կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-27 17:52
Մշակույթ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 17

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 17

Մոսկվայի,այն ժամանակ Սովետական Միության կենտրոնական հեռուստատեսությունը,շատ դեպքերում,միակողմանի,ի վնաս մեզ էր ներկայացնում Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Մենք բողոքում էինք,ասելով,որ «ստուդիան» թուրքերի ձեռքում է,եւ իրավացի էինք՝ Մոսկվայի հեռուստատեսային հաղորդումների կոմիտեի նախագահի տեղակալը Մամեդովն էր… Մոսկվայում շատ պաշտոններ թուրքերն էին զբաղեցնում։ Եվ դա Ադրբեջանի քաղաքականությունն էր։ Գնում էր թուրքը Մոսկվա սովորելու,ասում էին նրան՝ մնա այնտեղ, Բաքու ետ մի արի։ Իսկ մենք իրար նկատողություն ենք անում՝ եթե հայ ես, ռուսերե՞ն ինչու ես խոսում։ Մինչդեռ,չթաքցնեմ,որ ես էլ ռուսերեն լավ չեմ խոսում։ Երբ ինձ հարց էին տալիս,հատկապես Ռուսաստանում՝ ինչո՞ւ դուք ռուսերեն լավ չեք խոսում,պատասխանում էի հումորով՝ասելով,որ,առաջին հերթին,ես Երեւան նոր եմ եկել Գյումրիից… Լենինականի ավանդական անունը, իհարկե, չգիտեին ու մտածում էին հայրենադարձ եմ։ Հետո ավելացնում էի՝մի բան չեմ հասկանում,ինչո՞ւ հայրենիք՝ родина բառը ռուսերեն լեզվի մեջ իգական սեռին է պատկանում,իսկ փայտոջիլը՝ клоп բառը՝ արականին։ Ավա՛ղ, վերջերս պարզվեց,որ ես հայերեն էլ չգիտեմ,նկատի ունեմ որոշ լեզվաբանների բառերը…

 Այս հնարքների բառարանն էլ տպագրվեց ։ Իսկ դուք գիտե՞ք,թե ինչ է նշանակում նշտարիկ կամ հողաբրբրթիչ,թե՝ որ մկրակելը մկրատով կտրել ու կարելն է,իսկ  շողիկ բառի իմաստը պզտիկն է։ Այս բառերը չիմանալու պատճառով իմ որդին՝ տաղանդավոր նկարիչը, մի տարի չի անցել գեղարվեստական ինստիտուտում ընդունվելու քննությունները, ու նրա հետ կտրվեց նաեւ 20 տարեկան մարզիկ-Եվրոպայի չեմպիոնը,որ զրկվեց հնարավորությունից կատարելագործվելու իր մասնագիտության մեջ…

Լեզու իմանալ-չիմանալը իմ անձնական գործն է,բայց ռուսերենը կամ ուրիշ լեզու չսովորելը քաղաքական նշանաբան դարձնելը,իմ կարծիքով,հազիվ թե նպաստավոր է մեր ազգի համար։

… Միացյալ Նահանգների պրեզիդենտ ընտրվելուց հետո Քենեդին պատասխանում էր լրագրողների հարցերին,երբ մեկը դիմեց նրան. «Կարո՞ղ եք մի խոսքով ասել, թե ի՞նչն է կարեւոր աշխարհի կեսը ղեկավարելու համար»։ «Հումորը»,- անմիջապես պատասխանեց նախագահը։ Ամեն մի դժբախտության մեջ մի ծիծաղելի բան կա,եւ եթե այդ տեսանկյունից մոտենաս Հայաստանում կատարվող դեպքերին,այնքան էլ դրանք սարսափելի չեն թվում։ Ազգը,որը ուժ է գտնում ինքը իր վրա ծիծաղելու,երբեք չի կորչի աշխարհի երեսից… Իսկ ծիծաղելու շատ բան կարելի է պատմել։

Անցնում եմ Օպերայի հրապարակի մոտով,ամբոխը գոռում է՝ գործադո՛ւլ,գործադո՛ւլ… Մի մարդ տեսնում է ինձ՝ վայ,ընկեր Մկրտչյան,բարեւ ձեզ,իսկ դուք գործադուլ չե՞ք անում ։ Ասում եմ՝ ես ոչ,իսկ դու վաղը երեխաներիդ ինչո՞վ ես կերակրելու։ Պատասխանում է՝ ես շաբաթ-կիրակի կաշխատեմ՝ամբողջ շաբաթվա գործ կանեմ։ Մտածեցի՝ ա՛յ քեզ գործադուլ, երկու օրվա աշխատավարձով ամբողջ շաբաթվա գործ է անում, Մոսկվայի իշխանությունները երջանիկ պետք է լինեն։

… Հյուրախաղերից նոր էի վերադարձել,որ ինձ պատմեցին,որ մի խումբ երիտասարդներ հացադուլ են հայտարարել, մինչեւ որ Մոսկվան Ղարաբաղը մեզ չտա,ու խնդրեցին նրանց հետ խոսեմ,համոզեմ,որ դադարեցնեն, չզոհվեն … Որոշեցի գնամ։ Մտնում եմ հրապարակ,տեսնում եմ՝ ձգած պարանով առանձնացված նստած են,պառկած են։ Հացադուլավորների ճիշտ կողքին ուսանողներն են, որոնք նստադուլ են հայտարարել,նրանց ծնողները գալիս են,խորովածներ ու քյաբաբներ են բերում։ Լավ առիթ է՝դասերի չեն գնում,համեղ ուտելիքներով նստած բողոքում են… Հացադուլ հայտարարածների շուրջը մարդիկ են  հավաքված։ Մի մասը պարանի ետեւից համոզում է՝ դադարեցնեն,մյուսները դիտորդներ են… Համոզողներից երկուսին ճանաչեցի՝Գերագույն Խորհրդի դեպուտատներ են, մեկը՝ կոմունիստը, կրծքին հարվածելով ասում է. «Նժդեհը գրում է, որ մեր ազգին երիտասարդներ են պետք,մենք երիտասարդներ չունենք,իսկ դուք նստած եք…»։ Լավ է խոսում, Նժդեհին է հիշել,երեւի բնակարան կամ նոր ավտոմեքենա է ուզում ստանալ։ Հայաստանում սովետական կարգերի ժամանակ Նժդեհի գրքերի անունն էլ արգելված էր,բայց բոլորս էլ գիտենք, թե ինչ առիթով ինչ է գրել Նժդեհը… Ես,օրինակ,Նժդեհի ու Ռուբեն Փաշայի  հատորները դեռ 65-ին Բեյրութում եմ կարդացել։ Ուրեմն՝ համոզում է,ինչպես կարող է։ Հացադուլավորներից մեկը ասում է նրան. «Ես արդեն դեպուտատ եմ, դուք հանգստացեք,հացադուլը վերջացրեք,ես հարցը նիստին կդնեմ,ձեր  ասածը կանեմ։ Մի խոսքով՝ ձեր ասածը կանեմ»։ Մի խոսքով՝ նրան էլ ճամփեցին։

Ես պարանի վրայով ներս մտա։ Դիտորդները «վա՛յ» արեցին։ Պարզվում է,որ ոչ ոք չէր համարձակվում պարանից ներս անցնել։

Հացադուլավորների ղեկավարը,մեջքը ժողովրդին,պառկել էր բարձունքի վրա։ Ոտքերին դրված էին ծաղիկներ,մեկը նվեր էր բերել։ «Դուք ի՞նչ է,օրիո՞րդ եք»,-ասացի ես ու ծաղկեփունջը նետեցի ամենամոտ կանգնած կնոջը։ Ի՛նչ կատարվեց ժողովրդի հետ. «Վա՛յ,երեխաների ծաղիկը վերցրեց,դուրս գցեց»։ Իմ ձայնը ճանաչելով՝ ղեկավարը շրջվեց. «Մհեր ջան,ընկեր Մկրտչյան,դու էլ ես եկել համոզելու,որ դադարեցնե՞նք»։ «Ոչ»,- ասացի ու նստեցի նրա կողքին։ Երբ նստեցի,պարանի մյուս կողմից լսեցի. «Նա կհամոզի»։ «Երբեք չեմ էլ փորձելու,- շարունակեցի ես,- Գոբին Իռլանդիայում հացադուլ հայտարարեց,64 օր դիմացավ: Մահամերձ էր, երբ նրա մորը դիմեցին խնդրանքով,թե որդուն գոնե ջուր տա։ Նա պատասխանեց, որ՝  հանուն Իռլանդիայի չեմ տա,թող մեռնի, եւ Գոբին զոհվեց։ Այնպես որ,պետք է դիմանանք։ Քանի՞ օր եք հացադուլ անում»։ Պատասխանեցին՝ յոթերորդ օրն է։ Խոսում ենք,ես էլ ժողովրդին եմ նայում… Մոտենում են մարդ ու կին։ Զգացվում է,իրար բացարձակապես չեն սիրում,բայց այստեղ թամաշա է։ Կինը լալով ընկնում է ամուսնու ուսին՝ «Ա՛հ,այս ի՛նչ երեխաները մեղք են»։ Ամուսինն էլ՝ «Փիսիկ ջան,հանգստացի»։ «Նաիրի» կինոթատրոնից են եկել,ֆիլմը դիտելուց,իրենց դերերը պատրաստած են եկել… Շարունակում եմ. «Հացադուլը չդադարեցնեք,դիմացեք»։ Գլխավոր հացադուլավորը մեկ էլ խոսքը ինչ տանի-բերի եւ ինչ ասի,որ լավ լինի։ Ասում է. «Ախր ես ստամոքսի խոց ունեմ»։ «Ոչինչ,- ասացի,- դիմացեք,ես ձեզ կասեմ՝ երբ դադարեցնեք»։ «Իսկ դուք որտե՞ղ եք լինելու»։  «Ես թատրոն եմ ստեղծել,նոր եմ հյուրախաղերից վերադարձել,վաղը նորից պետք է շրջաններ մեկնեմ՝սկզբից Արտենիի գյուղերը հետո Մարալիկ,այնտեղից  Լենինական։ Տեքստիլ կոմբինատի եւ կայարանի ակումբներում պետք է խաղամ։ Վերջինն էլ,հավանական է,որ Ախալքալաք գնամ…»։ «Այդքան ինչպե՞ս դիմանանք,- արդեն նրանք ինձ են համոզում,- իսկ եթե ուշանա՞ս»։ «Դե՝որ ուշ գամ,- ասացի,- հացադուլը դադարեցրեք ու,գիտեք ինչ,աշխատեք գեղեցիկ դուրս գալ այստեղից»։ «Ինչպե՞ս գեղ՚եցիկ»,- զարմացան։ «Ասենք՝ գիշերը մոմեր վառեք ու շեփորի նվագի տակ,չէ,գիշերը շեփորը կխանգարի,ավելի լավ է դուք մի անծանոթ երգ քթի տակ երգելով,մոմերը ձեռքներիդ,հանկարծ բոլորդ ոտքի կանգնեք ու միակերպ,դանդաղ քայլերով,դուրս եկեք հրապարակից»։ Ձեւերն էլ ցույց տվեցի. «Հասկացա՞ք։ Դե լավ, ես գնացի»։ … Մտածում էի՝ մեկ ամսից կվերադառնամ, բայց հյուրախաղերս մոտ երկու ամիս տեւեցին։ Աշխատում էի՝ ցերեկները հանդիպումներ,երեկոյան՝ ներկայացումներ… Երբ Երեւան վերադարձա,հիշեցի հացադուլավորներին, գնացի հրապարակ… Հրապարակում մարդ չկար…  

Շարունակելի