Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զորավարի ծննդյան 155-ամյակը թանգարանում այս տարի նշում ենք պատմաբանների, արվեստագետների, դպրոցականների հետ միասին, քանի որ տարին հոբելյանական է. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի տնօրեն Ժորժետա Բեգլարյանը՝ նշելով, որ երբ նախաձեռնվում էր թանգարան ստեղծելու գաղափարը՝ կասկած չկար, որ Երևանը կարիք կունենա Անդրանիկի և մյուս ֆիդայիների գործունեությունը ներկայացնող թանգարանի:
Թանգարանը բացվել է 2006 թ.՝ Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի, Գևորգ Ղարիբջանյանի, Վաչե Նալբանդյանի և Ռուբեն Մաթևոսյանի աջակցությամբ: Թանգարանի հիմնադիրները տիկին Բեգլերյանն է և նրա ամուսինը՝ հայտնի արձակագիր, հրապարակախոս Իլյիչ Բեգլարյանը, ովքեր թանգարանի մասունքները հավաքել են 30 տարիների ընթացքում:
«Թանգարանն այցելուների պակաս չի ունենում, քանզի մեծ է հետաքրքրությունը Անդրանիկի հանդեպ: Այն համարվում է Անդրանիկի կենտրոնը, որոշներն այն անվանում են «Անդրանիկյան վերնատուն»: Այցելուները մեծ ակնածանքով են վերաբերվում ամեն մի մասունքի և հարստանում են անդրանիկյան խոհերով», - նշում է տիկին Բեգլարյանը:
Իլյիչ Բեգլարյանը բազմաթիվ մասունքներ բերել է Բուլղարիայի Վառնա քաղաքից, որտեղ ժամանակին բնակություն էր հաստատել մեծ զորավարը: Այդ մասունքները թանգարանին նվիրաբերել է Անդրանիկ Օզանյանի հորեղբոր թոռը՝ Պերճ Օզանյանը, որը մեծ ակնածանքով է պահել դրանք: Վառնայի այդ փոքրիկ տանը, որն Անդրանիկը իր ձեռքով էր կառուցել, ապրում էր Անդրանիկի կնոջ աղջիկը (երբ Անդրանիկը ամուսնացել էր Նվարդի հետ՝ երեխա չեն ունեցել):
Ժորժետա Բեգլարյանը մեզ ներկայացրեց Անդրանիկ Օզանյանի՝ թանգարանում պահվող եզակի մասունքները: Դրանցից մեկը նրա անձնական Աստվածաշունչն է, որի վրա երդվել են ֆիդայիները:
Անդրանիկի անձնական իրերից ամենաուշագրավը կարելի է համարել նրա թուրը. «Դա նրա ձեռքի օգտագործման թուրն էր: Ընդհանրապես ունեցել է 6 թուր՝ երկուսը պահվում են Պատմության թանգարանում, մեկն այստեղ է, իսկ մնացածի ճակատագրերը անհայտ են», - նշում է տիկին Բեգլարյանը՝ շարունակելով ներկայացնել թանգարանում պահվող մյուս մասնունքները:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.