կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-13 10:01
Աշխարհ

ՆԱՍԱ-ն տիեզերագնացներ է փնտրում՝ Լուսին և Մարս թռիչքների համար

ՆԱՍԱ-ն տիեզերագնացներ է փնտրում՝ Լուսին և Մարս թռիչքների համար

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) հայտարարել է Artemis ծրագրի շրջանակում Լուսին և Մարս մոլորակներ թռիչքների համար տիեզերագնացների  նոր խումբ հավաքելու մասին. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է Hightech-ը:

Նշվում է, որ գործակալությունը ծրագրին մասնակցելու համար հայտեր կընդունի: Ըստ ծրագրի՝ նախատեսվում է Լուսին և Մարս մարդկանց ուղարկել 2020 թվականի մարտի 2-31-ը: NASA-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահին ԱՄՆ-ն ունի 48 գործող տիեզերագնացներ, որոնք պարբերաբար այցելում են ՄՏԿ, սակայն գործակալությանն ավելի շատ մարդիկ են պետք՝ տիեզերանավերը ղեկավարելու համար:

Ծրագրին մասնակցելու համար թեկնածուները պետք է լինեն ԱՄՆ քաղաքացի և գիտության, տեխնիկայի, ինժեներիայի կամ մաթեմատիկայի ոլորտներում մագիստրոսի դիպլոմ ունենան: Որպես այլընտրանք NASA-ն նշում է բժշկական գիտությունների դոկտորի կոչումը:

Միևնույն ժամանակ ապագա տիեզերագնացները պետք է ունենան նաև առնվազն հազար ժամ թռիչքի փորձ որպես ռեակտիվ օդանավի հրամանատար կամ երկու տարվա փորձ հարակից ոլորտում: 

Artemis ծրագիրը, որը NASA-ն ներկայացրել է 2019 թվականին, կազմված կլինի երեք փուլից:

Առաջինը՝ Artemis 1-ը, նախատեսում է 2020 թվականին Լուսնի շուրջ SLS  հրթիռի վրա տեղադրված Orion տիեզերանավի անօդաչու թռիչք և նրա վերադարձ Երկիր:

Երկրորդ փուլը՝ Artemis 2, Երկրի բնական արբանյակի շուրջ թռիչք է անձնակազմով, նախատեսված է 2022 թվականին:

Երրորդ փուլում՝ Artemis 3, NASA-ն հույս ունի Լուսնի վրա տիեզերագնացների վայրէջք իրականացնել 2024 թվականին ու նրանց Մարս ուղարկել 2030-ական թվականներին: