կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-19 13:38
Տնտեսական

Իրանում արժույթի արժեզրկումը հանգեցրել է Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների թվի նվազման. իրանագետ

Իրանում արժույթի արժեզրկումը հանգեցրել է Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների թվի նվազման. իրանագետ

Իրանի առջև ծառացած տնտեսական խնդիրներն իրենց բացասական ազդեցությունը թողեցին հայ-իրանական հարաբերությունների ամենազարգացած ոլորտի՝ զբոսաշրջության վրա: Մասնավորապես` Իրանում սեփական արժույթի արժեզրկումը, որը լուրջ խնդիրներ առաջացրեց արտարժույթի ձեռք բերման հարցում, հանգեցրեց Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների թվի նվազման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

«Այս առումով, իհարկե, Հայաստանը բացառիկ երկիր չէր: Այն երկրները, որոնք տարվա ընթացքում  «հագեցած» են լինում իրանցի զբոսաշրջիկներով, տուժել են: Բացառություն է եղել միայն Վրաստանը. այստեղ, ավիաթռիչքների էժանացմամբ պայմանավորված, իրանցի զբոսաշրջիկների թվի նվազում չի նկատվել, անգամ` արտարժույթի փոխարժեքի տատանումների պարագայում»,-մանրամասնեց իրանագետը:

Տոնոյանը հիշեցրեց նաև Վրաստանի տարածքից իրանցի զբոսաշրջիկների արտաքսման և  վրացական սահմանին  մուտքի թույլտվություն չտալու փաստերը, որից հետո Իրանի ղեկավարությունը կոչ արեց իր քաղաքացիներին` 2019-ին չհանգստանալ Վրաստանում, և  նշեց, որ   ճիշտ քաղաքականություն որդեգրելու դեպքում Հայաստանը կարող է վերականգնել իրանցի զբոսաշրջիկների հոսքի երբեմնի մակարդակը:

Հանդիպմանը ներկա իրանագետ  Գարիկ Միսակյանն առանձնացրեց Իրանի առջև ծառացած`  բանկային համակարգի  խնդիրները, որոնք առաջացել են ԱՄՆ-ի կողմից այս ոլորտին առնչվող պատժամիջոցների հետևանքով, երբ պատժամիջոցների տակ են հայտնվել իրանական բոլոր բանկերը, այդ թվում՝ ԿԲ-ն: Բանկային համակարգի դեմ սանկցիաները ենթադրում են գործարքների արգելք:

«Իրանը փորձեց ԵՄ-ի հետ տնտեսական միջանցք ստեղծել գերմանական բանկերի միջոցով, որոնք համաձայնել են շարունակել համագործակցությունը Իրանի հետ»,- հայտնեց Միսակյանը:

Ինչ վերաբերում ՀՀ բանկային համակարգի հետ կապված խնդրին, երբ որոշ բանկեր հրաժարվեցին հաշվեհամարներ բացել իրանցիների համար, ավելին` գործողները փակվեցին, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց Իրանում,  իրանագետն ընդգծեց, որ թեև ԿԲ-ն հերքեց այս փաստը, սակայն Իրանի անհանգստությունը մնաց:

«Թեև ասում են, որ  48 տոկոսով ավելացել է հայ-իրանական ապրանքաշրջանառությունը,  բայց տնտեսական հարաբերությունները դեռ քաղաքականի  մակարդակին չեն, քանի որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը չի գերազանցում 300 մլն դոլարը»,- ամփոփեց Միսակյանը: