կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-03 22:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այստեղ պատի ծեփը թափած է՝ փակել, անտեղ դուռը ճռռում է՝ ջարդել․ այսօր արդեն դուք եք մեղավոր, որ լավ չի աշխատում․ Գագիկ Գինոսյան

Հենց տեսնում են ինչ-որ օրգան լավ չի աշխատում՝ կտրել, դեն նետել, այստեղ պատի ծեփը թափած է՝ փակել, անտեղ դուռը ճռռում է՝ ջարդել․․․այդպես չի կարելի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։

Նա հիշեցրեց, որ գոյություն ունի «քաղաքացի» և «տնվոր» հասկացություն․ «Եթե ես ձեր տան տնվորն եմ՝ գալիս, ասում եմ՝ ես այսքան փող եմ ձեզ տալիս, այստեղ դուռը ճռռում է, այստեղից փչում է, բայց եթե ես ինձ տեր եմ կարծում, ես ոչ մի քամահրանք ոչ մեկին չունեմ  ներկայացնելու՝ լույսն էլ ես պիտի նորոգեմ, դուռն էլ ես պիտի սարքեմ, եթե այսօր գումարս թեկուզ չբավականացնի՝ մի ծածկոցով կփակեմ, ձմեռը կանցնի, գարունը գումար կճարեմ․․․ բայց ոչ թե դուռը հանեմ, պոկեմ, նետեմ, ասեմ՝ դուռը լավ չի փակվում։ Քաղաքացու, տիրոջ հոգեբանություն է պետք, որ երկիրը կառուցվի»։

Գագիկ Գինոսյանը սա հիշեցրեց այն ենթատեքստում, որ եթե հայոց լեզուն լավ չի դասավանդվում՝ որոշում են հանել բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներից, ծննդատանը վիրահատարան չկա՝ փակում են ծննդատունը, Շիրակի «Գյումրի» հեռուստաընկերությունը պետությունից բավարար ֆինանսավորում չի ստանում՝ ֆինանսավորումն ավելացնելու փոխարեն փակում են հեռուստաընկերությունը։

«Ընդ որում, դուք պարտավորություն եք վերցրել պետության նկատմամբ․ նշանակում է՝ այսօր արդեն դուք եք մեղավոր, որ լավ չի աշխատում՝ անկախ նրանից, թե ինչ եք ժառանգություն ստացել։ Բա այդպես է, այդպես հեշտ չի երկիր ղեկավարել։ Այսինքն, եթե դուք պարտավորություն եք վերցրել, ասեք՝ գիտենք, որ վիրահատարանի խնդիր կա, մենք գիտակցում ենք, բայց ամեն ինչ անում ենք, որ ձեր վիրահատարանի համար լավ սարքավորում բերենք և որակյալ բժիշկ ուղարկենք, որ ձեր ծննդատունը աշխատի։ Թե չէ՝ լավ չի աշխատում՝ փակել․․․ վերջում ի՞նչ է մնալու, Մարգարյան ծննդատո՞ւնը, Ալավերդուց բերելու են Մարգարյան ծննդատո՞ւն»,-տարակուսեց նա։

Նա հարց ուղղեց պատասխանատուներին․ «Կներեք, ո՞ւմ մեղքն է, որ վիրահատարան չկա, այդ երեխայի՞, որ պիտի ծնվի, ինքը մեղավո՞ր է, որ վիրահատարան չկա։ Բա դու վերցրել ես պարտավորություն երկրի համար, այդ մի վիրահատարանի համար, որ 20-ից մեկն է վիրահատությամբ ծնվում, հիվանդանոցը փակեք և ստիպեք երկունքի ցավերի մեջ կնոջը 50 կմ, 70 կմ ջարդուփշուր եղած ճանապարհով հասնել ուրիշ բնակավա՞յր»։

Գագիկ Գինոսյանն ընդգծեց, որ պետք է ամեն ինչ անել, որ հայ մանչուկը չամաչի իր լեզվի, իր ինքնության համար։ ՄԻնչդեռ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծով հայոց լեզվի դերը նսեմացվում է։

«Աշխարհի 1/3-ը անգլերեն է խոսում, բայց ամերիկյան կառավարությունը միլիարդներ է ծախսում անգլախոսների ակումբներ ստեղծելու համար։ Ի՞նչ է ֆրանկոֆոնիան՝ ինտերվենցիա․ լուրջ գումարներ է ներդնում Ֆրանսիան իր լեզուն տարածելու և իր լեզվի միջոցով իր ազդեցությունը տարածելու համար տարբեր երկրներում։ Նրանք հարձակվում են, մենք փախուստի՞ ենք դիմում։ Փոխարեն դրան զուգակշիռ մեր լեզուն ավելի հզորացնենք, որ մեր լեզուն լինի գեիրիշխող ինչու ոչ նաև այլ երկրներում»,-ասաց Գագիկ Գինոսյանը։

Նա հիշեցրեց, որ 1969 թ-ին եվրոպական պետություններից մեկն առաջարկել էր Հայոց լեզուն դարձնել միջազգային գիտական լեզու՝ հաշվի առնելով հայերենի ճկունությունը․ «Որովհետև, ասենք, «Կոսմոս» բառը, որ ֆրանսերեն է՝ ռուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն դարձյալ «Կոսմոս» է և միայն հայը ունի իր լեզվով համարժեքը, նույնը՝ համակարգիչ, կրիչ և այլն։ Բոլորը կողմ  էին և միայն երկու պետություն դեմ դուրս եկավ՝ Թուրքիան և Սովետական Միությունը»։

Ամենը հաշվի առնելով՝ Գինոսյանի համոզմամբ, պետք է փորձենք մեր մշակույթի, մեր լեզվի, գիտության միջոցով, տարբեր ոլորտների, որտեղ մենք ասելիք ունենք՝ դրանց միջոցով մեր լեզուն տարածել։

«Գագիկ 1-ին Բագրատունին, երբ դարձավ արքա, գիտության, մշակույթի զարգացման հետ հրովարտակ արձակեց նաև թարգմանչական արվեստի զարգացման։ Չէր ստիպում, որ իր երկրացիները իմանան այլ լեզուներ, հակառակը՝ թարգմանիչներ էր բերում, որ այդ ամբողջ գանձերը հասանելի դարձնեն իր լեզվով»,-պատմեց նա։

Հայոց լեզվի դերը նվազեցնելու որոշումները նպաստում են, որ թերարժեքության կոմպլեքսի ձևավորմանը՝ մտահոգություն հայտնեց Գագիկ Գինոսյանը․ «Երբ ասում ենք՝ հայոց լեզուն գիտության, կրթության, դիվանագիտության լեզու չէ, ստացվում է՝ հայոց լեզուն տանը խոհանոցում բամբասելու և շուկայում առևտրի լեզու է․․․ հետո ես ո՞նց երեխային դուրս բերեմ թերարժեքության կոմպլեքսից։ Որովհետև եթե դու ամաչես քո լեզվից, կսկսես ամաչել նաև քո ինքնությունից, քո ազգային պատկանելությունից»։

Պարը, մշակույթը, լեզուն հայ մարդու ինքնության առանցքն է՝ ընդգծեց Գագիկ Գինոսյանը․ «Վատ է, որ դպրոցում վատ է դասավանդվում և համալսարանում կրկնություն է․․․ բայց նույնն է, որ ձեռքս լավ չի աշխատում՝ հատել, հատել, դեն նետել»։

Նա պատմեց դեռ խորհրդային ժամանակաշրջանի մի ասք․ «Աղախինը վազելով գալիս է տանտիրուրուհու մոտ՝ Սանկտ Պետերբուրգում, ասում է՝ տիրուհի՛, տիրուհի՛, քո հոր երազանքը կատարվեց՝ հեղափոխություն է։ Ասում է՝ և ի՞նչ են ուզում հեղափոխականները։ Ասում է՝ ուզում են, որ այլևս երկրում չլինեն հարուստներ։ Ասում է՝ ապուշ, իմ հայրը ուզում էր, որ երկրում չլինեն աղքատներ»։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․