կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-09 21:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ ազգը պատրաստ չէ խաղաղության, որովհետև խաղաղությունը նսեմ չի լինում․ Գագիկ Գինոսյան

Իմ ազգը պատրաստ չէ խաղաղության, որովհետև խաղաղությունը նսեմ չի լինում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից, ազատամարտում Լեոնիդ Ազգալդյանի «Ազատագրական բանակ» ջոկատի մարտիկ, 1992 թվականից՝ «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի անդամ, հասարակական, մշակութային գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը։

«Թուրքի հետ խաղաղության մասին խոսելը նույնն է, թե ինքնախաբեությամբ զբաղվել։ Իսկ ով հասկանում է, թե թուրքը ինչ քաղաքականություն է վարում և շարունակում է խոսել՝ դա ազգի դեմ դավադրություն է»,-ասաց Գագիկ Գինոսյանը։

Նա այս երևույթը երկու «Տ»-երի սինդրոմ է կոչում՝ կա՛մ տականք, կա՛մ տգետ․ եթե չտեսնելով ես խոսում՝ տգիտություն է, իսկ եթե տեսնում ես ու շարունակում նույնը խոսել, ուրեմն դու տականք ես։

Կապիտուլյացիոն համաձայնագրի կնքումից մեկ տարի անցել է․ Գագիկ Գինոսյանը չի տեսնում ոչ մի ռեալ փոփոխություն բանակում, ոչ մի ռեալ փոփոխություն գաղափարախոսության մեջ, այլ նույնիսկ բոլորովին հակառակ մոտեցում։

«2016 թ-ի քառօրյայից հետո մենք աղաղակում էինք մոբիլիզացիոն համակարգի ապիկարության, բանակի բազում պրոբլեմների մասին, Կարեն Վարդանյանը դեռ 2015 թ-ին էր գոռում անօդաչու թռչող սարքերի բանակ ստեղծելու մասին, այդքանից հետո 2020 թ-ի սեպտեմբերյան 44-օրյա պատերազմի առջև կանգնել, կարծում եմ, իշխանությունների նույնիսկ ապիկարությունն էլ չէ՝ սա ազգին գիտակցված կործանման տանելու ճանապարհ է»,-ասաց նա։

Նա չի նկատում սերունդ դաստիարակելու կամք, վճիռ, չի տեսնում տնտեսություն, որը պատրաստ է ռազմական ռելսերի անցնել, եթե կրկին անհրաժեշտություն լինի կամավորագրվելու, և չի տեսնում վճիռ՝ սահմանը պաշտպանված դարձնելու։

«Իմ մեղքն է, որ իմ գիտությունը դեռ ի զորու չէ ռազմական արդյունաբերություն ստեղծելու, որովհետև դա է այսօր հայի լինելիության հիմքը։ Մեկ տարվա մեջ ոչինչ չփոխվեց․ դուք տեսե՞լ եք ռազմաարդյունաբերության մեջ հաջողություններ, տեսե՞լ եք նոր զինատեսակների մասին հայտարարություններ, ես չեմ տեսել, դուք լսե՞լ եք քաղաքացիական պաշտպանության պատասխանատուների կամ երկրի գլխավոր դերակատարների շուրթերից՝ եթե Երևանի երկնքում հայտնվի անօդաչու թռչող սարք՝ մենք ինչպե՞ս վարվենք։ Մենք հասկանում ենք, որ 5000 տղաներից առնվազն 4500-ը զոհվել է անօդաչուների հետևանքով, ու այնպես չէ, որ իրենց արտադրությունը կանգնել է, վաղը որ Երևանում հայտնվի անօդաչու թռչող սարք՝ ինչպե՞ս վարվի քաղաքացին, որևէ մեկն ասե՞լ է ինչ կերպ կարելի է պաշտպանվել ԱԹՍ-ներից մեկ տարի անց, էլ չեմ ասում, որ մեկ տարի անց նույնիսկ կանայք պետք է զենքից օգտվել սովորած լինեին»,-ասաց Գագիկ Գինոսյանը։

Նա հիմա գրում է իր առաջին գիրքը՝ «Պարի ավետարան»։ Կոմիտասի, այնուհետև Սրբուհի Լիսիցյանի գրառած պարերից մինչև իր սեփական գրառածները Գագիկ Գինոսյանը ի մի է բերում մի ժողովածուում։

«Հիմնական իմաստն այն է, որ խորհրդային և հետխորհրդային տարիներին պարը դարձել է մարմնի ֆետիշացման բնագավառ․ նա, ով լավ պլաստիկա ունի, բարձր թռչում է, գլուխկոնծի է տալիս, մանավանդ եթե ռիթմի զգացողությունն էլ է լավը, ուրեմն ինքը ամենալավ պարողն է։ Բայց պարը, նախ և առաջ որպես մշակույթ, հոգի է և հետո նոր մարմին։ Եվ եթե մարմինը պետք է, ապա դա հոգու ինքնաարտահայտման բոլոր հարստությունները, հոգու ճախրանքը դրսևորելու համար է, ոչ թե մարմինը թռցնելու։ Եվ եթե մենք կոթողի հետ համեմատենք, ապա մաիմինը պատվանդանն է, որի վրա պետք է հառնի մի հրաշագեղ կոթող, որի անունն է հոգի»,-ասաց Գագիկ Գինոսյանը։

Մարդիկ, ովքեր իրենց աշխարհաքաղաքացի են համարում և մերժում են հայրենիքը, նրա համար անհասկանալի և անընդունելի են․ աշխարհաքաղաքացի եմ՝ ասելը, նրա համար նույնն է թե ասեն՝ բոլոր տղամարդիկ իմ հայրերն են, բոլոր կանայք իմ մայրերը, այնինչ, հարգելով մյուս բոլոր տղամարդկանց ու կանանց, մարդը կոնկրետ հայր ունի և կոնկրետ մայր։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․