կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-28 11:36
Աշխարհ

Ռուս-թուրքական չհայտարարված պատերազմ. 33 թուրք զինվոր է մահացել մեկ գիշերվա ընթացքում

Ռուս-թուրքական չհայտարարված  պատերազմ. 33 թուրք զինվոր է մահացել մեկ գիշերվա ընթացքում

Այսօր գիշերը Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարեց Սիրիայում ավելի քան 33 թուրք զինվորի սպանվելու մասին (որոշ ԶԼՄ-ներ անգամ հայտնում են մոտ 100 զինվորի մասին, իսկ 36-ն էլ վիրավոր են): Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անվտանգության նիստ հրավիրեց, որը տևեց մոտ 6 ժամ՝ ինչից հետո որևէ հայտարարություն չեղավ. հայտնում է Yerkir.am-ը:

Անվտանգության նիստից հետո Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարն ուղևորվեց թուրք-սիրիական սահման՝ անձամբ ղեկավարելու այնտեղ ընթացող գործողությունները:

2017 թ. Աստանայում Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան համաձայնության էին եկել՝ Սիրիայում ստեղծել 4 ապաէսկալացիոն գոտի: Դրանցից 3-ն արդեն գտնվում են Ասադի օրինական իշխանության զորքերի վերահսկողության տակ, իսկ 4-րդը՝ Իդլիբը, որն իր մեջ ընդգրկում է նաև Լաթաքիայի, Համայի և Հալեպի որոշ շրջաններ, դեռևս գտնվում են ահաբեկիչների ձեռքում:

Հունվարի վերջից և փետրվարի սկզբից Սիրիայի Իդլիբ նահանգում բախումներ սկսվեցին Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների, հակակառավարական ուժերի և Բաշար Ասադի զորքերի միջև (որին աջակցում է ռուսական ԶՈւ-ն): Դրանից հետո տեղի ունեցան ռուս-թուրքական մի քանի բանակցություններ՝ Իդլիբում ճգնաժամը լուծելու համար: Սակայն դրանք բոլորն ապարդյուն եղան: Երեկ՝ փետրվարի 27-ին Անկարայում նույնպես տեղի էր ունեցել բանակցություններ, որը պետք է շարունակվեր այսօր. կշարունակվի՞ արդյոք այսքանից հետո՝ դեռ հստակ չէ:

Բրիտանական Reuters գործակալությունը, հղում անելով բարձրաստիճան թուրք պաշտոնյայի, նշում է, որ Թուրքիան այս միջադեպից հետո որոշել է այլևս չխոչընդոտել գաղթականների մուտքը Եվրոպա՝ պատրաստվելով բացել սահմանները: Ըստ աղբյուրի՝ բոլոր սահմանապահները հրաման են ստացել՝ արգելք չստեղծել փախստականների համար: Սիրիացի փախստականները հիմնականում ապաստանել են Լիբանանում, Հորդանանում և Թուրքիայում: Տարբեր տվյալների համաձայն՝ Թուրքիայում գտնվում է մոտ 3.6 մլն փախստական: 2016 թ. եվրոպական երկրները, փախստականների ճգնաժամը լուծելու համար, Անկարային ֆինանսական աջակցություն են ցուցաբերում (մի քանի միլիարդ դոլարի հասնող) և այս հանգամանքը բազմիցս է օգտագործվել Էրդողանի կողմից՝ Արևմուտքին սպառնալու համար: Թուրքական «Անադալու» գործակալությունը կասկածելի լուսանկարներ սկսեց հրապարակել՝ Թուրքիայից իբր արդեն սկսված գաղթականների հոսքի վերաբերյալ:

Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության գլխավոր քարտուղար Օմեր Չելիքը հայտարարել է, որ 33 թուրք զինվորի մահը հարձակում է ՆԱՏՕ-ի վրա: Քիչ առաջ էլ ՆԱՏՕ-ն հայտարություն տարածեց, որ Թուրքիայի պահանջով դաշինքը արտահերթ նիստ է գումարում: Ավելի վաղ երկրի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց էր ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության՝ եթե անդամ-պետությունը պատերազմում է երրորդ երկրի տարածքում (այլ ոչ թե բուն պետության դեմ), ապա դաշինքը չի միջամտում և օգնություն ցույց չի տալիս:

Իր հերթին Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերի հետ: Թեև ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնել Թուրքիային և կոչ արել մեղմել լարվածությունը, չի կարելի սպասել ԱՄՆ ռազմական աջակցությանը: Երեկ Էսպերն արդեն հայտարարել էր, որ ոչ մի հնարավորթյուն չի տեսնում Սիրիայի հյուսիս զորք ուղարկելու համար: Բացի այդ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ում վարկանիշը, ըստ փորձագետների, ավելացել է Սիրիայից և Իրաքից ԱՄՆ որոշակի զորքերի դուրս բերումից հետո, մինչև այս տարվա վերջ նախատեսվող ընտրությունները դժվար թե նմանատիպ քայլ կատարի:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլին, օգտվելով առիթից, նշել է, որ Թուրքիան արդեն տեսնում է, որ ոչ թե ՌԴ-ն է Թուրքիայի իրական դաշնակիցը, այլ ԱՄՆ-ն և  հույս հայտնել, որ Թուրքիան կհրաժարվի ռուսական Ս-400-ների գնումից:

Չուշացավ նաև ՌԴ արձագանքը. Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Իդլիբի ապաէսկալացիոն գոտում Սիրիայի բանակի հրետակոծության տակ հայտնված թուրքական զորքերը չպետք է այդտեղ լինեին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Հայաթ Թահրի աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նույնպես թուրքական աջակցություն վայելող) պատրաստվում է գրոհել Իդլիբը ,և փաստացի,սիրիական բանակի հարվածն ուղղված է երկրի տարածքում ահաբեկչական գործունեություն ծավալող խմբավորման դեմ: Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց տեղի ունեցան հակառուսական ցույցեր՝ ի նշան բողոքի:

Երեկ գիշերվանից թուրքական իշխանությունները արգելափակել են Facebook, Instagram, Twitter և Whatsapp սոցիալական տիրույթներ մուտքը:

Թեև ակնհայտ է, որ սիրիական բանակի հարվածները տեղի են ունեցել ռուսական զինուժի աջակցությամբ, այնուամենայնիվ Թուրքիան դեռևս զգուշավորություն է ցուցաբերում և ակհայտորեն մեղքը չի բարդում ռուսական կողմի վրա: Ռուսական իշխանամետ կայքերը նույնպես փորձում են իրավիճակը մեղմել և հակաթուրքական տրամադրություններ չստեղծել:

 

Ա. Եղիազարյան