կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-17 12:17
Քաղաքական

Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ. Արթուր Վանեցյան

Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ. Արթուր Վանեցյան

Ազգայինն անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախաձեռնող Արթուր Վանեցյանը Aravot.am-ի  հետ զրույցում անդրադարձել է բանակում գրանցված կորուստներին։

Պարոն Վանեցյան, տարին սկսվեց ներբանակային մտահոգիչ սպանություն-ինքնասպանությունների շարքով, որոնց դեռեւս իշխանությունները պատշաճ կերպով չեն արձագանքել։ Հասարակությունը շատ լարված է, պահանջում է գտնել եւ պատժել մեղավորներին, քայլեր ձեռնարկել բանակի առողջացման ուղղությամբ։ Որպես ուժային փակ համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող մարդ, որը նաեւ մեր նոր սերնդի գեներալներից է, կարո՞ղ եք Ձեր տեսանկյունը ներկայացնել՝ այսօրվա իրավիճակի պատճառների ու լուծման հնարավոր տարբերակների մասին։

Նախ՝ թույլ տվեք մի խնդրանքով դիմել բոլորին, ովքեր այսօր հրապարակային խոսքի հնարավորություն ունեն։ Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ եւ խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ։ Որքան էլ մեծ լինի զգացմունքայնությունը, որքան էլ ծանր լինի վիշտը, ես բոլորին կոչ եմ անում, խնդրում եմ՝ հրապարակային խոսքում տուրք չտալ զգացմունքներին։ Առավել եւս՝ կոչ եմ անում՝ որեւէ նեղ անձնական կամ քաղաքական շահի համար չօգտագործել այս թեման։ Ցավոք, նման միտումներ նկատվում են։ Դա ոչ միայն բարոյական չէ, այլեւ՝ ուղղակիորեն առնչվում է մեր պետության անվտանգությանը։ Պատճառների մասին. հասկանալի է, որ հրապարակային խոսքի ձեւաչափն ինձ թույլ չի տալիս բաց խոսել որոշ հանգամանքների մասին։ Վստահ եմ, որ բանակի ղեկավարությունը տիրապետում է խնդրին եւ կանի ամեն ինչ։

Միաժամանակ կցանկանայի նշել այն գլխավոր հանգամանքը, որը պայմանավորում է ներբանակային զարգացումները։ Դա երկրում ստեղծված մթնոլորտն է։ Ասում են՝ բանակը հասարակության հայելին է, բանակում տիրող մթնոլորտն էլ հայելանման արտահայտությունն է հասարակության ներսում տիրող մթնոլորտի։

Ճամբարների կիսված, պառակտված, անընդհատ ներքին թշնամիներ փնտրող, արհեստականորեն «հնի» ու «նորի» բաժանվող հասարակության ներքին մթնոլորտը շատ արագ տեղ է գտնում բոլոր համակարգերում, այդ թվում՝ բանակում։ Միանգամայն հասկանալի ու արդարացի է հանրության կտրուկ պահանջը՝ գտնել եւ պատժել մեղավորներին։ Միեւնույն ժամանակ՝ խիստ վտանգավոր եւ անկանխատեսելի կարող է լինել՝ հանրային ցասման այս մեծ ալիքն ուղղելը դեպի բանակի հրամկազմ, սպաներ եւ ենթասպաներ՝ առանց պատշաճ եւ սթափ հետաքննության։ Մենք ունենք կայացած սպայակազմ, որոնց թվում մեծամասնություն են կազմում բարձր պրոֆեսիոնալները, իրական հայրենասերները։ Խնդիրները պետք է ուսումնասիրել՝ հնարավորինս խուսափելով ընդհանրացումներից եւ ծայրահեղացումից։ Անզգույշ գործելով՝ կարող ենք շատ վնասներ տալ՝ այս պահին մարդկանց հանգստացնելու համար։

Ինչպե՞ս է այդ մթնոլորտը հասնում բանակ։

Բացի մարդկային ու լրատվական պարզ խողովակները, կան նաեւ մթնոլորտից ծնված գործողություններ, որոնք ուղղակիորեն ազդում են ներբանակային կյանքի ու հարաբերությունների վրա։ Բանակը ինստիտուցիոնալ հիշողությամբ, մշտապես կատարելագործվող համակարգ է, որտեղ փորձը եւ մոդեռնիզացիան միասնական եւ փոխլրացնող սկզբունքներ են։ Կարող եմ նշել որոշակի օրինակներ, որոնք, թվում է, թե բանակից դուրս՝ հանրային կյանքում են ընթանում, սակայն ուղղակիորեն ներգործում են ներբանակային մթնոլորտի վրա։

Վստահաբար, ներբանակային մթնոլորտի վրա վատ է անդրադառնում ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործունեությունը։ Իրական հրամանատարները, լուրջ կադրային սպաներ՝ իրենց լուրջ կենսագրությամբ, այսօր պարտադրված են՝ հաշվետու լինել բանակից, զինված ուժերից պատկերացում չունեցողների առջեւ։ Սա եւս բանակի ներքին բարոյալքման դանդաղ գործողության ռումբ է։ Կան համակարգեր, որոնց ախտորոշումն ու բուժումը պետք է արվեն՝ առավելագույնս խուսափելով սոցցանցային միջամտություններից։ Լուրջ, համակարգային հիվանդությունները բուժում են նեղ մասնագետների միջոցով, եւ ոչ՝ ժողովրդական բժշկության։ Քաղհասարակության ներկայացուցիչների հետ, մարդու իրավունքների ոլորտի մասնագետների հետ ներբանակային մթնոլորտի առողջացման ուղղությամբ անընդհատ ու նպատակային աշխատանք պետք է տարվի, բայց՝ ամեն կերպ խուսափելով էժան սոցցանցային ներգրավումից։

Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է։ Հաջորդը. չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ՝ մտնել զորամասեր, եթե նույնիսկ նրանք այսօր նախարար ու պատգամավոր են։ Իրական հրամանատարների, սպայական տարբեր օղակների համար ծայրահեղ դժվար է, երբ զորքի դիմաց կանգնում են բանակից խուսափածները եւ հերոսության ու հայրենիքին ծառայելու կոչեր անում, դասեր տալիս։ Նման բաներ եղել են նաեւ նախկինում, եւ իմ վերաբերմունքը դրա հանդեպ միշտ բացասական է։ Բանակն անձնական PR-ի համար երբեք չի կարելի ծառայեցնել։

Հաջորդ կարեւորագույն պահը. չի՛ կարելի արժեզրկել եւ ուղղորդված արշավ տանել Արցախի գեներալների դեմ, նրանց անվան շուրջ դավադրության տեսություններ հորինել: Պատերազմ հաղթած, խաղաղություն ապահոված, լուրջ կենսագրություն ունեցող անհատներ են նրանցից շատերը, իրական հեղինակություն են վայելում՝ իրական զորքում, իրական զորամասում։ Երբ կոտրում ես այդ հեղինակության ինստիտուտը, առաջանում է սողացող անկառավարելիության վիճակ։ Սա շատ կարեւոր է հասկանալ։ Այդպես է բոլոր բանակներում: (Իհարկե բոլոր ոլորտներում, այդ թվում` բանակում, միշտ էլ եղել են եւ կլինեն անբարեխիղճ կադրեր, սակայն չի կարելի մասնավոր մեկ-երկու դեպքերը ընդհանրացնել ամբողջ համակարգի համար, առավել եւս, երբ խոսքը գնում է մեր բանակի նման կայացած կառույցի մասին)։ Եվ վերջապես՝ ամենացավոտը. չի՛ կարելի սեպ խրել Հայաստանի եւ Արցախի մեջ. դա միմիայն մեր հակառակորդի երազանքն է։

Այսօր ուս ուսի Հայաստանի եւ Արցախի բոլոր ծայրերից զինվորներն ու սպաները ապահովում են մեր խաղաղությունը։ Դա մեր ընդհանուր անվտանգության գրավականն է, եւ սա պարզապես բառեր չեն։ Նորից եմ հորդորում՝ իսկապես շատ զգույշ լինել ցանկացած հրապարակային ձեւակերպման մեջ։ Անձնական ողբերգություններ են ամեն դեպքի հետեւում, բայց նաեւ՝ ընդհանուր մի խնդիր, որը պետք է հասկանալ՝ առանց խուսափելու ճշմարտությունից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: