կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-26 09:05
Առանց Կատեգորիա

Ինչո՞ւ ԲՀԿ խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը. «Հրապարակ»

Ինչո՞ւ ԲՀԿ խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը փետրվարի 11- ին հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մա­սին եւ հայտարարեց, որ այսուհետ որպես անկախ պատգամավոր է հանդես գալու: Պատճառը նա չբա­ցատրեց, միայն գրեց. «Բազմաթիվ իրադարձություններ, վերջին տա­րիների ընթացքում գոյացնելով մի իրավիճակ, որն անպայման պետք է փոխվեր, ստիպեցին վերջապես կայացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում»: Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը:

«Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հա­յաստան» խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճա­նապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքները համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումների հետ: Այդ իսկ պատճառով, այս պահից սկսած՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս իր գործունեությունը շարունակե­լու է անկախ պատգամավորի կարգավիճակով»,- ասվում է ԲՀԿ հայտարարության մեջ:

Եվ չնայած իր հայտարարության մեջ Ուրիխանյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին եւ խմբակցության գործընկերներին, սակայն պարզ է, որ նա ինչ-որ բանով արժանացել է Գագիկ Ծառուկյանի զայրույթին եւ հեռացվել խմբակցությունից:

Ավելին՝ տե­ղեկություններ կային, որ Գագիկ Ծառուկյանը նրա ձեռքից վերցրել է մանդատը եւ անգամ որոշած է եղել նրա պատգամավորական լիազորությունները դադարեցնել, սակայն դա չի արել միայն այն պատճառով, որ Ուրիխանյանից հետո մանդատ ստանալու հերթը Մարինա Խաչատրյանինն է, ով հայտնի է իշխանություններին եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանին դաժանաբար քննադատելու մոլուցքով, իսկ Ծառուկյանը նոր պրոբլեմներ չի ուզում ունենալ:

Այս փաստը Տիգրան Ուրիխանյանը հերքում է: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Ծառուկյանը բարձր բարոյական արժեհամակարգի տեր անձնավո­րություն է»: Ապա հավելեց, որ այդ խոսակցությունները բացարձակ ոչ մի կապ չունեն իրականության հետ եւ որ իր համար անակնկալ են: «Իրականությանը ոչ միայն չեն համապատասխանում, այլեւ դրա համար հող էլ չկա, ու խոսելն էլ է անիմաստ»: Պատգամավո­րին հարցրինք՝ այնուամենայնիվ, անհասկանալի մնաց, թե ինչու դուրս եկաք խմբակցությունից: Նա բացականչեց. «Ինչպես թե, ձեր կայքը, ձեր թերթը նույնիսկ գրեց, թե ինչու՝ առանձին, ուրույն քա­ղաքական կուրս իրականացնելու համար»:

Փաստորեն, չէիք կարո­ղանում ԲՀԿ-ի հետ, չէր ստացվում, հարցրինք նրան: «ԲՀԿ-ի հետ, ինչ­պես նշեցի, անցել ենք շատ դժվա­րին, շատ փշոտ, բայց, միեւնույն ժամանակ, հետաքրքիր ժամանակ, որի արդյունքում, կարծում եմ, շահել են շատ ու շատ քաղաքացի­ներ, եւ շատ բան հաջողվել է անել»: Եվ, Ուրիխանյանի խոսքով առանձին կուրս իրականացնելու համար անհրաժեշտ են առանձին գործեր: Անհամբերությամբ սպասում ենք այդ նոր՝ «առանձին» գործերին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։