կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-28 18:27
Մշակույթ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 18

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 18

Երեւանում գոյություն ունեն հայրենասերների սրճարաններ։ Մեկը գտնվում է Դրամատիկական թատրոնի դիմաց,կոչվում է «Պապլավոկ»։ Երբ մտա սրճարան,լսեցի.  «Եկավ»։ Մի սեղանի շուրջ նստածների մեջ տեսա դերասան Լեւոն Թուխիկյանին,մոտեցա. «Բարեւ,տղաներ,ո՞նց եք,ի՞նչ արեցիք Ղարաբաղը»։ «Լավ,լավ»,- մի տեսակ սառը պատասխանեցին ընկերներս։ Մենք ընկերներ ենք,սիրում ենք իրար,բայց ընկերները արդեն կարգին հայրենասերներ են,ես էլ ինչ՝ թատրոնի մարդ։ Թատրոնը ի՞նչ է որ…  «Ի՛նչ է պատահել,ինչո՞ւ Օպերայի հրապարակում մարդ չկա»,- հարցնում եմ ես։  «Ազգ ենք,է»,- ասում է մեկը։ Ես էլ բան չեմ հասկանում. «Հացադուլը ի՞նչ եղավ,համալսարանի ուսանողների նստադուլը»։ «Չասեք։ Գայիր,տեսնեիր»,- մյուսն է ասում,այսինքն՝ նա մեծ հայրենասեր է եւ ինձ հետ ինչ գործ ունի։ «Խնդրում եմ՝ պատմեք»,- պնդում եմ ես։ Վերջում մեկին համոզեցի։ «Ա՛յ հայ տղաներ,ա՛յ հայ աղջիկներ,դու քո աչքով պետք է տեսնեիր։ Ժողովուրդը ցնցված էր՝ լալիս,ծիծաղում,ծափահարում էր… Երբ մոմերը վառվեցին… Ու սկսեցին կամաց երգել շարականը… Ժողովուրդը միացավ ու… 26 հոգի դուրս եկան հրապարակից։ Մենք այդ 26 հոգով Բաքուն էլ կգրավենք։ Այս պահի համար ենք ապրել»։  «Ինչ ափսոս,որ չտեսա,- ասացի ես,- պետք է հյուրախաղերը թողնեի ու գայի։ Դե լավ, եկեք սուրճ խմենք»։ Ինչ սուրճ,- այսինքն՝ ինչ սուրճ խմելու ժամանակն է,մենք դեռ շատ գործեր ունենք անելու։

Անցավ ժամանակ,ես ոչ ոքի չէի պատմում,թե ով էր բեմադրել այս ձեւով հացադուլը դադարեցնելը… Թատրոնիս հետ Սիրիայում էինք, պատահական Սոս Սարգսյանի հետ հանդիպեցինք,այդ երեկո դաշնակները մեծ սրահում միջոցառում էին կազմակերպել,հրավիրեցին… Լեւոն Թուխիկյանը,որը ներկայացման մեջ էր խաղում,եկավ ինձ հետ։ Այնտեղ էլ ելույթ ունեցավ՝ խոսեց ու պատմեց հացադուլի մասին… Մոմերի… Երգի… «Սոս,- ասացի ես,- գիտե՞ս ում է պատկանում այս մոմերի միտքը», ու պատմեցի ամեն ինչ՝ սկզբից մինչեւ վերջ…

Մյուս օրը Լեւոնը աչքերը իջեցրած մոտենում է ինձ ու հարցնում՝ այդ ճի՞շտ է։ Պարզվում է,Սոսը նրան պատմել է այդ դեպքի մասին։

Իմ թատրոնի շենքը գտնվում է քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ։ Հրապարակում էլ,ինչպես բոլոր մեծ ու փոքր Սովետական Միության քաղաքներում, կանգնած էր Լենինի արձանը։ Փորձից տուն վերադառնալիս տեսա,որ հրապարակում աշխուժություն է,մարդիկ են հավաքվել,հանում են Լենինի արձանը։ Կանգնեցի,տարբեր մարդիկ մոտենում էին ինձ՝ տեսա՞ք՝ ինչպես հանեցին Լենինի արձանը, պատասխանում եմ՝ շատ լավ,ապրեք,վերջապես հանեցիք Լենինի արձանը,ի՛նչ հրաշք է արձանը հանելը,ի՛նչ չքնաղ բան արեցիք… Մի ծեր մարդ՝ սպիտակած մազերով,ասում է՝ հա,վերջապես մեզ հաջողվեց հանել։ Այո,ցավդ տանեմ,համաձայնվում եմ նրա հետ,վերջապես Կրուպսկայայի խնդրանքը կատարեցիք։ Ի՞նչ Կրուպսկայա՝ զարմացան։ Լենինի կնոջ,որը դեռ Ստալինին էր խնդրում,ըստ Լենինի վերջին կամքի՝ հանել արձանները,թաղել նրան իր մոր կողքին,ռուսները մարդ չեն,չեն հանում դամբարանից, մոր մոտ չեն տանում,միայն հայերս մարդ գտնվեցինք՝ հանդիսավոր լաֆետի վրա դրած տարան արձանը՝ թաղեցին։ Հետո մեկը ասաց՝ մեռավ ճիվաղը։ Այս ինչպես էր նեղացել Լենինից, մարդ էլ փիլիսոփայից նեղանա,ոնց  որ ես Նիցշեից նեղանամ, կամ էլ Ֆոյերբախից։   «Կրուպսկայա, Լենին՝ հասկացա,- շարունակեցի ես,- բայց Կլարա Ցետկինի՞ց ինչու եք նեղացած,որ մարտի 8-ին կանանց տոնը չեղյալ համարեցիք»։ Ով չհասկացավ ինձ, նեղացավ, ով հասկացավ՝  ծիծաղեց, տարբեր մարդիկ էին հավաքվել հրապարակում։

Սիրում եմ հայրենիքս՝  երեկվա,այսօրվա,վաղվա Հայաստանը… Քաղաքների միջեւ էլ տարբերություն չեմ զգում,այնքան քիչ են մնացել,ինչո՞ւ ընտրեմ մեկը…

Արտասահմանում շատ եմ եղել հյուրախաղերով՝ Սիրիա, Լիբանան, «Կազինո դյու Լիբան»-ի 1600-հոգանոց սրահ,Փարիզի  «Տեաթր Ֆոնտել»,Իսի-լե-Մուլինոյի՝ Մունիսիպալ թատրոնները,Հյուսիսային Ամերիկա՝ Մոնրեալից մեծ քաղաքների սրահները մինչեւ Լոս Անջելես,Բուլղարիա,Չեխոսլովակիա,Վրաստան,Ռուսաստան… Եվ այլուր… Ամեն մի տեղ,մտնելով հայի օջախը,ես միշտ հայրենիքիս տաքությունն եմ զգում։ Որտեղ հայ կա, Հայաստան է ինձ համար։ Իսկ բեմից ես միշտ տեսնում եմ հային,որը կարծես թե աղաչում է. «Ջանիդ մեռնեմ,խաղա,խաղա այնպես, որ բոլորը հասկանան,որ մենք ազգ ենք…»։ Եվ ինձ Սփյուռքի հետ կապում է այս զգացումը։

Քանի հազար ներկայացում եմ խաղացել Հայաստանում ու չեմ հիշում մեկը,որ ծափահարություններով անցած չլինի,բայց մեկ-մեկ հարց եմ տալիս ինձ, թե՝ ինչո՞ւ ես խաղում՝ կոչումի՞ համար,որ ռոճիկդ 200-ից դառնա 210՞… Բայց որ տեսնում ես կարոտով,հպարտությամբ լի աչքերը,հասկանում ես՝ ո՛չ աշխատավարձն է կարեւոր,ո՛չ դրամը,ո՛չ կոչումը,այլ իմանալը,թե ինչու ես խաղում… Հայրենիքը ի՞նչ է,հողի կտոր,ա՛յ,ազգը շալակիդ ապրես, բեմ բարձրանաս՝ դիվային բան է։

Լոս Անջելեսում էի, հրավիրեցին  «Կոչի օրը» հաղորդմանը մասնակցեմ,որը հեռուստատեսությունը ամեն ուրբաթ է կազմակերպում։ Ելույթ են ունենում զանազան մասնագիտության տեր հայեր ու կոչ են անում օգնություն ցույց տալ Հայաստանին։ Լրագրող Օշին Քեշիշյանը ինձ առաջարկեց ելույթ ունենալ։ Լոս Անջելեսի գաղութը ես մոտիկից գիտեմ, մի մասին՝ դեռեւս 60-ական թվականներից Բեյրութից եմ ծանոթ,ոմանց հետ խաղացել եմ բեմում։ Արեւելահայեր շատ կան,որոնք ինձ լավ են վերաբերվում,որովհետեւ ես նրանց մանկությունն եմ հիշեցնում, հայաստանյան կյանքը։ Ամեն անգամ,երբ մեր Սփյուռքի գաղութներից տուն պետք է վերադառնամ,շատերը գալիս են ուղեկցելու,բայց օդանավակայան գնալու պահին հիվանդանում են,այսպիսի մի հիվանդություն կա՝ կարոտախտ։ Սարսափելի հիվանդություն է։ Ասում եմ՝ արի,նա թե՝ չեմ կարող,մեջքս բռնվել է։ Իրոք որ մեջքը բռնվել է։ Պատճա՞ռը։ Այնտեղ նրանք իրենց փոքր-ինչ վատ են զգում, մի տեսակ կաշկանդված են,վախեցած… Ես որ տնավարի խոսում եմ, վերականգնվում է աշխարհում ինչ-որ բանի տեր լինելու նրանց զգացումը։ Ես երկիր եմ ներկայացնում, եւ նրանք հաղորդակցվում են երկրին, նորեն մաս են դառնում… Այստեղ տեղին է այս խոսքը։ Միանում են իրար,անձնական թե կուսակցական իրար չհասկանալը այնքան էլ կարեւոր չի դառնում,իսկ շատ դեպքերում ծիծաղելի է թվում։      

Շարունակելի