|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում հայտարարել է, որ ապրիլի 1-ից փոխում են քաղաքական գործելաոճը, և այսուհետ խստագույնս պետք է պահպանեն ՔՊ էթիկայի և վարքականոնի սկզբունքները։
Վարչապետը նաև հանձնարարել է թիմակիցներին որևէ պարագայում չթիրախավորել քաղաքական ընդդիմախոսներին, լրագրողներին և քննադատներին, խուսափել վիրավորական և անհարգալից ձևակերպումներից և քարոզարշավին ընդառաջ հանդես գալ առավել զուսպ ու քաղաքակիրթ վարքով։ Քարոզարշավը նախատեսվում է մեկնարկել մայիսի 7-ից։
ՔՊ ներսում նման մոտեցման ձևավորումը, ըստ քաղաքական շրջանակների, պայմանավորված է վերջին շրջանում արձանագրված հասարակական վերաբերմունքով և մի շարք աղմկահարույց միջադեպերով։ Մասնավորապես, հանրային քննարկումների առարկա էր դարձել դեպքը, երբ եկեղեցում երիտասարդների մի խումբ անհանդուրժողական վերաբերմունք էր ցուցաբերել վարչապետի նկատմամբ, ինչպես նաև միջադեպը, երբ մի երիտասարդ թքել է վարչապետի կորտեժի ուղղությամբ, ինչից հետո ձերբակալվել է։
Կուսակցության ներսում համոզմունք է ձևավորվել, որ ընտրական փուլ մտնելու նախաշեմին անհրաժեշտ է նվազեցնել բևեռացվածության մակարդակը և քաղաքական գործընթացները տեղափոխել առավել կոռեկտ ու ինստիտուցիոնալ դաշտ (Կ)»։