կարևոր
3328 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-19 13:04
Հասարակություն

Կառավարությունը կհուղարկավորի զոհերի մասունքները․ ծնողները հրաժարվում են վերցնել․ «Հրապարակ»

Կառավարությունը կհուղարկավորի զոհերի մասունքները․ ծնողները հրաժարվում են վերցնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«2020 թվականի պատերազմից անցել է երեք տարի, սակայն պարզվում է՝ դատաբժշկական կենտրոնի սառնարաններում դեռ չհուղարկավորված, ծնողներին չհանձնված մասունքներ կան: «44-օրյա պատերազմում զոհված բոլոր այն զինծառայողների մասունքները, որոնք ծնողները հրաժարվում են վերցնել, կառավարությունը պատրաստվում է հուղարկավորել»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ հնարավոր չէ անգամ սառնարանային պայմաններում կանխել մասունքների քայքայումը։ «Կան մարմիններ, որոնց նույնականացումը հաստատվել է մի քանի անգամ, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ դատաբժշկական կենտրոնում, այլեւ այլ երկրներում իրականացված անկախ փորձագիտական եզրակացություններով... ունենք այն, ինչ ունենք»,- նշեց Ավանեսյանը։

Եթե այդքան արժանահավատ են ԴՆԹ փորձաքննության արդյունքները, ապա ո՞րն է պատճառը, որ ծնողները հրաժարվում են վերցնել իրենց որդիների մասունքները եւ հողին հանձնել։ Ավանեսյանն ասաց․ «Բավականին բարդ հոգեբանական վիճակում են գտնվում հարազատները: Չեմ կարող ասել, թե կոնկրետ որն է պատճառը։ Մի ցավալի իրողություն էլ կա՝ որքան ժամանակն անցնում է, այդքան ավելի է բարդանում իրականության հետ համակերպվելը, իրողություններն ընդունելը եւ հարազատի աճյունը վերցնելը»։ Այսինքն՝ ծնողները հրաժարվում են հավատալ, որ այդ մասունքներն իրենց զավակներին են պատկանում, գուցե նաեւ չեն վստահում ԴՆԹ անալիզների արդյունքներին:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները պահվում են առողջապահության նախարարության դատաբժշկական կենտրոնում՝ սառնարանային պայմաններում։ Ավանեսյանը շեշտում է՝ բայց անգամ այդ դեպքում մասունքների քայքայման վտանգ կա։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ պետությունը կազմակերպի զինվորների մասունքների հուղարկավորումը, Ավանեսյանը չբացառեց՝ հարցը քննարկվել է։

«Այո, անգամ սառնարանային պայմաններում քայքայման պրոցեսը հնարավոր չէ կանխել, հետեւաբար՝ քննարկվել է հուղարկավորելու հարցը։ Որոշակի մեխանիզմներ, դրա իրականացման ճանապարհներ քննարկվել են, մենք կանցնենք նաեւ գործնական փուլի։ Ուղղակի անհնար է տարիներով աճյունները պահել սառնարանային վիճակում, դրանք պետք է հողին հանձնվեն՝ հետեւելով մեր հավատամքին եւ քրիստոնեական կանոններին»,- նշեց նա։
Առողջապահության նախարարը հայտնեց, որ նույնականացման փորձաքննություն է գնում՝ նաեւ սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված զինծառայողների մարմինները ճանաչելի դարձնելու համար։ «Այս պահին ընթանում են ճանաչման եւ նույնականացման գործընթացներ, հարազատներ ունենք, որ արդեն հանձնել են ԴՆԹ փորձաքննություններ»,- հավելեց նա։

Քանի որ բոլոր փորձաքննություններն իրականացվել են քննչական գործողությունների շրջանակներում, եւ բոլոր ապացույցները հրապարակվում են Քննչական կոմիտեի համաձայնությամբ եւ իրենց կողմից, հետեւաբար, հարցում ենք արել՝ պարզելու, թե սառնարաններում այս պահին քանի զինվորի նույնականացված մասունք է պահվում։ Պատերազմից 3 տարի է անցել, բայց մենք դեռեւս խոսում ենք զոհերին նույնականացնելու, հուղարկավորելու, անհետ կորածներին գտնելու խնդիրներից»:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։