Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում,մեր դարաշրջանի վերջին տասնամյակները բնորոշող օրինաչափություններով է պայմանավորված։ Քաղաքականության մեջ,եւ ոչ միայն, արվեստում էլ,անցյալ են դառնում բոլոր «իզմերը»։ Ֆելինի,Կուրոսավա,Բերգման,Անտոնիոնի,նրանք ասել են իրենց խոսքը։ Ինձ թվում է,արդեն սկսվել է շարժում դեպի ետ,դեպի սեփական արմատները,դեպի ազգայինը,որ նոր զարգացման հզոր խթան կլինի… Իհարկե,յուրաքանչյուր մեծ հերթափոխ իր հետ բերում է մակարդակի անկում։ Այդպես էր 25-30 տարի առաջ, սակայն վերջնական փլուզում չի լինի։ Հոգում ծնվածն անհետ չի կարող կորչել,միայն թե մեր գլխին երկրորդ Աֆղանստան չկրկնվի։ Հանկարծ դուրս չգա,որ այս ամբողջ արյունն ու զոհերը իզուր էին,անտեղի։ Հացի,վառելիքի,լույսի, գազի,տաքության ու ապրուստի բացակայությունն այնքան սարսափելի չէ,որքան այդ ահավոր զգացումը։ Իհարկե, եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի,մենք հազարամյակների խնդիր կլուծենք։ Հակառակ դեպքում… Տեղին է Ֆուկեի իմաստուն խորհուրդը՝ միտքդ եկածն իսկույն մի արտահայտիր,մի քիչ սպասիր։ Լավ խորհուրդ է,հատկապես նրանց համար,ովքեր ոգեւորությամբ գոռում էին՝ գործադո՛ւլ,գործադո՛ւլ… Նրանցից հիմա մեկը չկա,որ կանգնի «Ազատության հրապարակում» եւ կոչ անի՝ աշխատանք։ Նրանց համար՛ որոնք որ անմիտ պնդում էին,որ փակվեն գործարանները,ամենամեծը՝ Նաիրիտը,ժողովուրդը մեղք է,թունավորվում է…. Իսկ քանի միլիոններ ծախսեցին ատոմակայանը փակելու եւ ամբողջ Հայաստանի տարածքով մեկ մթություն հաստատելու համար,եւ քանիսը կպահանջվի բացելու համար… Ալավերդիի հանքերը… Կարծես այս շրջանի բնակչությունը կոտորվում էր… Իհարկե,կային հատուկ արտադրամասեր,բայց նրանք կան ամբողջ աշխարհում։ Պետությունը,որը 126 երկրի հետ պայմանագիր է կնքում պետք է նոր գործարաններ բացեր,ոչ թե ունեցածը կորցներ։ Իսկ եթե մեկը մտածում է,որ «Ջերմուկ» ծախելով Հայաստանը կարող է գոյատեւել,հաշվե՞լ է ինքը՝ բավակա՞ն է արդյոք շշերի քանակը,որ այս ջուրը մեջը լցնես,վաճառես այն ու ստացած եկամտով ժողովրդին պահես…
… Ես անկեղծ կարծում եմ,որ քաղաքականությունը տաղանդավոր մարդկանց մեծ արվեստ է։ Հաճախակի մեջս վախ է մտնում,երբ որ հեռուստացույցով տեսնում եմ «քաղաքական» գործիչներին,որոնք անչափ վատ դերասաններ են։ Շատերը շատ արագ են մոռանում,թե երեկ իրենք ո՞վ էին եւ իրականության մեջ ինչի՞ են պիտանի։ Հիշում եմ մի դեպք,որը պատահեց ինձ հետ Հնդկաստանում։ Ջայփուր քաղաքում,որտեղ նկարահանվում էի «Ալի Բաբան եւ քառասուն ավազակները» ֆիլմում,անասելի շոգ էր,երկնքից կրակ էր թափվում… Իմացա,որ մոտակայքում հայկական եկեղեցի կա,ճշտեցի հասցեն ու որոշեցի այցելել։ Վարձեցի «ռիկչա», Church Armenia, ասացի ես,այսինքն՝ հայկական եկեղեցի,ok՝ պատասխանեց կառքի նման,երեքականի այս հեծանիվի վարորդը։ Go՝ կարգադրեցի ես, գնա՛։ Ու էս աղքատ խեղճ,բայց սիրունիկ երեխան սկսեց պտտեցնել ոտնակները… Այդ ի՛նչ տառապանք էր,ո՛նց էր կռանում ու ետ գալիս,ու տնքում էր քրտինքի մեջ կորած,իսկ մեջքի ոսկորները այնպես էին ցցվել,որ քիչ էր մնում կաշին պատռվեր։ Չդիմացա, Problem՝ գոռացի։ Պրոբլեմը սարսափելի բառ էր ռիկչայի համար,որը նշանակում էր, որ ես դժգոհ եմ։ No problem, no problem, Mister, no…,- աղաչում էր ինձ։ Stand up ասելով՝ ես գրկեցի նրան,նստեցրի իմ տեղը,ես էլ՝ հեծնելով վարորդի ղեկին սկսեցի քշել ամբոխի,հեծանիվների,ավտոմեքենաների ժխորի միջով։ Չեք պատկերացնի,թե ինչ կատարվեց, երբ տեսան մեզ։ Խախտվեց ամեն ինչ,մարդիկ սարսափած իրար էին նայում, հետո սկսեցին ցույց տալով մեզ բղավել՝ What is this ? այսինքն՝ այդ ի՞նչ է։ Կարծես աշխարհը շուռ էր եկել նրանց համար, որ տեսան սա՝ ահավոր մի բան՝ լավ հագնված,փողկապով,ուրեմն մեծահարուստ, գեր արտասահմանցին տանում է կիսամերկ աղտոտ ռիկչային։
Սկզբից երեխան դողում էր,աղաչում՝ տեղս վերադառնամ։ Կամաց-կամաց համակերպվեց, հետո ընտելացավ այնքան,որ այս աղմուկ-աղաղակի մեջ գոռալով ցուցումներ էր տալիս՝ աջ,ձախ,ուղիղ… Ավելին՝ հրամայում էր…
What is your name? – բղավեցի ես՝ հարցնելով ռիկչայի անունը։ I am Pakrash,- ցնծության մեջ տղան փայլատակում էր։ Ես ձեւացրի,թե չեմ լսում, ու ստիպեցի կրկնել։ Երեխան ամբողջ կոկորդով գոռում էր՝ I am Pakrash։ Ես Պակրաշն եմ,ես Պակրաշն եմ,- գոռում էր նա ու հեղափոխվում,ես մի քանի վայրկյանում զգացի հեղափոխական լինելու հաճույքը։ Երբ տեղ հասանք,երեխան միանգամից սթափվեց,հասկացավ, որ միայն մեկ-երկու րոպեով դարձավ սահիբ,եւ մնացած ամբողջ կյանքը պետք է պտտեցնի հեծանիվի ոտնակները,ու տխրեց։ Եվ այսպես պատահում է ոչ միայն Հնդկաստանում եւ ոչ միայն ռիկչաներին…
Վախենում եմ այն գործիչներից,որոնք Ղարաբաղը դարձնում են մարդ որսալու խայծ։ Քննարկում են՝ Ղարաբաղը մե՞րն է եղել,թե՞՚ ոչ… Մի պատմաբանի նույն հարցով դիմեցի՝ ծիծաղեց. «Մերն է եղել,պարսիկներինն է եղել,ռուսներինը։ Դարից դար՝ ամեն տարի,ամեն գարուն պատերազմ էր սկսում,ու մենք այս մելիքությունները ավելի հաճախ էինք նվաճում… Հետո՝ Ադրբեջանը ընդհանրապես չի եղել,ուրեմն մերն էր»։
Քննարկում են ու մոռանում,որ Ղարաբաղը հողատարածք չէ,ոչ էլ հայկական խաղալիք։ Այնտեղ մարդիկ են ապրում՝ հայերը պատերազմում եւ արյուն են թափում՝ դա է կարեւորը։
Միտինգներին մասնակցելուց միշտ խուսափել եմ։ Իսկ եթե գնում էի,վերջին շարքերից էի լսում… Այստեղ էին տեղ գտնում խելք ունեցող տղաներ-աղջիկները,մեր վաղվա մտավորականությունը։ Առջեւում՝ նախ վառ նշանաբաններ գոռացող հայրենասերներն էին,երկրորդ շարքը՝ համախոհները՝ Լենինի ու Գարբաչեւի նկարները ձեռքներին, երրորդը՝ պարապ մարդիկ,ամենաշատն էին։ Ամբողջ մի հրապարակ նրանք էին,որոնք թամաշայի էին եկել։ Եվ միայն չորրորդն էր՝ վերջինը,որին համակրում էի ես։
Մի օր ինձ խնդրեցին,որ խոսեմ ամբիոնից։ Հրաժարվեցի,ամբոխը,որը չհասկացավ ո՛չ Սիլվա Կապուտիկյանին,ո՛չ Վիկտոր Համբարձումյանին ու սուլելով ճանապարհեց նրանց, ինձ չէր հասկանա։ Էլ ինչո՞ւ խոսեի։ Վախենում եմ նաեւ շատ նշանաբաններից,որոնց իմաստը չէի հասկանում։ Օրինակ՝ «Հայացե՛ք»։ Չեմ հասկանում՝ ինչպե՞ս պետք է հայանամ,եթե տարիներ շարունակ տարբեր երկրներում իմ ստեղծած կերպարներով էին մարդիկ հասկանում, թե ինչ է նշանակում հայ լինելը։ Պատկերացնո՞ւմ եք,մի հավը մյուսին ասում է՝ հավացի,կամ էլ առյուծը՝ առյուծին … Իսկ հայը հային ասում է … Ավելին՝ ուզում է սովորեցնել հայ լինելը։ Ես միշտ Մկրտչյանն եմ եղել ու ամբողջ աշխարհով մեկ՝ Ասիայով,Եվրոպայով,Ամերիկայով տարածել եմ այս Մկրտչյանը՝ ասելով որ ես հայ եմ ։ Ու աշխարհը իմացավ, որ հայը երկու ոտանի է,քիթ ունի եւ աչքեր,որտեղ էլ գնա՝ ներս է մտնում ու… տեսնում։ Նայում է այս մարդը ու տեսնում… Հետո՝ անսահման երեւակայություն ունի…
Մյուս նշանաբանը «Միացե՛ք»։ Ո՞վ ում հետ միանա։ Հայը հային՝ վագրը վագրին ինչպես միանա։ Դերենիկ Դեմիրճյանը լավ է գրել,որ հայը պետք է մի հայ թշնամի ունենա։ Իսկապես,ինչպե՞ս հայը մինչեւ կյանքի վերջը մի հայ թշնամի չունենա… Իսկ եթե հարցը սփյուռքի մասին է,հիշեցնեմ,հրեաները,երբ քվեարկում էին՝ պե՞տք է ազգին Իսրայել պետությունը,թե՞ ոչ, ընդամենը 6 ձայնի գերակշռությամբ հարցը լուծում ստացավ։ Շատերն էին դեմ՝ ասելով,թե ինչու մենք մեր հասցեն հայտնենք,ամբողջ մոլորակը մերն է, ինչ կարիք կա մի տեղ հավաքվելու։ «Մենք ուզում ենք մեծ միացյալ հայրենիք ունենալ»,- այս ասում ենք,որ աշխարհը իմանա ու չմոռանա,որ ամեն տեղ հայ կա։
Շարունակելի