Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վստահ, պետք է օր առաջ սթափվել եւ տեր կանգնել մեր մշակութին, որովհետեւ վաղը ունենալու ենք հակառակ ընթացք: Էլ չեմ խոսում տնտեսության մասին, որը շատ ողբերգական անդրադարձ է ունենալու: Ոլորտներ կան, որոնք իսպառ ոչնչանում են, ինչն անթույլատրելի է»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, բանահավաք ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆՆ անդրադառնալով համավարակով պայմանավորված արտակարգ դրության հետեւանքներին, շեշտեց. «Եթե խնդիրը լուծելի չէ, ապա փորձիր այդ խնդրի հետ ապրել, բայց ոչ տապալել տնտեսությունը, հատկապես՝ մշակույթը, որը մեր հոգեւոր նկարագիրն է, մեր ինքնության գիտակցումը»:
Անդրադառնալով արվեստի ներկայացուցիչների այն դժգոհություններին, թե այնպիսի տպավորություն է, որ հենց մշակույթի գործիչներն են վիրուսը տարածողները, քանի որ մշակույթն արտակարգ դրության ընթացքում մատնվել է պարապուրդի, Գ. Գինոսյանը կես կատակ, կես լուրջ ասաց. «Ազգագրագետ Արուսյակ Սահակյանն իմ մասին ասում է, դու քայլող վիրուս ես, որտեղ ընկար, այնտեղ պար ես ստեղծում: Այո, այդ տեսանկյունից մենք վիրուս ենք, շատ ավելի վատ, քան՝ կորոնավիրուսն է, եւ մեր ձեռից պրծում չկա: Մենք տարածում ենք հայ լինելու վիրուսը, ազգային ինքնության վիրուսը: Տարածում ենք մի վիրուս, որը կոչվում է արժանապատիվ հայ, եւ ով մի քայլից ավելի մեզ մոտ կանգնեց, նա դատապարտված է այդ վիրուսը կրելու: Այնպես որ, երեւի թե ճիշտ է մեզնից զգուշանալ»:
Ըստ Գ. Գինոսյանի, Արտակարգ դրության ժամանակ ԱԺ-ի մի շարք հապճեպ ընդունած օրենքները՝ Գույքահարկի մասին օրենքը, Լանզարոտեի կոնվենցիան այսօրեական ու առաջնային չէին. «Ո՛չ Լանզարոտեի կոնվենցիան էր պետք ընդունել, ո՛չ էլ գույքահարկի, այլ պետք է օրենսդրական նախաձեռնություններ ստեղծել՝ ինքնաբավ երկիր դառնալու համար: Ես քաղաքական գործիչ չեմ, ԱԺ ում չեմ եղել եւ չեմ էլ պատրաստվում լինել եւ որոշում կայացնողներից չեմ՝ գործ անողներից եմ: Կորոնավիրուսը մարտահրավեր նետեց մեզ, եկավ ասելու, որ Հայաստանը պիտի դառնա ինքնաբավ երկիր: Երբ սահմանները փակված են, երբ ունես գրեթե կիսով չափ պարապուրդի ենթարկված հողեր եւ գյուղատնտեսություն, սկսած նախորդ իշխանություններից՝ առաջին նախագահից մինչեւ վերջին նախագահը, ունենք ոչնչացված տնտեսություն, որը վերականգնել է պետք: Մենք այսօր կանգնած ենք ինքնաբավ լինելու շատ ավելի զորեղ մարտահրավերի առաջ, քան թե կորոնավիրուսի, որովհետեւ սա համաշխարհային թատրոն է: Վստահաբար, հիվանդությունը կա, բայց սա ավելի քաղաքականացված հիվանդություն է, որն ունի մարդկանց սթրեսի ենթարկելու ցանկություն: Ինչ ուզում է լինի, կորոնան էլ ավարտվի, 2-3 տարուց հետո նոր հեքիաթներ են լինելու: Իհարկե, մի բան կհորինեն, որ հավատանք վիրուսի գոյությանը, բայց ինչպիսին լինել, որ վաղվա հեքիաթը վերջնականորեն չտապալի»:
Գ. Գինոսյանի դիտարկմամբ, մինչեւ արժեհամակարգային հեղափոխություն չլինի, մնացած հեղափոխությունները չիբան ծածկելու պրոցես է. «Մենք չունենք տեսլական, թե ինչ մարտահրավերներ կարող են լինել Հայաստանի դեմ: Անկախության բոլոր տարիներին որեւէ իշխանությունների ժամանակ, որեւէ կուսակցության, քաղաքական ուժի, հասարակական գործիչների կողմից քաղաքացու խնդիր չի բարձրացվել: Որեւէ մեկն իր նախընտրական ծրագրում չի ասել, որ մենք պիտի կերտենք այսպիսի քաղաքացի: Մեծ նախագծեր են անում, որ մեր երկիրը պետք է լինի այսպես, կամ այնպես, իսկ ո՞վ պիտի անի, երեկվա կաշառակե՞րը, որ այսօր էլ պաշտոնի է, երեկվա ոստիկա՞նը, որ ծեծում էր ինձ ու քեզ ու այսօր էլ էլի ծեծելու է… Վերջերս, ԱԺ-ում մեկն ասում է՝ մեզ հայրենասեր մասնագետներ պետք չեն, մեզ պրոֆեսիոնալներ են պետք: Իսկ ինչո՞ւ եք այդ երկու հատկությունը հակադրում, դրանք համադրելու հատկություններ են, մարդը պիտի լինի ե՛ւ պրոֆեսիոնալ, ե՛ւ հայրենասեր: Իշխանական որեւէ կառույցում, որեւէ մեկը, եթե հայրենասեր չէ եւ իր գրպանի կամ պարգեւավճարի համար է աշխատում, այդ մարդը չի կարող երկիր կառուցել, չի կարող հզոր պետականություն ստեղծել: Երկրի ապագան մտածող հայի ուսերին է, ոչ թե պարգեւավճար ստացողի»:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.