կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-27 11:33
Քաղաքական

Ինչո՞ւ է իմ հարցին պատասխանում ԱԺ փոխխոսնակը. Տիգրան Ուրիխանյանը մի քիչ նեղվեց

Ինչո՞ւ է իմ հարցին պատասխանում ԱԺ փոխխոսնակը. Տիգրան Ուրիխանյանը մի քիչ նեղվեց

Այսօր` ԱԺ-ում 2013թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց զեկուցող` ԱԺ աշխատակազմի տեղակալ Էրիկ Մինասյանին ԱԺ պատգամավորների գործուղումների վերաբերյալ: Նա նշեց, որ կարևոր աշխատանք իրականացնող և կարևոր գործուղումների մեկնող պատգամավորներին հատկացվող ծախսերը էականորեն կրճատվել են, տնտեսվում են անգամ օրապահիկների ծախսերը, և հաճախ խնդիրներ են առաջանում` գործուղումների հետ կապված, ուրեմն` ո՞րն է դրա բացատրությունը:

 

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը նշեց, որ գործուղումներին հատկացվել է 350 մլն դրամ, որը կատարվել է, և նույնքան գումար նախատեսված է 2014թ. համար:

 

«Հաճախ դժվար է կանխատեսել գործուղումների քանակը, ահա` ինչու լինում են տնտեսումներ` օրապահիկների և գործուղումների հետ կապված: Օրապահիկը հաշվվում է միայն այդ օրվա համար, և քանի որ չվերթեր են լինում մեկ օր շուտ կամ ուշ` տեխնիկական խնդիրների պատճառներով, չենք կարող հաշվարկել օրապահիկը մեկ օր շուտ կամ ուշ»,- պարզաբանեց նա:

 

Տիգրան Ուրիխանյանի հարցին շտապեց արձագանքել նաև ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: «Փորձեցի հիշողությունս տնտղել ու տեսնել, թե ո՞ր կոնկրետ դեպի մասին է խոսում իմ կոլեգան` այն ներկայացնելով որպես հաճախակի ներկայացվող դեպք, բայց ուզում եմ ասել, որ դա այդքան էլ այդպես չէ: Ուրիշ հարց է, որ գործուղումների հետ կապված ծախսերնը այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը, բայց խնդիրներ կամ տնտեսում, գործուղումների հետ կապված, չկա»,- ասաց նա:

 

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «Այս քննարկումները կազմակերպվել են նրա համար, որ պատգամավորները ազատորեն հնչեցնեն հարցեր և ստանան պատասխաններ: Ես էլ հնչեցրեցի կոնկրետ հարց` գործուղումների ֆինանսավորման հետ կապված: Ցավոք, թե` բարեբախտաբար, ամենայն հայոց Ազգային ժողովի ամենայն հայոց աշխատակազմի ղեկավարը հիմա այլ աշխատանքի է, հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ է հարգարժան փոխխոսնակը պատասխանում այդ հարցին»:

 

Ի դեպ, նշենք, որ երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակված, նախկին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը միայն հինգ րոպեով ներկայացավ քննարկումներին: Մինչ այդ ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր նախկին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին` Գուրգեն Դումանյանը, ով ներկայումս նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ: