կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-04 18:19
Մշակույթ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 21

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 21

Այս ասածիս համադրվեց մի ծիծաղելի դեպք, որը հիմա եմ պատմելու… Հյուրախաղերը մոտենում էին ավարտին,երբ բեյրութահայերը որոշեցին Սունդուկյանի անվան թատրոնի բոլոր տղամարդկանց մի տաբատի կտոր նվիրել։ Որպեսզի վեճեր չլինեն,ամեն մի կտորը առանձին թղթի մեջ էր փաթաթված,ու այս փակ կապոցները դրված էին պահեստ դարձած մի սենյակի մեջ։ Ամեն մի տղամարդ-դերասան մտնում էր՝ փաթեթը վերցնում ու դուրս գալիս։ Ինձ էլ կանչեցին՝ Մհեր,արի վերցրու։ Սենյակում կանգնած էին Գուրգեն Ջանիբեկյանը՝ այն ժամանակ թատրոնի տնօրենն էր,ու Մամիկոն Մանուկյանը ՚՝ կուսակցության բյուրոյի քարտուղար, ի դեպ,ասեմ՝ երկուսն էլ դերասաններ էին։ Վերցրեցի ձեռս ընկած առաջին կապոցը ու դուրս էի գալիս,երբ Մամիկոնը կանչեց՝ Մհեր,մեկ հատ տեսնենք։ Տոպրակը վերցրեց,թուղթը պատռեց,«ու՛հ»՝ այսպես արտահայտվեց կարծես թե poker խաղալիս լավ խաղաթուղթ է ընկել։ Գուրգեն Ջանիբեկյանին՝ сядь, смотри՝ այստեղ նայիր… Ռուսերեն է ասում,որ չհասկանան։ Եկավ,ձեռքերով չափեց,տեսավ կարճ է, նորից չեղավ. գեր էր ու իրեն հարմար կտոր չէր կարողանում գտնել։

Երեւան էինք վերադարձել հյուրախաղերից,երկու ամիս հետո ինձ հրավեր եկավ Մոսկվայում մի ֆիլմում նկարահանվելու։ Գնացի Գուրգեն Ջանիբեկյանի մոտ թույլտվություն վերցնելու՝ թատրոնից բացակայելու համար։ Ասաց՝ այո՛, իհարկե՛,գնա նկարահանվի։ Այդ վայրկյանին տնօրենի առանձնասենյակ է մտնում Մամիկոնը ու Ջանիբեկյանին հրավիրատոմս է հանձնում՝ կուսակցական փակ ժողովին մասնակցելու։ Գուրգեն Ջանիբեկյանը հարցնում է՝ Մամիկոն, ժողովին ի՞նչ հարց պետք է քննարկվի։ Մամիկոնը,տեսնելով,որ ես՝ անկուսակցականս,նստած եմ այստեղ, ռուսերեն ասաց՝   потом скажу,որ ես չհասկանամ,չէր ուզում ինձ մոտ խոսել փակ ժողովի գաղտնիքների մասին։ Մամիկոն,ասացի՝ հիշելով Բեյրութը,այս էլ քո երգն է,քո արաբերենը։ Մոռացել էր երեւի,որ տանն ենք,ինչպես էլ բացատրի՝ ես կհասկանամ։ Նրա անունն էլ մնաց՝ Պոտոմսկաժու։

Շատերը կարոտով էին հիշում կոմունիստական այն համակարգը,իսկ ես ափսոսում եմ,որ այս տարիների ընթացքում շատ բան եմ կորցրել։

Մի դեպք պատմեմ։ 1966-ին նկարահանվում էինք «Այբոլիտ-66» ֆիլմում… Որտեղից-որտեղ հայտնվեց մի ամերիկացի,որն ուզում էր գնել ֆիլմը։ Բնականաբար,որտեղ կար ամերիկացի, այնտեղ էլ կար КГВ-ի աշխատակից։ Անունը Ֆելիքս էր,ի դեպ, ասած՝ վատ տղա չէր։ Ամերիկացին հավանեց իմ խաղը եւ հետաքրքրվեց,թե իմ աշխատանքի համար ինչքան եմ ստանում…Ես,որ ստանում էի օրը 16 ռուբլի,նույնիսկ աչք չթարթելով ստեցի՝ 100 հազար։  Ինչ քիչ է՝ հիասթափվեց ամերիկացին ու մի կողմ անցավ։ Այդ վայրկյանին մոտենում է Ֆելիքսը եւ ինքն էլ հիասթափված նկատողություն է անում. «Դու ինչո՞ւ այսքան քիչ ասացիր»։ Երեւի պետք է ասեի՝միլիոն։ Հիմա հաշվեք,կյանքում 16 ռուբլիանոց նկարահանման քանի՛ օր եմ ունեցել եւ քանի՛ միլիոններ եմ կորցրել…

Ասում են, իբր Շիրազի անմահ բանաստեղծ Սաադին կարծում էր,որ մարդը պետք է իր իննսուն տարիների առաջին երեսունը անցկացնի գիտելիքներ ամբարելով,երկրորդը սպառի ճանապարհորդությամբ,իսկ վերջին երեսունը՝ նվիրի ստեղծագործելուն։ Ես մխիթարվում եմ նրանով,որ մեր ժամանակներում բարեբախտաբար  այս թվերը մի քիչ խառնվել են։ Չգիտեմ,ուշ թե շուտ,ես հասկացա,որ գործ ունեմ շատ լուրջ մասնագիտության հետ,որ մի կյանքը չի բավականացնի,որպեսզի կատարյալին հասցվի այն,ինչը որ գոնե հնարավոր է։ Դերասանները լավ խոսք ունեն՝ դժվարը առաջին քսան տարին է։ Եվ,իսկապես, քսան տարի հետո,1963 –ին, Հրաչյա Ներսիսյանից ուղիղ քսան տարի հետո,ես խաղացի Պաղտասար աղբար,խաղացի ահավոր դժվարությամբ, սարսափելի շփոթված վիճակում,հուզված… Այդ օրը երբեք չեմ մոռանա… Ինչպես էլ դրան նախորդող աշխատանքը… Նախ՝ կռվում էի պիեսի հեղինակի հետ,որ վեճի ժամանակ կերպարը լրիվ բացվի,հետո՝ կռվում էի դերի հետ,շառ գցում նրա վրա,վիճում։ Որոշ ժամանակ հետո՝ խոսում էի հետը,ասենք՝ դեր ջան,այնքան էլ ծիծաղելի չես դու,ինչպես հեղինակդ է քեզ համարում,կամ՝ ամոթ է, դու օրենքով,ըստ բնավորության պետք է չտխրես, մի ծիծաղիր՝ տեսնեմ,մի առիթ գտիր։ Եվ այսպես շարունակ, մոտ ութ ամիս,մինչեւ որ դերի հետ լեզու գտա… Երբեք չեմ մոռանա այն օրերը… Ցրված էի… շատ կենտրոնացած լինելուց։ Ոչ մեկին չէի տեսնում, խելագարի պես էի, անտեղի կռվում էի կնոջս՝ դերասանուհի Դոնարա Մկրտչյանի հետ։ Նա էլ,կին է,հասկանում էր, որ երկունքի մեջ եմ,հասկանում էր ու ներում։ Գոտեմարտի էի բռնվել Պաղտասարի հետ,Պաղտասարի,որի ոչնչացնող սարկազմի հետ շաղախված էր մարդկային մեծ ողբերգություն,Պաղտասարի որը բախվել էր 19-րդ դարի պոլսահայ բորբոսնած միջավայրին,մերկացնում էր այն։ Պաղտասարի,որը պետք է խոսեր պոլսահայ բարբառով,որն ինձ համար մի ողորմելի Գվիդոն (իմ խաղացած դերը Ժորա Հարությունյանի «Սրտի արատ» ներկայացման մեջ) չպետք է լիներ,այլ պարոնյանական ողբերգության կրողը։ Եվ,վերջապես,Պաղտասարի,որը հրաժեշտ տվեց իր ամենափայլուն կատարողին՝ կերտել էր մեծ Ներսիսյանին։ Առաջին օրը զարհուրելի էր,վախենում էի երեւալուց։ Ախր Հրաչյայից հետո… Պետք է ազատվեի իր ստեղծած կերպարից… Չգիտեմ ինչպես բեմ ընկա եւ ամբողջ ներկայացման ընթացքում երազի մեջ էի,կարծես միայն մի բան էի խնդրում դահլիճից. «Ի սեր Աստծո,ներեցեք ինձ,իմացեք, որ կարող եմ,կարող եմ… Այսօր ներեցեք… Որ՝ կարող եմ կարող եմ… Այսօր ներեցեք»,դահլիճն էլ կարծես հասկանում էր ինձ։

Այդ օրվանից հետո մոտ երկու հազար անգամ եմ բարձրացել բեմ Պաղտասար աղբարի կերպարով,բեմադրել եմ մեծ Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ը Լենինականում,հետո Հայաստանի շատ ու շատ թատրոններում,Երեւանում,Սիրիայում եւ Լիբանանում,Ֆրանսիայում,Կանադայում եւ Միացյալ Նահանգներում,խաղացել եմ հայրենիքի ու Սփյուռքի պրոֆեսիոնալ եւ ինքնագործ խմբերի հետ, նկարահանվել եմ հեռուստատեսային կինոնկարում,նկարահանվել եմ Գ. Մելիք-Ավագյանի «Պաղտասարը բաժանվում է կնոջից» երաժշտական ֆիլմում… Շատ երկրներ եմ շրջագայել իմ Պաղտասարով՝ սկսած մոտիկ Ղարաբաղից մինչեւ հեռավոր Կանադա … Տարբեր երկրներ,տարբեր թատերախմբեր,տարբեր հանդիսատես։

Դասական կերպարների նման Պաղտասարը լիարժեք կերպար է,խորանալու շատ տեղ ունի՝ գեղարվեստական հազվագյուտ արժեք է,հսկա եւ հաստատուն անցյալ ունի։ Իր գրության օրվանից «Պաղտասար աղբար»-ը շատ թատերախմբերի խաղացանկի մեջ եղել է եւ կա։ Փոքր տարիքիցս տեսել եմ «Պաղտասար աղբար» ներկայացումները հայերեն,նաեւ ռուսերեն,վրացերեն եւ այլ լեզուներով։ Հայ մեծ դերասանների՝ Արամ Վրույրի, Աբելյանի,Ներսիսյանի մեկնաբանություններով շատ գաղտնիքներ հայտնաբերված են։ Սակայն Պաղտասարի կերպարը այսօր էլ մնում է անսպառ։

Երբ սկսեցի աշխատել կերպարի վրա,իմ առջեւ դրեցի երկու հիմնական խնդիր՝ դուրս բերել տիպաժը իր տեղի ու ժամանակի սահմաններից ու բացահայտել Պաղտասարի կերպարի ողբերգական գծերը։ 

Շարունակելի