Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հայ-իրանական ցամաքային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցումը Հայաստանի տնտեսության վրա կարող է ունենալ կարճաժամկետ ու երկարաժամկետ բացասական հետեւանքներ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Մասնագետի խոսքով, առեւտրաշրջանառության ոլորտի վրա ցամաքային հաղորդակցության ժամանակավոր դադարեցումը էական ազդեցություն չի ունենա, սակայն ռիսկեր կան զբոսաշրջության ոլորտի համար։
2019 թվականի ընթացքում Հայաստանը Իրանից ներկրել է մոտ 270 միլիոն դոլարի ապրանք՝ հիմնականում գազ, պարարտանյութեր, պլաստմասսե իրեր , նավթամթերք, ցեմենտ եւ այլն։ Արտահանմանդոլար ծավալը նախորդ տարի կազմել է 90 միլիոն դոլար, որի 90 տոկոսը բաժին է ընկել էլեկտրաէներգիային, որը, Սուրեն Պարսյանի խոսքով, սահմանի փակ լինելուց կախված չէ։ Էլեկտրաէներգիայից բացի Հայաստանը Իրան է արտահանել ոչխարի միս, մետաղի ջարդոն եւ այլն, ինչը շուրջ 10 միլիոն դոլար է կազմել։
«Եթե սահմանը փակվում է, մեր հիմնական արտահանվող ապրանքն էլեկտրաէներգիան է, որի հետ կապված ռիսկեր չկան, իսկ ոչխարի մսի, մետաղի ջարդոնի շրջանառության վրա 2-3 շաբաթով սահմանի փակ լինելը ազդեցություն չի թողնի»,-բացատրեց տնտեսագետը։
Սուրեն Պարսյանի խոսքով, խնդիրներ կարող են առաջանալ զբոսաշրջության ոլորտում։ Այստեղ զբոսաշրջիկների թվի կրճատման ռիսկ կա։ «Մարտ ամսին մենք ունենում ենք 30-50 հազար իրանցի զբոսաշրջիկներ, որոնց թիվը տարեցտարի նվազում է՝ պայմանավորված Իրանի սոցիալ-տնտեսական իրավիճակով։ Հիմա, այս տարի, այդ թիմը էականորեն կնվազի նաեւ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված»,-շեշտեց Սուրեն Պարսյանը՝ չբացառելով, որ կարող է ստեղծվել իրավիճակ, որ այս տարի առհասարակ իրանցի զբոսաշրջիկներ չայցելեն Հայաստան։
«Կարճաժամկետ ռիսկը, որ Հայաստանը կարող է ունենալ, դա զբոսաշրջիկների թվի կտրուկ նվազումն է, ինչը բնականաբար իր ազդեցությունը կթողնի հյուրանոցային տնտեսության, զբոսաշրջային տնտեսության, հանրային սննդի ոլորտների վրա եւ այս առումով մեր հյուրատները կունենան կորուստներ։ Դա պետք է փորձել վերականգնել ամռան ամիսների ընթացքում»,-ասում է Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետի խոսքով, եթե իշխանությունը կարողանա չեզոքացնել կորոնավիրուսի տարածումը Հայաստանում, կարճաժամկետ ռիսկերը հնարավոր կլինի փոխհատուցել գարնան ու ամռան ամիսներին այլ երկրներից սպասվող զբոսաշրջային հոսքով, հակառակ դեպքում զբոսաշրջության ոլորտում կորուստներն ավելին կլինի, քանի որ վիրուսի՝ Հայաստան ներթափանցելու պարագայում այլ երկրների զբոսաշրջիկները եւս չեն այցելի մեր երկիր։
«Մենք պետք է հիմա փորձենք այդ վիրուսի դեմն առնել, որպեսզի գարնան եւ ամռան ամիսներին մեր հիմնական զբոսաշրջային հոսքերը կարողանանք անվտանգ ապահովել. «Հիմա զբոսաշրջիկը երկիր ընտրելիս տեսնում է՝ տարածաշրջանում կա՞ նման վիրուս, թե ոչ։ Այս ուղղությամբ բոլոր քայլերը պետք է հնարավորինս օպերատիվ ձեռնարկել, որպեսզի բոլոր ռիսկերը զբոսաշրջային սեզոնում չեզոքացած լինեն»։
Սուրեն Պարսյանը նաեւ նշեց, որ 2019 թվականի հոկտեմբերից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ -Իրան ազատ առեւտրի համաձայնագիրը, որը ապրանքների արտահանման ու ներմուծման համար արտոնություններ է սահմանում, մինչդեռ Հայաստանի իշխանությունները, ըստ մասնագետի, այդ հնարավորությունից առայսօր չեն օգտվել։
«Ցավոք, այդ վիրուսով պայմանավորված, չենք օգտվի նաեւ մոտակա ժամանակաշրջանում, ինչը շատ բացասական է, քանի որ այդ պայմանագիրը լավ հնարավորություններ է տալիս։ Կառավարությունը պետք է դրան վաղուց նախապատրաստվեր, քայլեր աներ, ցավոք, այդ քայլերը չեն երեւում, բիզնեսին տեղեկացնելու քայլեր չեն արվում եւ կարծում եմ, որ իրավիճակն ավելի է վատթարանալու»,-նշեց Սուրեն Պարսյանը։
Նշենք, որ կառավարության որոշմամբ, Հայաստանը երկու շաբաթով կդադարեցնի Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցությունը, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կկիրառվի ոչ ամբողջական սահմանափակումներ։
Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքով տեղեկացրել է նաեւ, որ Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: Հավելենք, որ ըստ Փաշինյանի հրապարակած տեղեկատվության, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չկա, Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար։