ 75-80, լյարդը եւ լեղապարկը գործում են գերազանց,ստամոքսից էլ գանգատ չունի,առողջարանի կենսակարգը պահպանում է՝առավոտները կանոնավոր զբաղվում է մարմնամարզությամբ։ Առողջարանը շրջապատված է փշալարով, եւ ոչ մի հոտով մարդ չի խախտում նրա անդորրը։ Միակ խնդիրը ճիշտ մտածողության ֆունկցիոնալ խախտումն է՝ ինքը անընդհատ զառանցում է արդարության մասին,բողոքում է գռեհկության դեմ,երազում է մաքուր եւ գեղեցիկ սեր,բարեկամների համար պատրաստ է զոհաբերել կյանքը,գրում է դիպուկ բանաստեղծություններ,առավոտից գիշեր ու նույնիսկ քնի մեջ անընդհատ ասում է, չգիտեմ ինչու՝ հայերեն, «Շնորհակալ եմ»,սակայն մի անհանգստացեք նրա հրաշագործությունների համար, ինքը որոշեց մինչեւ հոկտեմբերի 15-ը մեկնել իր բարեկամների մոտ,Սոկրատեսի,Գալիլեյի,Կոլումբոսի եւ ուրիշների մոտ, եւ նրանք կբուժեն Սիրանոյին…
Ինչպես տեսնում եք,ես շատ բարյացկամ եմ վերաբերվում Սիրանոյին,սակայն ինքը շատախոս է եւ բժշկական զննումից հետո սկսեց ինձ ապուշ հարցեր տալ։ Ես ջղայնացա եւ մինչեւ օգոստոսի մեկը «գրողի ծոցը» ուղարկեցի նրան։ Ինձ հիմա հետաքրքրում է ներկայացումը եւ ոչ թե այս հիմարը՝ կնճիթով։
Եվ այդպես հոկտեմբերի 15-ին պետք է կայանա օլիմպիական ներկայացումը,եւ ես համոզված եմ,որ կլինեն ոսկե մեդալները։ Ես ի նկատի ունեմ գեղարվեստականի ձեւավորումը եւ որոշ տեսարանների հոյակապ լուծումը,որը դուք դեռ չեք տեսել։ Երաժշտությունը դուք արդեն լսել եք եւ անկասկած ամեն ինչ լավ կլինի։
Ալեքսանդր Բորիսովիչ,կիսում եմ ձեր անհանգստությունը որոշ դերասանների աշխատանքի համար, սակայն նրանք լավ ու հնազանդ երիտասարդներ են,եւ ինչ կարեւոր է նրանք մեծ ցանկություն ունեն մինչեւ վերջ հասկանալ ձեզ,եւ եթե մենք կկարողանանք առաջարկել նրանց սիրուն ու փոթորկոտ ստեղծագործական հեղեղ,համոզված եմ՝ նրանք կլողան մեր ցանկությունների համաձայն եւ դժվար թե փորձեն դուրս գալ ափ,այսպիսով բացառված չէ,որ այս դերասաններին էլ կշնորհվեն «ոսկե մեդալներ»,բայց դուք լավ գիտեք,որ առանձին փայլուն խաղացող դերասանները դեռ ներկայացում չէ։ Խնդրում եմ հիշեք,որ ես խոսք տվեցի օգնել կազմակերպչական հարցերում՝ լինի դա թատերախմբի վերաբերմունք, թե դերասանների կարգապահությունը. այս հարցերում ինձ համար մանրուքներ չկան։ Թող ձեզ չանհանգստացնի ոչ մի սահմանված ժամկետ,պրեմիերան չի կայանա,մինչեւ չլինի այն ներկայացումը,որ մենք պատկերացնում ենք։ Մինչեւ երեւակայության,հուզումների, մտքի աշխատաընդունակության,սիրո ու ատելության,փորձարարության եւ անմիջականության,քաղաքացիության արկղը չդատարկվի,եւ ամեն ինչ չիրականանա ներկայացման մեջ,այն ներկայացման մեջ, որը մեզ այսօր անհրաժեշտ է։ Ես երջանիկ կլինեմ,եթե մեր ներկայացումը կհավանի գլխավոր դատավորը՝ հարգելի ձեր սիրած կինը՝ Մուսան։ Մեր ժամանակներում այնքան դժվար է հիացնել խելք ունեցող մարդուն… Բացառված չէ,որ այսօր ես գրում եմ մեծամիտ եւ ինքնավստահ,բայց,ի սեր Աստծո,ես հերոսի կոչման չեմ հավակնում,եւ հիշում եմ,որ դուք երկու անգամ անցել եք պատերազմի ճանապարհներով եւ լավ գիտեք,թե ինչ կնշանակի հերոս լինել, սակայն ես խնդրում եմ,որ դուք չմոռանաք՝ պակաս չէ սիրված հասարակ զինվորը,որը հարձակման ժամանակ վստահ գոռում է՝ «Առա՛ջ,տղանե՛ր,արագացրեք» ։ Սիրանոն ինձ համար Համլետի կերպարին հավասար դեր է։ Ես միայն երեք ներկայացում խաղացի «Սիրանո դը Բերժերակ»,նոր-նոր սկսում էի գտնել կերպարի խորքը տանող արահետները,բայց թատրոնի ղեկավարի ոչ բեմական խաղերի պատճառով,բեմադրությունը հանվեց։ Ժամանակ առ ժամանակ ուզում են վերադառնալ Սիրանոյին, վերականգնել բեմադրությունը։ Ափսոս է,որ նման հոյակապ մի գործ մեր բեմում չլինի… »:
Շարունակելի